ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ». ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյան

Փետրվարի 16, 2021
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն է: Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատում են մի ծրագրի ուղղությամբ, որը հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին զբաղվել տարբեր սպորտաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի. «Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհին: Այս ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին: Քննարկում ենք մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին: Հատկապես պատերազմից հետո նման ծրագիրն անհրաժեշտություն է»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին. «Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Պետք է աշխատենք մասնակիցների շրջանակն ընդլայնելու, մեդալներ նվաճելու ուղղությամբ: Հասկանալի է, որ հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը դեռևս այն մակարդակի չէ, որ մենք արդյունք պահանջենք, բայց ես խորապես համոզված եմ՝ միայն պետական աջակցությանը պետք չէ սպասել. յուրաքանչյուրս պետք է փորձի իր հնարավորությունների սահմանում լուծել եղած խնդիրները: Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ: Սա ինքնանպատակ հայտարարություն չէ. եթե մենք չենք պայքարում հաղթանակի համար, սպորտը վերածվում է զուտ ֆիզիկական կուլտուրայի, իսկ այդպես միջազգային մրցումների մասնակցելն անհարիր է և անընդունելի»:

Հաջորդիվ նախարարի տեղակալը խոսել է հանրապետության մարզերում և Երևանում նախատեսված զանգվածային մարզական միջոցառումների՝ այս տարի ոչ մեծ ծավալով անցկացնելու թեմային. «Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած տնտեսական խնդիրների պատճառով այս տարի, նախորդների համեմատ, ավելի քիչ զանգվածային մարզական միջոցառումներ կանցկացնենք, սակայն եղածները պետք է կազմակերպվեն հավուր պատշաճի: Շարունակում ենք քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ չեղարկված միջոցառումներն անցկացնելու համար»:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց առաջարկները և բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց լուծումները հնարավոր են միայն համատեղ և նվիրված աշխատանքի միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)