Ստեղծված իրավիճակում ուսումնական տարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպումը
Ապրիլի 28, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ուղիղ եթերում ներկայացրել են, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակում:
Ուսումնական տարվա ամփոփում
- Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվում են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։ Դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնում են բաց թողնված դասերը։ Հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բաց թողնված դասերի լրացման պահանջ չի դրվում կամ դրվում է միայն բաց թողնված դասերի չափով։ «Քննարկում ենք, թե ինչ իրավիճակ է այժմ և նախատեսում ենք, որ հաջորդ ուստարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերի պահուստային օրեր: Քննարկում ենք նաև ուստարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը, բայց դա ևս կապված է մայիսի ամփոփումից: Արձանագրենք, որ հեռավար ուսուցմամբ մենք մայիս ամիսը փակում ենք, և էլեկտրոնային մատյանների տվյալներով կհասկանանք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել»,-ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
- Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը փոխադրվելու քննություններ չեն իրականացվելու:
- Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:
- Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:
Բուհերի ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքներ
- Բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրում է ուսումնական հաստատությունը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում: Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի 1-ը:
- Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը:
- Ըստ ընթացակարգի` մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը: Քանի որ այժմ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին: Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ` որպես մեկ միասնական գործընթաց: Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը:
- Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը:
- Ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ: Քննական կենտրոնները կգործեն ամբողջ հանրապետությունում` ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվն ըստ քննական սենյակների և կենտրոնների:
- Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է կազմակերպեն ընդունելությունը մեկ քննության միջոցով: Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:
Միջպետական ծրագրերով ընդունելություն
- Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի 2020-2021 թթ. ուսումնական տարվա մրցույթը կիրականացվի՝ ելնելով գործընկեր պետությունների հետ հստակեցումներից՝ դրանց անցկացման ժամանակի և ուսուցման հետագա կազմակերպման հնարավորությունների մասով: Ընդունելության պայմանների մասով նախատեսվում է, որ այդ ծրագրերով ընդունելությունը (բակալավրի (դիպլոմավորված մասնագետի), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի (օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) անցկացվում է այս ուսումնական տարում՝ ընդունելության կարգին համապատասխան, եթե տվյալ միջպետական համաձայնագրով այլ պայմաններ սահմանված կամ նախատեսված չեն:
Մագիստրատուրա և ասպիրանտուրա
- Մագիստրատուրայում ընդունելության ժամկետներն առաջարկվում է սահմանել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:
- Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացում առաջարկվում է կասեցնել ոչ մրցութային առարկաների` օտար լեզվի, ինֆորմատիկայի և տեղեկատվական հաղորդակցության հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը: Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:
Քոլեջներ և ուսումնարաններ
- Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում: Ամփոփումը կատարվում է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում: Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի հիման վրա: Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:
- Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով, նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Հայտերի ընդունումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Ոսկե մեդալի քննություններ և վերջին զանգ
- Ոսկե մեդալի քննություններ այս տարի չեն իրականացվելու. այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների։
- «Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը. երբ համավարակն այլևս խնդիր չլինի, և սահմանափակումներ չլինեն, մենք միասին որևէ օր կորոշենք և համատեղ կիրականացնենք Վերջին զանգի արարողությունը։ Նախարարություններն ու պաշտոնյաները ևս կմիանան ձեզ»,-ասել է ԿԳՄՍ նախարարը։ Արայիկ Հարությունյանը նաև ընդգծել է, որ արտակարգ դրության պայմաններում որևէ ոլորտում իդեալական աշխատանքային վիճակ լինել չի կարող, ուստի արվել է առավելագույնը ստեղծված իրավիճակում կրթական գործընթացի շարունակականություն ապահովելու և ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար:
Իրավական դաշտի համապատասխանեցում
- Վերոնշյալ բոլոր փոփոխությունները արտացոլող իրավական ակտերն այժմ վերջնականացվում են և առաջիկայում կհաստատվեն: Տեղեկացնենք նաև, որ բուհերի ընդունելության քննությունների հետ կապված լրացուցիչ պարզաբանում կլինի ապրիլի 30-ին, որի ընթացքում կհրապարակվի նաև ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը:
- Արտակարգ իրավիճակում ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում փոփոխություններ նախատեսելիս հաշվի է առնվել զորակոչի ժամկետներն անփոփոխ թողնելու հանգամանքը:
- Ուսումնական տարվա ավարտի և հաջորդ ուսումնական տարվա ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի heravar.armedu.am կայքում՝ առաջին էջում առանձնացված «Ավարտական և ընդունելության քննություններ» բաժնում՝ սկսած ապրիլի 28-ից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն