ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթություն՝ հանուն աշխատանքի. պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը

Մարտի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այսօր պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը, որը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ:

Այն միտված է աջակցելու «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրին` տվյալների վրա հիմնված և մարդակենտրոն մեթոդների կիրառմամբ միավորելով կրթական համակարգը և աշխատաշուկան։ Այս համատեքստում «Edu2work» հարթակը ստեղծվել է՝ ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության խնդրին արդյունավետ լուծումներ առաջադրելու համար։ Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում:

Իր ելույթում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է հարթակի ստեղծումը փաստահեն քաղաքականություններ մշակելու տեսանկյունից՝ այդ թվում առանձնացնելով հարթակի դերն աշխատաշուկայի ակնկալիքներին համապատասխան ֆորմալ և նաև լրացուցիչ ու շարունակական կրթական ծրագրերի վերափոխման, նոր կրթական ծրագրերի ներդրման առումներով: Նա կարևորել է հարթակի գործունեության շարունակականությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել երկխոսությունը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ՝ հարթակի բովանդակային և տեխնիկական սպասարկումը պետությանը փոխանցելու գործում:

Միջոցառմանը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես են եկել նաև Հայաստանում բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարքը և Հայաստանում ՄԱԶԾ-ի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) մշտական ներկայացուցիչ, ժամանակավոր պաշտոնակատար Միխայելա Ստոկոյսկան: Նրանք ևս նշել են հարթակի ստեղծման կարևորությունը՝ ընդգծելով, որ այն կհեշտացնի կրթությունից աշխատանք անցման փուլը՝ պահպանելով «Կրթություն՝ հանուն աշխատանքի» սկզբունքը:

«Հուսանք՝ բուհերը ևս կմիանան հարթակին, և ուսանողները հստակ կիմանան, թե ինչ կապեր կան կրթության և աշխատաշուկայի միջև։ Հույս ունենք՝ հնարավորինս շատ հայաստանցիներ կկարողանան օգուտ քաղել այս հարթակից»,- ասել է Վիկտոր Քլարքը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն