ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Բնության տարրերն արվեստում» խորագրով ցուցահանդես Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Հոկտեմբերի 9, 2019
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 1-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Բնության տարրերն արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը շարունակվեց մինչև հոկտեմբերի 7-ը:

Միջոցառման նպատակն էր սաներին ոգեշնչել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստով, նպաստել հայ միջնադարյան մանրանկարչության արվեստի ճանաչմանը, կապ ստեղծել մշակութային օջախների և սաների միջև, դեռահասներին հաղորդակից դարձնել մշակութային կյանքին:

Պատանի «նկարիչները» հայ միջնադարյան և համաշխարհային գրականության առակագիրների ստեղծագործությունների հիման վրա ստեղծած մանրանկարչական և Ասլամազյան քույրերի արվեստի ոճով ստեղծած վիտրաժային աշխատանքների ցուցադրությանը պատրաստվել էին երկար: Մինչ ստեծագործելը մանրանկարչության խմբակի սաները ծանոթացել էին հայ միջնադարյան և համաշխարհային գրականության առակագիրներին, նրանց ստեղծագործություններին: Իսկ վիտրաժային նկարչության խմբակի սաներն աշխատանքներ ստեղծելու համար սեպտեմբերի 11-ին ուսուցողական այց կատարեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Ստեղծագործող պատանիներն ուսումնասիրեցին գյումրեցի նկարչուհիների գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները, նրանց արվեստով ոգեշնչված կատարեցին կրկնօրինակումներ և ոճավորված նատյուրմորտներ:

Ցուցադրությանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, Հայաստանի Գրողների Միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամներ Արա Արթյանը, Հակոբ Մուշը, արվեստագետներ, ծնողներ, սաներ: Ցուցահանդեսին ներկայացված էին 7-18 տարեկան սաների շուրջ 70 աշխատանք: Ներկաները տպավորված էին սաների ստեղծագործություններով, նրանք գնահատանքի խոսքեր և բարեմաղթանքներ ուղղեցին դեռահասներին և միջոցառման կազմակերպիչներին: Նշենք, որ ցուցադրությունը կշարունակվի նաև հոկտեմբերի 11-ին «Ընտանիք» կենտրոնում:

Վ. Շամամյան