ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դավիթ Գյուրջինյան. «Հայերենը մեզ միավորող զորավոր ուժն է»

Փետրվարի 21, 2021
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Տոնի շրջանակում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է մայրենիին առնչվող խնդիրներին, առաջարկվող լուծումներին, հայերենի ներկա վիճակին, կոմիտեի գործունեությանը և այլն:

Հայերենը մեր մտածողության հիմքն է, մեր հոգեկերտվածքի ձևավորման կարևոր միջոցը

Հայերենը մեր հավաքական կենսափորձի կուտակիչն ու փոխանցողն է, մեզ միավորող զորավոր ուժը, սակայն ինչպես Դ. Գյուրջինյանն է նշել, հայոց լեզվի ապագայի առումով խիստ մտահոգիչ իրողություն է այն, որ այժմ հայության մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս։

Լեզվի կոմիտեի մշտադիտարկմամբ՝ այսօր համեմատաբար բարվոք վիճակում է գրավոր պաշտոնական խոսքը: Ուսումնասիրվում են Ազգային ժողովի, Կառավարության նիստերում ելույթների լեզվի վիճակը, «Արմդեյլի», «Լուրեր.քոմ», «Հայկական ժամանակ», «Սլաք.էյէմ», «Արմդեյ», «Շաբաթ. Էյէմ» կայքերի, Հանրային հեռուստաընկերության «Մոլորակ հմ․ 12», «Արմենիա» հեռուստաընկերության «Երգի՛ր, թե կարող ես», «Նանե․ կանացիության բանաձև», «Երկիր մեդիա»-ի «Մանկական երկիր», «Շանթի» «Երեկոն Շանթում, Գրիգի հետ» հաղորդումների լեզվավիճակը և այլն։ Հասցեատերերին ուղարկվում են ամփոփագրեր նկատված լեզվական մեղանչումների մասին։

Դ. Գյուրջինյանի գնահատմամբ՝ հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ) լեզվավիճակը մտա­հոգիչ է։ Քիչ չեն միայն օտարալեզու կամ հայատառ օտարալեզու ձևավորմամբ գրվածքները։ Առկա են նաև լեզվամտածողության սխալներ։

Մերօրյա իրականության մեջ գերակշիռ է համացանցի դերը մայրենիի պահպանման կամ աղավաղման գործում

Համացանցի յուրահատկություններից մեկն այն է, որ դա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն տարբեր իրողությունների վրա։ Դա բացառապես պայմանավորված է նրանով, թե ովքեր և ինչպես են օգտվում համացանցից։ «Ժողովրդական խոսքը հիշում եք՝ նույն ծաղկից մեղուն նեկտար է քաղում, օձը՝ թույն։ Համացանցի ազդեցությանը գնահատական տալը դժվար է։ Համացանցի արդյունքն են այն բազում կայքերը, այդ թվում՝ Լեզվի կոմիտեի, որոնց նպատակը հայոց լեզվի ճիշտ կիրառությունը խրախուսելն է, այդ առումով մարդկանց կրթելը, լեզվական տարբեր իրողությունների մասին խոսելը, դրանք քննարկելը և այլն»,- ասել է Դավիթ Գյուրջինյանը։

Համացանցը, սոցիալական կայքերն անվերահսկելի են բովանդակության մատուցման տեսանկյունից, որովհետև այդտեղ բովանդակություն ստեղծում են բոլորը։ Լեզվի կոմիտեն փորձում է իր ներկայությամբ նպաստել տարբեր կայքերում լեզվական կարգուկանոնի պահպանմանը, հայերենի քարոզչությանը և տարածմանը։

Լեզվի կոմիտեն շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները

Լեզվի կոմիտեի ռազմավարության առանցքային կետերից է լեզվաքարոզչությունը։ Կոմիտեն ամեն ջանք գործադրում է քաղաքացիների շրջանում մայրենիի ներկայությունն ապահովելու, ինչպես նաև հայերենի իմացությունը բարելավելու և նրա մաքրությունը պահպանելու գործում։

Անընդհատ ուսումնասիրելով հաճախադեպ հանդիպող սխալները, անճշտությունները՝ Լեզվի կոմիտեն ամեն ամիս պատրաստում և հրապարակում է, նաև հարյուրավոր էլեկտրոնային հասցեներով առաքում հորդորակներ, այդ թվում՝ օտար բառերի հայերեն համարժեքների ցանկ պարունակող հորդորակները։ Հասցեացանկի մեջ են պետական բոլոր մարմինները։

Լեզվի կոմիտեն ձեռքն անդադար պահում է հասարակության զարկերակին և արձագանքում շրջանառվող լեզվական երևույթներին, գործածվող բառապաշարին։ Վառ օրինակն «Այսօրվա հայերենը» նախագիծն է․ ամեն օր բացատրվում են այժմյան հայերենում հաճախ գործածվող, արդիական հասկացություններ արտահայտող բառերը։

«Փորձում ենք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից և ունենք ներկայություն էլեկտրոնային շատ հարթակներում։ Նախորդ տարի արդյունավետորեն գործարկվեց Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքը (www.langcom.am), որտեղ արտացոլված է մեր գործունեության զգալի մասը»,- ներկայացնում է կոմիտեի նախագահը։

Մայրենիի օրվա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ

Պայմանավորված համավարակով՝ նախատեսվում է առցանց միջոցառումների շարք թե՛ Facebook-ում, թե՛ Instagram-ում: Նախապատվությունը տրվել է այնպիսի մտահղացումներին, որոնք ենթադրում են լսարանի աշխույժ ներգրավում։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բարբառները։ Միջոցառումը կոչվում է «Միացի՛ր զրույցին քո բարբառով»։ «Մենք սպասում ենք ամենահետաքրքիր «զրույցին», որը ցույց կտա հայերենի բարբառների յուրահատկությունները, ինքնատիպ բառապաշարը և այլն»,- ասում է պարոն Գյուրջինյանը։

Մայրենի լեզվի տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ կհնչեն Հայաստանի պետական, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն։

Հանրության շրջանում առավել տարածված 5 սխալները

Ա. Խոսել բայի չարչրկումը հատկապես սերիալներում։ Գրեթե համատարած ասում են խոսացի, խոսա՛, խոսանք... Այնինչ պիտի ասվեր խոսեցի, խոսի՛ր, խոսենք, ինչպես որ ասում ենք երգեցի, երգի՛ր, երգենք և այլն։

Բ. Ասում և գրում են կրկին անգամ, երբ կրկին-ի կողքին անգամ-ն ավելորդ է։
Գ. Կանոն է՝ –ել վերջավորությամբ բայերի պատճառականը –եցն ածանցով են կազմում, ինչպես՝ հիշել – հիշեցնել, բայց ականջ են ծակում հիշացնել և նման սխալ ձևերը։
Դ. Արտառոց են թվով 3 մարդ, թվով 15 սեղան բառակապակցությունները, որոնցում ավելորդ է թվով-ը, պիտի ուղղակի ասել 3 մարդ, 15 սեղան։
Ե. Հայերեն լեզվամտածողությանը խորթ է ինչո՞ւմ է խնդիրը (հարցը, առավելությունը, թերությունը) արտահայտությունը։

Սրանց մասին «Հանուն մեր նյարդերի» վերնագրով գրքույկ է հրատարակվել։

Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է նաև սփյուռքի հայախոս համայնքներում լեզվապահպանության խնդրին՝ նշելով, որ վերջին շրջանում սփյուռքում հայկական դպրոցն ու հայերենը պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Հայաստանից և Մերձավոր Արևելքից ներարկվող ուժը միայն որոշ ժամանակ է բարերար ազդեցություն ունենում: Կան համայնքներ էլ, որտեղ, դժբախտաբար, հայերենը լրիվ նահանջել է: Համազգային ջանք պետք է գործադրել։

Ամփոփելով խոսքը՝ Լեզվի կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անելիք դեռ շատ կա։ Հատկապես պետք է շարունակել զարգացնել հասարակության՝ մայրենին մաքուր պահելու կամքը, իսկ որպես առանցքային խնդիր՝ հարկավոր է արմատապես փոխել հայոց լեզվի դասավանդումը դպրոցում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)