ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի գանձերը. Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի Եղիշե առաքյալի վանք

Հոկտեմբերի 27, 2020
Մշակութային լուրեր

Եղիշե առաքյալի վանքը (Ջրվշտիկ) հիմնադրվել է 5-րդ դարում արքա Վաչագան Բարեպաշտի կողմից: Գտնվում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս՝ սահմանի շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին: Վանական համալիրի տեղում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա անունով: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին:

Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։ Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը: Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխել Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խորը ձորի համանուն ջրվեժից: Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, գերեզմանատնից և օժանդակ այլ շինություններից, որոնք կառուցվել են դարերի ընթացքում /13-18-րդ դդ./: Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր:

Ժողովրդական ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում Ջրվշտիկ վանքի արևմտյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը համարում է Անահիտի գերեզմանը:

18-րդ դարում Ջրվշտիկ վանքը եղել է հայ ազգային ազատագրական պայքարի կենտրոններից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն