ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենասիրության դաս

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

2020 թ․ հունվարի 29-ին և 30-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճում հայրենասիրության համազարկ էր, թնդում էր բանակաշինության պաթետիկ խոսքը, ժապավենի պես անցնում էր հայոց բանակի տարեգրությունը և ներկայացվում էր հայ զինվորի անպարտելի կերպարը: Բեմը վեր էր ածվել իսկական զորամասի, իսկական պատերազմի դաշտի և իսկական հաղթության բերկրանքի հոգեցունց ճարճատյունի հաջորդական միացման: Անթաքույց է, որ աշակերտների հոգուն հարազատ են դարձել մեր հայրենասիրական երգ ու պարը, մեր ազգային բանակի նիստուկացը: Ամեն ինչ այնքան սրտանց էր և այնպես ոգեղեն, որ դժվար էր գնահատել, որն է բեմում առաջնային` լիրիկան, թե՞ զինվորական մարտական ոգին: 4-րդ «բ» դասարանախումբը`դասվար Անահիտ Ալթունյանի հետ ապացուցեցին, որ հայրենասիրությունը ձևավորվում է հենց տարրական դպրոցում, իսկ 8-րդ «ա» դասարանախումբը` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծովինար Ղազարյանի ծրագրով ընդգծեց, որ հայրենասիրությունը փոխանցվում է մոր կաթի հետ, ձևավորվում մոր ծնկներին:

- Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ճիշտ է ու կարևոր, քանի որ հայ ժողովուրդը դրանում համոզվել է երիցս ու հպարտացել հատկապես Արցախյան պատերազմի հաղթական ելքով,- ահա այսպես բնութագրեց միջոցառումները դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանն իր պաշտոնական խոսքում, քաջալերեց աշակերտներին Հայկական բանակի 28-րդ տարեդարձին նվիրված գեղեցիկ միջոցառման ու հայրենասիրության դրսևորման համար, հորդորեց լավ սովորել ու բարձր գիտելիքներով զինվորագրվել փառապանծ բանակին:

Միջոցառումներին ներկա էին Կապանի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը,Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, բանակի սպաներ, վետերաններ, 97-րդ բրիգադի դեսանտագրոհային գումարտակի վետերաններ, մի շարք պատերազմի վետերաններ ու հաշմանդամներ, զինկոմիսարիատից սպաներ: Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանն իր խոսքի մեջ հարգանքի խոնարհում ուղղեց պատերազմում զոհված հայորդիներին, նրանց հարազատներին, շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցող աշակերտներին, նրանց ուսուցիչներին, օրվա խորհրդի,նկատմամբ հարգանք ցուցաբերած ներկա գտնվողներին և, ի դեմս դպրոցի շրջանավարտ նորակոչիկ զինվորների, խաղաղ երկինք մաղթեց բոլոր զինծառայողներին:

Օրվա խորհուրդն ու բովանդակությունը պատեհ էր ՆԶՊ առարկայի օլիմպիադայից տարածքային փուլի շեմը հաղթահարած և մարզային փուլին մասնակցելու և իրավունք ձեռք բերած 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի Նոննա Գագիկ Ավանեսյանին և 8-րդ «բ» դասարանի աշակետուհի Մարիամ Սևադայի Աբգարյանին, ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մանուչարյանի կողմից տրված պատվոգրերով պարգևատրելու և արարողակարգային պաշտոնականությունն առավել ոգևորեց ներկաներին:

Կապանի N 5 հիմնական դպրոց