ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում

Փետրվարի 3, 2020
Լուրեր կազմակերպություններից

«Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գո՛րծը շարունակեցեք»:
Մոնթե Մելքոնյան

Հունվարի 31-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին և ՀՀ ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում։

Հանդիսության պատվավոր հյուրերն էին Գյումրու կայազորի N զորամասի հրամանատարական կազմը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողների ծնողներ, արձակուրդում գտնվող ուսումնարանի զինծառայող սաներ։

Միջոցառման նպատակն էր արժևորել Հայոց բանակի դերը՝ որպես պետականության և անկախության պահպանման երաշխիք, նպաստել դեռահասների հայրենասիրական դաստիարակությանը, կարևորել հայրենիքի պաշպանության սրբազան գործը:

Ցերեկույթն ազդարարվեց ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերմամբ՝  զորամասի փողային նվագախմբի նվագակցությամբ:

Միջոցառման հանդիսավոր մասում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորեց Հայկական բանակի կազմավորման 28-ամյակը: Օրվա առիթով շնորհակալագիր հանձնվեց Գյումրու կայազորի N զորամասին, ի դեմս հրամանատար գնդապետ Մասիս Հովսեփյանի` ուսումնական հաստատության հետ համագործակցելու, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար: Պարգևատրվեցին նաև կրթօջախների ժամկետային զինծառայող սաները` հաստատության պատիվը բարձր պահելու, օրինակելի զինվորական կարգապահության և մասնագիտական պատրաստվածության համար:

Միջոցառման երկրորդ մասում հնչեցին հզոր և մարտունակ հայկական բանակին նվիրված բազմաթիվ շնորհավորանքներ, ներկայացվեց զինված ուժերի դերն ու կարևորությունը, ազատագրական պայքարի գաղափարական ջահակիր Մոնթե Մելքոնյանի հերոսական կերպարը` որպես հաղթանակների ու հաջողությունների անվիճելի գրավական։ Սաները հանդես եկան ոգեշունչ պարերի, հայրենասիրական երգերի խրոխտ կատարումներով:

«Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն ու պատիվ».-ահա այս պատրաստակամությամբ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և անվտանգության համար:

Երկու կրթամշակութային հաստատություններում հասակ առնող փոքրիկ «Մոնթեները» ծաղիկներ նվիրեցին ծառայության մեջ գտնվող սաների ծնողներին և երախտագիտության խոսքն հղեցին նրանց, որ ծնել ու սնել են քաջարի հայորդիներ, ովքեր ծառայում են հայրենիքին անմնացորդ նվիրումով ու վեհությամբ:

Միջոցառումը եզրափակվեց կենտրոնի պարարվեստի խմբակի սաների հաղթական «Բերդ» պարով` որպես Հայոց բանակի անսասանության և հայ ժողովրդի միասնության խորհրդանիշ:

Հ․Սարգսյան