ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Դեկտեմբերի 10, 2020
Պաշտոնական

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում անցկացվել է մամուլի ասուլիս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Սամվել Կարաբեկյանը մանրամասնել է, որ ասուլիսի նպատակն է վերջին օրերին մամուլում և հանրության շրջանում, մասնավորապես, ակադեմիական տիրույթում հնչեցված մի շարք մտահոգություններին պարզաբանումներ տալը: Բանախոսը ներկայացրել է նախագծի նախապատմությունը՝ ընդգծելով, որ դեռևս 2015 թ.-ից սկսած այն քննարկվել է հնարավոր հարթակներում, տարբեր շահառու խմբերի հետ և օրենքով սահմանված կարգով անցել բոլոր ընթացակարգերը: Արդյունքում ընդունվել են հնչեցված բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ: Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ մամուլում շրջանառվող այն թեզը, որ նախագիծն անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը պարունակում է որոշակի դիտավորություն, չի համապատասխանում իրականությանը: Ըստ բանախոսի՝ դա պարզապես թյուրըմբռնման արդյունք է, քանի որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր Կառավարությանը և խնդրել նախագիծը դիտարկել որպես անհետաձգելի՝ համակարգի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման նպատակով:

Լրագրողների դիտարկմանը, թե նախագծի անցումային դրույթներում սահմանված այն կետը, ըստ որի՝ մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, արդյոք չի սահմանափակում բուհերի ակադեմիական ինքնավարությունը և արդյոք չի քաղաքականացնում ուսումնական հաստատությունները, նախարարի խորհրդականն ասել է. «Բուհական ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը փոխկապակցված են, սակայն դրանք տարբեր հասկացություններ են: Գործող օրենսդրությամբ բուհերը բավականին ինքնավար են, սակայն այդ ինքնավարությունը երբեմն բավարար կերպով չի տարածվում հաստատության ներսում: Եվ այս խնդրի լուծման նպատակով օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում»:

Ռոբերտ Սուքիասյանը, լրացնելով իր գործընկերոջը, նշել է, որ օրենքի նախագիծը, իհարկե, ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, սակայն գործող օրենքի համեմատությամբ՝ այն մի քանի քայլ առաջ է:

«Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձ, սակայն դրանցից և ոչ մի մոդել չի տեղայնացվել. սա, ՀՀ բուհերի առանձնահատկություններով պայմանավորված, մեր երկրի համար մշակված օրենք է: Կարևորը որդեգրած քաղաքականությունն է՝ կառավարման առումով լիազոր մարմին-բուհ հավասարակշռության ապահովումը: Ակադեմիական ինքնավարության ցուցիչներից մեկը բուհի՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է, որն ամրագրված է նախագծում, հաջորդն ուսանող ընտրելու իրավասությունն է, որը ևս ունենալու է բուհը: Բուհերին տրվելու են նաև ծրագրեր ներդնելու, դրանք ստեղծելու և դադարեցնելու, որակի ապահովման մեխանիզմներ ներդնելու իրավասություններ: Նախագծով պահպանվել է բուհի կողմից դասավանդման լեզուն որոշելու արգելքը. այն կլինի մայրենի լեզուն: Նախատեսվում է, որ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններից զատ՝ բուհին աստիճանաբար կվերապահվի նաև գիտական աստիճան շնորհելու իրավասություն»,- ընդգծել է Ռ. Սուքիասյանը:

Բանախոսները պարզաբանել են, որ ռեկտորի նշանակման դրույթը ժամանակավոր կարգավորում է, քանի որ բարձրագույն կրթության ռազմավարության նախագծում նախատեսվում է բուհերի և գիտական հաստատությունների կոնսոլիդացիա՝ նպաստելու կրթական ու գիտական հաստատությունների մրցունակության բարձրացմանը: Այդ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ըստ նախագծի, լիազոր մարմինը նպատակահարմար է համարել նշանակել ռեկտոր կամ տնօրեն: Ընդ որում՝ ընտրված ռեկտորը կշարունակի իր պաշտոնավարումը, եթե տվյալ բուհը, օրինակ, վերակազմավորման գործընթացում չներառվի, իսկ եթե լրացել է ռեկտորի ժամկետը կամ պաշտոնը թափուր է, ապա հնարավոր է՝ նշանակվի ռեկտոր: Նոր հաստատության կազմավորումից հետո անցումային դրույթն ուժը կորցրած կհամարվի, և կգործի հիմնական՝ ռեկտորի ընտրության դրույթը: Նշվել է նաև, որ հինգ տարին պայմանական է. որքան արագ ավարտվի հաստատության վերակազմավորումը, այնքան արագ կգործի հիմնական դրույթը:

Բանախոսները մեկ անգամ ևս ընդգծել են, որ այդպիսով պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, ինչը որևէ կերպ չի խաթարում բուհի ակադեմիական ազատությունը, հատկապես որ առկա է օրենքի հստակ դրույթ, որով արգելվում է բուհերի քաղաքականացվածությունը: Ըստ բանախոսների՝ ներկայում օրենքի նախագծի փաթեթը գտնվում է ԱԺ-ում, որտեղ շարունակվելու են քննարկումները, և եթե կլինեն մասնագիտական համապատասխան եզրահանգումներ, նախագծի որոշ դրույթներ, իհարկե, կվերաձևակերպվեն: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ գիտության մասով ևս եղել են բազմաթիվ քննարկումներ, և, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած առաջարկությունները գրեթե 100 տոկոսով ներառվել են նախագծում:

Լրագրողներին հետաքրքրել է նաև, թե արդյոք նախագծով չի փոքրանում ուսանողական նպաստից օգտվողների շրջանակը: Նախարարության պատասխանատուների հավաստմամբ՝ ընդհակառակը, դրանք ընդլայնվում են:

«Նախագծով բուհերի ֆինանսավորումը հստակ դիվերսիֆիկացված է, որով փորձ է արվում առանձնացնել բուհի և ուսանողի ֆինանսավորումը: Ըստ այդմ՝ առանձին կգործեն առաջադիմությամբ և կարիքով պայմանավորված կրթաթոշակներ, ինչպես նաև խառը ձևով՝ առաջադիմության և կարիքի: Բացի դրանից՝ կգործի նաև հետազոտական նպատակով տրամադրված կրթաթոշակ՝ այդպիսով ընդլայնելով պետության կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը»,- մանրամասնել է Ռ. Սուքիասյանը:

Լրագրողներին հետաքրքրել են նաև հայագիտական առարկաների դասավանդմանը և բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությանն առնչվող հարցերը, որոնց ևս բանախոսները տվել են սպառիչ պարզաբանումներ:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)