ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ նիստի օրակարգում

Փետրվարի 10, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նախ ներկայացրել է օրինագծի հիմնական նպատակները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ու հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությունը, հայագիտական հետազոտությունների գերակայությունը, Եվրոպական բարձրագույն կրթության և հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրվածության շարունակական ընդլայնումը և այլն:

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ։ Նշված օրենքների ընդունման պահից ի վեր իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս կազմելու, «Հորիզոն 2020» ծրագրում ինտեգրվելու հանգամանքով։ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքները վերանայելու և նոր օրենք մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնամյակի պատմություն»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ նպատակով ուսումնասիրվել են մի շարք երկրների օրենսդրություններ, ինչպես նաև նախագիծը քննարկվել է ԵՄ, ԵԽ, ՀԲ միջազգային և տեղական փորձագետների հետ:

Վահրամ Դումանյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր

Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։

Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածության

Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Նախագծով կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, որն ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով։

Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն

Նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի շնորհած միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում

Պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում

Օրենքի նախագծի կարգավորմամբ՝ դիմորդը, համաձայն ընդունելության քննությունների արդյունքի, կարող է ընտրել նույն ոլորտում կրթություն իրականացնող տարբեր բուհեր, և պետական ֆինանսավորումը տրվում է իր նախընտրած բուհին։ Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է։

Բուհերի ֆինանսավորում

Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում:

Կառավարման մոդել

Առաջարկվող կարգավորմամբ կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից), իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից։ Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։ Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը 5 տարի ժամկետով կնքում է սահմանված նմուշի պայմանագիր:

Վարչական, ակադեմիական և գիտահետազոտական կազմի պաշտոնավարման տարիքային վերին շեմը և կենսաթոշակային երաշխիքներ

Առաջարկվող կարգավորմամբ՝ հանրային բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) և ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին։

Գիտությունների ազգային ակադեմիա

Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։

Երևանի պետական համալսարանի կարգավիճակ

Նկատի ունենալով Երևանի պետական համալսարանի՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության և մշակույթի բացառիկ նշանակություն ունեցող հաստատություն, օրենքի նախագծում առաջարկվում է ընդգրկել դրույթ, որի համաձայն՝ նրա կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։

Նախարար Վահրամ Դումանյանի ելույթից հետո ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նրան: Մասնավորապես, Անի Սամսոնյանին հետաքրքրել է կառավարման խորհուրդների թվաքանակի և համամասնության, իսկ Գևորգ Պապոյանին՝ ԵՊՀ-ի կարգավիճակի հարցը: Պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է ԳԱԱ-ի, դրա կազմում գործող գիտական կազմակերպությունների կարգավիճակի և ֆինանսավորման, ինչպես նաև բուհերում ակադեմիական միջավայրի պահպանության հարցերը: Շիրակ Թորոսյանն անդրադարձել է բուհերի ֆինանսավորման մեխանիզմներին, իսկ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ բարձրագույն կրթության և գիտության միջև կապի ապահովմանն առնչվող հարցերին: Վարդևան Գրիգորյանն էլ բարձրացրել է բուհերի ինքնավարության և ռեկտորների ընտրության հարցերը:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Նա կարևորել է բուհերի ապաքաղաքականացման, կրեդիտների փոխանցելիության, լրիվ կամ մասնակի ծանրաբեռնվածության, բուհական ընդունելության, ինչպես նաև սոցիալական գործընկերության և ֆինանսական ճկուն մեխանիզմների ներդրման հարցերը: Նիստի ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ հնչել են շուրջ երկու տասնյակ ելույթներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…