ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի սաները Գրան Պրի մրցանակակիրներ

Հունիսի 19, 2019
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը և Գառնիկ Ավագյանը մանկավարժներ Արտաշես Գրիգորյանի և Հռիփսիմե Մինասյանի գլխավորությամբ հունիսի 7-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք՝ մասնակցելու Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Super star-2019» երգի միջազգային և «Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave 2019»  մրցույթներին: Վերջինս նվիրված էր խաղաղության, ընկերության և սիրո արժեքներին:

Մասնակցության նպատակն էր ներկայացնել երգարվեստի խմբակի սաների կարողությունները, նպաստել նրանց մասնագիտական և կատարողական ունակությունների զարգացմանը, երգարվեստի միջոցով ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին և ներկայացնել սեփականը, մասնակիցների մոտ խթանել միջազգային մրցույթներին մասնակցելու և հաղթանակի հասնելու ձգտում:

Մրցույթներին մասնակցում էին շուրջ 370 դեռահաս՝ Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից, Իսրայելից,  Հունաստանից և Լատվիայից:

Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին մասնակից երկրներից հրավիրված արվեստի տարբեր բնագավառի ներկայացուցիչներ: «Super star-2019» երգի միջազգային մրցույթը նախագահում էր Հայաստանից վաստակաշատ մանկավարժ, երգարվեստի ոլորտում մեծ ներդրում ունեցող Սաթիկ Վարդանյանը:

Հարկ է նշել, որ «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Սարգիս Հակոբյանը և Ալեն Հարությունյանը մասնակցել են մրցույթներին, որպես նաև Գյումրու «Խաչատուր Ավետիսյան»-ի անվան թիվ 7 երաժշտական դպրոցի սաներ:

 «Super star-2019» երգի միջազգային մրցույթում թեժ պայքարի արդյունքում անաչառ ու խստապահանջ ժյուրիի կողմից «Ընտանիք» կենտրոնի խմբավար Արևիկ Թանաշեանի /ԿԱՀԱ-ի վաստակավոր արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, «Անահիտ» ոսկե շքանշանակիր, 6 եվրոպական երկրների Գրան Պրի մրցանակակիր/ սաներն արժանացել են՝

Կարինե Տիգրանյանը «Էստրադային վոկալ» անվանակարգում Գրան Պրի մրցանակի,

Ալեն Հարությունյանը 1-ին տարիքային խմբում և Նորայր Հակոբյանը 2-րդ տարիքային խմբում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում Գրան Պրի մրցանակների,

Գառնիկ Ավագյանը «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման,

Սարգիս Հակոբյանը «Ակադեմիական վոկալ» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման,

Կարինե Տիգրանյանը և Նորայր Հակոբյանը «Դասական դուետ» անվանակարգում 1-ին կարգի դափնեկրի կոչման:

«Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave 2019»  մրցույթում ևս գյումրեցի պատանիները գրանցել են փայլուն հաղթանակներ՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականները 5 տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում: Երկու մրցույթների արդյունքում շնորհալի սաներն  արժանանացել են  դիպլոմների, ոսկե մեդալների և գավաթների:

«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին ԿԱՀԱ-ի հիմնադիր նախագահ Արման Ղուկասյանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարարվեստի համաշխարհային խորհրդի Վրաստանի մասնաճյուղի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլիին՝ համագործակցության և սաներին միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորության  ընձեռման համար։

Հարկ է նշել, որ մասնակիցները փառատոնների շրջանակում վարպետության դասեր են առել երգարվեստի բնագավառում կայացած, հարուստ կենսափորձ ունեցող և բանիմաց օտարազգի մասնագետներից, շրջայց կատարել Բաթումիի տեսարժան վայրերով:

Հ. Սարգսյան