ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական կրթությունից մինչև դպրոցների ֆինանսավորում. մամուլի ասուլիս «Արմենպրես» գործակալությունում

Հունվարի 26, 2021
Պաշտոնական

Կրթության միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվեր էր «Արմենպրես» լրատվական գործակալությունում։

Կրթության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Վերապրեցնելով կրթությունը Covid-19 սերնդի համար» վերտառության ներքո, և որպես հիմնական նպատակներ են սահմանվել համավարակով պայմանավորված կրթության խնդիրների ու առաջացած ճգնաժամի քննարկումը, ինչպես նաև տարբեր երկրների առաջարկած լուծումները։

Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է կրթության ոլորտի ֆինանսավորումը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակն իր անմիջական ազդեցությունն է թողնում ոլորտի վրա։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ համավարակը բազմաթիվ խնդիրներ է հարուցել նաև կրթության հավասարության և հասանելիության առումով. «Շատ կարևոր է, որպեսզի կրթությունը շարունակվի դիտարկվել իբրև առաջնահերթություն, և պետություններն առնվազն պահպանեն ոլորտին ուղղված ֆինանսավորումը: Մենք տեսանք, թե ինչպես թվային խզման պատճառով ամբողջ աշխարհում կրթությունից դուրս մնաց երեք սովորողից մեկը` չունենալով հասանելիություն սարքին, կապին: Տեսանք մեծ անհավասարություն սոցիալ-տնտեսական բարվոք պայմաններ ունեցող երկրների, ընտանիքների և մյուս երեխաների միջև»:

Արցախցի դպրոցականների ուսման կազմակերպում

Ըստ բանախոսի՝ Հայաստանի պարագայում խնդիրներն առավել բարդացել են պատերազմական իրավիճակով պայմանավորված. «Համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից բացի՝ որպես առաջնահերթություն ունեցանք նաև Արցախի Հանրապետության երեխաների համար կրթության շարունակականության ապահովման հարցը: Այսօր էլ մեր դպրոցներում ավելի քան 7000 արցախցի երեխա ունենք, որոնց թիվը փոփոխական է: Նրանց շուրջ 70 տոկոսը վերադարձել է և ուսանում է Արցախի Հանրապետությունում, բայց, այդուհանդերձ, սա ևս մեկ կարևոր առաջնահերթություն է կրթության համակարգում, որը պետք է կարողանանք լավագույնս իրացնել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավելել է, որ ի սկզբանե խնդիր է դրվել՝ երեխաների փաստաթղթերի բացակայությունը խոչընդոտ չհանդիսանա դպրոցում սովորելու համար, և որևէ հարցի առաջացման պարագայում Արցախի գործընկերների հետ այն օպերատիվ և հետևողականորեն կարգավորվել է։ Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին դասագրքերով ապահովելուն, ապա փոխնախարարը վստահեցրել է, որ այդ խնդիրը ևս հենց սկզբից արագ լուծվել է մարզպետարանների և համայնքների համագործակցությամբ:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին՝ առանձնացնելով մի քանի բաղադրիչ: Առաջինը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգն է, որն օրենքի այդ փոփոխությամբ կարող է ընդունվել մինչև հունիսի 30-ը` դրանով էապես կարգավորելով դաշտը և հնարավորություն տալով ավելի ընդլայնել իրականացվող թվայնացման գործընթացները և դրանք հասցնել իրենց վերջնական նպատակին: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկված են կրթության բոլոր մակարդակները. «Նախատեսում ենք, որ այս տարի ամբողջությամբ գործեն նախադպրոցական հաստատությունների և ՄԿՈՒ ոլորտի համար տեղեկատվական համակարգերը, ինչպես նաև ատեստատների թվայնացման գործընթացը, որը հնարավորություն կտա ամբողջությամբ հրաժարվել թղթային գործընթացից և անցում կատարել ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների, ապա դրանց սերտիֆիկացման, ստորագրման և վավերացման թվային համակարգերին»։

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգի և դրան առնչվող ծրագրային համակարգի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների ենթահամակարգի հարցերին։

«Համակարգը մեզ թույլ է տալու Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացնել մոնիթորինգ՝ կրթությունից երեխաների դուրս մնալու դեպքերի մասով: Այդպիսի դեպքերը հայտնաբերելու գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան կարգով, որը մշակվել և գտնվում է հաստատման վերջին փուլում: Կարգում հստակ նշվում են գերատեսչությունների անելիքներն ու պարտականությունները, ինչպես նաև սահմանված են այն ժամկետները, թե քանի օր բացակայելուց հետո դպրոցը համապատասխան հայտ պետք է ձևավորի համակարգում: Այդ մասին տեղեկությունը միանգամից հասանելի է դառնում գերատեսչություններին»,- լրագրողներին տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ դա նախադեպը չունեցող մեխանիզմ է, որն առաջին անգամ է գործելու։ Նա նաև շեշտել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում ևս կներդրվի համակարգ, որը թույլ կտա ունենալ ամբողջական տեղեկություն երեխայի կարիքների մասին:

Դպրոցների ֆինանսավորման փոփոխություն

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ կբարելավվի նաև հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման գործընթացը. նախկինում սահմանված «մեկ սովորող» թվով հաշվարկը կփոխարինվի առավել ճկուն սկզբունքով, ինչը թույլ կտա, կախված հաստատության տեսակից և իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկություններից, ընտրել ֆինանսավորման սկզբունքը, որը կարող է լինել ինչպես «սովորող թիվը», այնպես էլ «խումբ թիվը» կամ «դասարան թիվը»։

«Գործող կարգն էական խնդիրներ է հարուցում փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում: Ցավոք, այդ դպրոցները քիչ չեն մեր հանրապետությունում, հատկապես՝ մարզերում: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն կտա ավելի ճկուն քաղաքականություն վարել և դպրոցները պատշաճ ֆինանսավորել»,- փաստել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դպրոցների արդյունավետությունը կխրախուսվի լրացուցիչ ֆինանսավորման միջոցով։

Նախադպրոցական կրթություն

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի հետ քննարկվում է մանկապարտեզներում ընդունելություն կազմակերպելու հարցը: Նա հույս է հայտնել, որ կկարողանան փոխընդունելի լուծման գալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե նախադպրոցական ծառայությունից զրկված լինելն ինչ բացասական ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա:

«Կան բազմաթիվ հետազոտություններ՝ ուղղված վաղ մանկության զարգացման ինդեքսին, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարևոր է այդ փուլում երեխաների զարգացման համար նախադպրոցական ծառայություններ ստանալը: Պատահական չէ, որ Կառավարության ծրագրում որպես առաջնահերթություն ամրագրված է, որ նախադպրոցական ծառայություններում ընդգրկվածությունը հասցնենք 70 և ավելի տոկոսի»,- ասել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ կան մի շարք անելիքներ: Առաջիկայում կհայտարարվի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթ, որին կարող են մասնակցել այն համայնքներն ու բնակավայրերը, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ: Նախարարությունը կտրամադրի դրամաշնորհ՝ նմանօրինակ ծառայություն իրականացնելու համար:

Նախարարի տեղակալը պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…