ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Մինչ Կառավարության հաստատմանը ներկայացվելը Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծն անցել է հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ, ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա նախագիծը շտկվել, խմբագրվել ու լրամշակվել է:
Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը ՀՀ կառավարության նիստում նախարար Վ. Դումանյանի առաջարկով ներկայացրել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Կտրուկ փոփոխություն` ավելի ճկուն համակարգ
Նախարարի տեղակալը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից և շրջանավարտներից: Ըստ այդմ` կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը:
Սահմանվում են որակական այն պահանջները, որ շրջանավարտը պետք է ունենա դպրոցն ավարտելիս, նկարագրված են ակնկալվող վերջնարդյունքներն ըստ կրթական աստիճանների (տարրական, հիմնական և ավագ), կոմպետենցիաներն ու կարողունակությունները:
«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից, երբ մենք ունենք ինքնաբավ առանձին առարկաներ, նախատեսվում է անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել փոխկապակցված թեմաներ, առանձնացնել խաչվող թեմաները, և յուրաքանչյուր առանձին առարկայի միջոցով որոշակիորեն նպաստել ընդհանուր վերջնարդյունքի ձևավորմանը: Սա նաև թույլ կտա էապես խուսափել կրկնություններից` առավել արդյունավետ օգտագործելով այն ժամանակը, որը երեխան ծախսում է դպրոցում: Առաջարկվող փոփոխությամբ ընդհանուր առմամբ դպրոցականների ծանրաբեռնվածությունը նվազեցվում է` չկրճատելով բովանդակային ծավալը և նպատակային դիտարկելով ավելի բարձր կրթական արդյունքը»,- նշել է Ժ. Անդրեասյանը:
Նոր մոտեցումը, նախարարի տեղակալի հավաստմամբ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝ միաժամանակ դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական և անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար և սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաև սովորողի անհատական նախասիրությունները:
Պարտադիր առարկաներ և նոր նախագծային ուսուցում
Չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետևյալ առարկաները. «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: Նշված առարկաներն ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Անհատական ուսուցում` ավագ դպրոցի բարեփոխում
Կարևոր նորույթներից է անհատական բաղադրիչը, որը աշակերտի կարիքներից բխող ուսումնական ծրագիր ձևավորելու և դրա հիմքով ավագ դպրոցի բարեփոխման հնարավորություն է տալիս:
«Այսպիսով կկարողանանք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից և անցնել անհատականացված դասացուցակի` ըստ յուրաքանչյուր աշակերտի նախասիրության և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա շտկել քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև այս պահին առկա անհավասարությունը, քանի որ գյուղական բնակավայրերում գործում են միջնակարգ դպրոցներ, և ի տարբերություն քաղաքների՝ չկան առանձնացված ավագ դպրոցներ: Ավագ դպրոցի բարեփոխմանը կնպաստի նաև մոդուլային ուսուցումը, որը սովորողին հնարավորություն կտա հանրակրթության ավագ աստիճանում կարճաժամկետ դասընթացների միջոցով ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Ժ. Անդրեասյանը:
Մյուս կարևոր նորությունը 7-րդ դասարանից սկսած նախագծային ուսուցման ներդրումն է, որի նպատակն է զարգացնել աշակերտի ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչը նաև համայնքային նախագծերում ներգրավվելու հնարավորություն կընձեռի:
Կրտսեր դպրոցում միավորային գնահատական չի լինի
Գնահատման համակարգում ևս կատարվում է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Առաջարկվում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլևս չի գործի հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու և կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը:
Չափորոշչի վերջնական ներդրումը` 2023 թվականից
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա մեկ ամսում կսահմանվի Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզ: Մինչ համընդհանուր կիրառումը չափորոշիչը պետք է անցնի փորձարկում, որը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի և 2023 թվականից կներդրվի բոլոր դպրոցներում:
Կրթության ամբողջական բարեփոխում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանրակրթության չափորոշչի նախագծի մշակման համար` ընդգծելով, որ աշխատանքները կատարվել են բավականին բարդ պայմաններում:
«Կրթության չափորոշչի ընդունումը Կառավարության կարևորագույն ռեֆորմներից մեկն է. շատ կարևոր է, որ ունեցել ենք կամք՝ փոփոխությունները հասցնելու այս կետին: Կարևոր եմ համարոմ ռեֆորմի հետագա շարունակությունը: Պարզ է, որ լինելու են քննադատություններ, ընդհուպ՝ մինչև ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է և պետք է իրականացնել՝ ավելի մեծ շեշտ դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա: Պետք է ուշադիր լինել, թե երեխան ինչի վրա է ծախսում ժամանակը, ինչ գիտելիք և հմտություն ենք զարգացնում դպրոցում, քանի որ դրանից է կախված` 15-20 տարի հետո տեխնոլոգիական ապրանք կունենանք, թե՝ ոչ»,- նշել է նա` հավելելով, որ այժմ ԱԺ օրակարգում է գտնվում նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն ամբողջացնում է կրթական բարեփոխումների շղթան:
Վարչապետը հարց է բարձրացրել «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված հանրային աղմուկի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով խնդիրը, նշել է, որ նախնական նախագծում առկա խնդրահարույց դրույթները քննարկվել են ԳԱԱ համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչների հետ, կատարվել են շտկումներ, և հակասություններն այժմ, ըստ էության, հարթված են:
Օրախնդիր դարձած վերանայում
Նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաները դպրոցում 12-ամյա կրթության ընթացքում մեր այժմյան հանրակրթական ծրագրերի շրջանակում ստանում են այն ծավալի գիտելիքներ և հմտություններ, որոնք, ըստ ուսումնասիրությունների, կարելի է ստանալ 9 տարվա ընթացքում. «Այսինքն` մեր երեխաների կյանքից դպրոցը վերցնում է 12 տարի, տալով ավելի քիչ գիտելիքներ, քան հնարավոր է տալ այդ ընթացքում: Որքան էլ ցավոտ լինի այս խնդրի գիտակցումը, մենք պետք է ընդունենք, որ 12 տարվա ժամանակն ու ծավալը պարտավոր ենք լցնել նոր գիտելիքներով ու հմտություններով»:
Հավելենք, որ Հանրակրթության պետական նախորդ չափորոշիչը հաստատվել էր 2010 թվականին և փոփոխվել 2011 թվականին: Հանրակրթության ոլորտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անցած շուրջ 10 տարիների ընթացքում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության առումով առաջ են եկել մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ