ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի գանձերը. Տպարաններ

Հոկտեմբերի 28, 2020
Մշակութային լուրեր

Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Այս տպարանում լույս է տեսել ավելի քան 20 գիրք։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։ Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար Հասան Ջալալյանը բողոքականներից գնել է տպարանը։ Կրթության հարգը իմացող առաջնորդը գումար է տրամադրել Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար՝ դրանք սեփական տպարանում վերահրատարակելու և տարածելու նպատակով։ Հասան Ջալալյանի անմիջական և հետևողական ղեկավարությամբ տպարանը գործել է կանոնավոր, Մոսկվայից ձեռք է բերել նոր տառատեսակներ ու տպագրական պարագաներ։ Թեմակալ առաջնորդը հանդես էր գալիս նաև որպես գրքերի տպագրության հովանավոր։ Այստեղ լույս են տեսել թարգմանական, գեղարվեստական գործեր։ 1854 թվականին տպարանը ղեկավարել է թեմակալ առաջնորդ Գևորգ եպսկոպոս Վեհապետյանը։ Նա շարունակել է տպարանի բարենորոգչությունը, ձեռք է բերել նոր տպագրական սարքեր ու տառատեսակներ, պատրաստել է գրաշար ու տպագրիչ վարպետներ։ Տպագրության գործի աշխուժացմանը նպաստել է թեմական, օրիորդաց, մասնավոր դպրոցների բացումը, որոնց աշակերտության համար անհրաժեշտ էին դասագրքերի ու ձեռնարկների բավականաչափ տպաքանակներ։ 1862-64 թթ. տպարանը վարձակալել է Մինաս Տարղլիճյանցը։ Հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն 1874 թվականին այստեղ է տպագրել իր «Հայկական աշխարհ» ամսագիրը։ Այս տպարանը գործել է մինչև 1902 թվականը՝ լույս ընծայելով բազմաթիվ աշխատություններ։

Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը գործել է իր տանը կից հատուկ շենքում, որտեղ աշխատում էին որդիները։ Ամենաշատ գրքեր՝ 54 անուն, տպագրվել են հենց այս տպարանում /1879-1905 թթ. /: Առաջին հրատարակությունը եղել է «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորը՝ Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Սեդրակյանի թարգմանությամբ։ Այստեղ իրենց աշխատանքային մկրտությունն են ստացել սրբագրիչ, հետագայում՝ պատմաբան Լեոն, Աբել Ապրեսյանը, Տիգրան Նազարյանը։ Այս տպարանում է 1881 թվականին լույս տեսել Րաֆֆու «Խենքը»։ Տպարանը գործել է մինչև 1905 թվականը՝ Շուշիի մեծ հրդեհը։

Մելքում Բաբաջանյանի տպարանը գործել է 1910-1919 թվականներին։ Այստեղ լույս են տեսել ոչ միայն մեկ տասնյակից ավելի գրքեր, այլև՝ պարբերականներ։ 1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, 3-ը՝ ռուսերեն: 1891 թվականին Շուշիում գործում էր 3 գրախանութ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն