ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կ. Դավթյան

Մարտի 17, 2021
Սպորտային լուրեր

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում:

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ պետական աջակցություն, այս տարի աջակցության գումարը կկազմի շուրջ 104 միլիոն դրամ: Մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտի զարգացմամբ զբաղվող 4 մարզական կազմակերպություն («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ այս տարի նրանց ավելացել են Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիա

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիան գործում է 2014 թվականից: Ֆեդերացիայի նախագահը Կամո Դավթյանն է: 1995 թվականին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա կորցրել է ձեռքերը, բայց նպատակասլացությունը և թենիսի նկատմամբ մեծ սերն օգնել են ռակետը բռնելու նոր տարբերակներ գտնել:

«Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո ներփակվելու, աշխարհից խռովելու և անդադար դժգոհելու ցանկություն չունեի, հակառակը՝ ամեն գնով փորձում էի շարունակել ապրել լիարժեք կյանքով և քանի որ մինչև պատահարը լավ թենիս էի խաղում, մտածեցի, որ նոր իրավիճակում կարող եմ ռակետը ձեռքիս կապել ու փորձել այդպես խաղալ։ Հիշում եմ՝ կինս շփոթմունքով արձագանքեց, անգամ մտածում էր, որ ամոթ է, բայց դա ինձ հետ չպահեց: Բնականաբար, դժվար էր, սակայն անդադար փորձերն ու մարզումներն արդյունք տվեցին։ Հետո Սյունիքի մարզում մարզական փառատոն անցկացվեց, ես էլ ռակետը ձեռքիս կապած մասնակցեցի թենիսի մրցումներին։ Աստիճանաբար սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ոչ միայն իմ մարզումներին, այլև մտածել Հայաստանում հաշմանդամային սպորտը զարգացնելու տարբերակների մասին»,- պատմում է Կամո Դավթյանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի ֆեդերացիա հիմնելու գաղափարն առաջացել է ընկերների հետ զրույցի ընթացքում. «Հերթական մարզական փառատոնից հետո ընկերներով զրուցում էինք, երբ Հմայակ Ավետիսյանը (Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի փոխնախագահխմբ.) առաջարկեց ֆեդերացիա բացել։ Բնականաբար, դրական արձագանքեցի, և Հմայակի ու Ալեքսանդր Դիարյանի (մարզիչխմբ.) հետ անցանք գործի։ 2014 թվականի օգոստոսին արդեն կար Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան»,- հիշում է Կամո Դավթյանը։

Առաջին մրցաշարերը ֆեդերացիան կազմակերպել է հիմնադիրների անձնական կապերի միջոցով: Տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի մարզերում անցկացվել են առաջնություններ, գավաթային խաղարկություններ, ապա սկսել են մասնակցել նաև միջազգային մրցումների: Մրցաշարերի անցկացմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությամբ ֆեդերացիան հանրայինացրել է իր գործունեությունը՝ այդպիսով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելով մարզումներում։ Այժմ Հայաստանի տարբեր մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է շուրջ 40 մարզիկ։ Ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն այդ թվից դժգոհ չէ. «Պետք է հաշվի առնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ գործ չէ։ Հետևողականորեն աշխատում ենք մարզաձևի մասսայականացման, մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Պարբերաբար մարզերում տեղեկացնում ենք մեր գործունեության, սպասվող մրցաշարերի մասին՝ նշելով, որ ցանկացողների համար իրենց համայնքում կփորձենք լուծել մարզումային պայմանների և մարզչի հարցը»։

Երկարատև սպասումներից և խնդիրները բացառապես անձնական միջոցներով լուծելուց հետո այս տարի Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան ընդգրկվել է պետական աջակցության ծրագրում: Կամո Դավթյանի խոսքով՝ այս որոշմանը երկար են սպասել և ամեն ինչ անելու են աջակցությունը շարունակական դարձնելու համար. «Սա շատ կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ տարիների ընթացքում կարողացանք համոզիչ լինել, ցույց տալ, որ առանց պետական աջակցության շատ դժվար է հաշմանդամային սպորտում լուրջ արդյունքներ գրանցել։ Շատ ուրախ ենք, որ վերջապես կա պետական աջակցություն։ Մեր կողմից կանենք հնարավոր ամեն բան՝ աջակցությունը շարունակական դարձնելու համար»։

Խոսելով անցած տարիների ընթացքում գրանցած հաջողությունների մասին՝ Կամո Դավթյանը նախ նշում է ֆեդերացիայի կայունանալու և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտ բերելու փաստը:

«Պետք է ստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան բացահայտելու և կիրառելու իրենց հմտությունները կյանքի բոլոր բնագավառներում։ Վստահեցնում եմ՝ անհնարին ոչինչ չկա, և բոլոր դժվարությունները հաղթահարելի են, պարզապես մեզանից յուրաքանչյուրը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի։ Մեր գործունեությունը ծառայում է այդ նպատակին»,- ընդգծում է Կ. Դավթյանը։

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս նա փաստում է, որ նախ պետք է վերականգնեն թենիսիստների մարզավիճակը: «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարզումային և մրցումային դադարի պատճառով շատերը կորցրել են մարզավիճակը: Դա նկատելի էր վերջերս կայացած Հայաստանի առաջնության ժամանակ։ Աստիճանաբար պետք է պատրաստվեն նաև միջազգային մրցաշարերի ու Պարալիմպիկ խաղերին։ Բացի դրանից՝ այլ կարևոր նպատակ ունենք՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին ներգրավել ֆեդերացիայի աշխատանքներում»,- ասում է Կամո Դավթյանը և հավելում՝ այս տարիներին շատ դժվարություններ են հաղթահարել, եղած հարցերն էլ աստիճանաբար կլուծեն։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)