ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

Փետրվարի 15, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել: Սակայն, վիճահարույց մի շարք հարցեր դեռևս լուծված չեն: Մասնավորապես ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք գտնում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները: Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին» օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:

«Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում` skopius-ի ցանկում:

Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն: Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:

«Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա:

Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:

«Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ իրենց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը` պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը` հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:

Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ. Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)