Բազմաթիվ երիտասարդներ այսօր ցանկանում են սովորել արտերկրում, բայց նրանց մտահոգում են ուսման հետ կապված մեծ ծախսերը, օտար լեզվի իմացության պահանջները և դիմումի բարդ ընթացակարգերը: Այդ նպատակով Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին՝ արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսում ստանալու, միջազգային երիտասարդական միջոցառումներին մասնակցելու և նույնիսկ պրակտիկա անցնելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ ուսանողների և հետազոտողների շարժունությունը կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, որ նրանք արտերկրում ծանոթանում են ժամանակակից և գլոբալ միտումներին, ընդարձակվում է մտահորիզոնը, նոր մոտեցումներ են ձևավորվում, և վերադառնալով հայրենիք՝ փորձում են դրանք տեղայնացնել Հայաստանում՝ համակցելով ազգայինի հետ:
«Այդ ամենն էլ բարձրացնում է կրթության և հետազոտության որակը: Ուսանողները և հետազոտողները դառնում են մեր երկրի դեպաններն աշխարհում՝ ներկայացնելով Հայաստանի կրթագիտական համակարգը, պատմությունն ու մշակույթը: Այս ամենի արդյունքում ձևավորվում են համագործակցության նոր եզրեր, ի հայտ են գալիս նոր գործընկերներ: Խիստ կարևոր է նաև օտարերկրյա ուսանողների և հետազոտողների ներգրավումը ՀՀ կրթական համակարգին, քանի որ դա նպաստում է բուհերի միջազգայնացմանը: Մեր երկրում դեռևս ներդրման ենթակա է «Միջազգայնացում տանը» բաղադրիչը, որին աշխարհում մեծ տեղ է տրվում: Այդ բաղադրիչի ապահովման համար կարևոր են կրթության որակը, կրթական ծրագրերի համապատասխանությունը միջազգային չափանիշներին. գործոններ, որոնք ուսանողներին մոտիվացնում են, որ իրենց միջոցների հաշվին ուսումնառեն մեր երկրում: Բացի դրանից՝ օտարերկրյա ուսանողների միջոցով տեղի սովորողն անուղղակիորեն ծանոթանում է նաև այլ երկրների մշակույթին ու մտածողությանը»-, ասում է Տաթևիկ Ղարիբյանը և հավելում, որ այդ բաղադրիչի մյուս կարևոր գործոնը պետական ֆինանսավորման առկայությունն է ու համապատասխան ռազմավարության իրագործումը:
Նրա խոսքով՝ Էրազմուս+ կրթաթոշակները հնարավորություն են տալիս սովորել արտերկրում և ձեռք բերված գիտելիքով ու փորձով կիսվել համակուրսեցիների ու գործընկերների հետ: Արդյունքում՝ ուսանողներն ունենում են ավելի հստակ և լայն պատկերացում. օրինակ՝ ինչպես են տեսնում իրենց երկրի զարգացումը գլոբալ աշխարհում. «Էրազմուս+ ծրագիրը նաև կարողությունների զարգացում և շարժունություն է ապահովում բուհի դասախոսական ու վարչական կազմի համար, ինչն էլ իր հերթին նպաստում է Բոլոնիայի գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը՝ անձնակազմի վերապատրաստման միջոցով»:
Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ուսանողներին, երիտասարդներին և շրջանավարտներին ԵՄ-ն առաջարկում է երկու կրթաթոշակային հնարավորություն: Առաջինը Միջազգային կրեդիտային շարժունությունն է, որը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին կարճաժամկետ ակադեմիական կամ պրակտիկայի նպատակով փոխանակմամբ եվրոպական երկրներ մեկնելու, համապատասխան կրեդիտներ հավաքելու, վերադառնալու և ուսումն իր բուհում ավարտելու հնարավորություն է տալիս: Այս գործողության ներքո փորձի փոխանակումը, որը երկկողմանի է՝ Եվրոպայից Հայաստան և հակառակը, տևում է 3-12 ամիս: Հնարավոր է նաև վերը նշված երկու տեսակի շարժունության համադրում, այսինքն՝ ուսանողը կարող է ակադեմիական շարժունությամբ մեկ կամ երկու կիսամյակ արտերկրում ուսանել և պրակտիկա անցնել: Հայ դիմորդները շարժունությանը կարող են մասնակցել բոլոր մասնագիտական ուղղություններով. որևէ սահմանափակում չկա: Միակ նախապայմանն այն է, որ իր բուհն այդ մասնագիտությամբ համապատասխան պայմանագրեր ունենա եվրոպական գործընկեր բուհերի հետ:
Կրթաթոշակը թույլ է տալիս հոգալ ճամփորդական և կեցության ծախսերը: Առանձին տրվում է նաև ճամփորդական դրամաշնորհ, որպեսզի ուսանողը հնարավորինս մտահոգված չլինի ֆինանսական հարցերով և արտերկրում զբաղվի իր շարժունությամբ ու ակադեմիական աշխատանքով:
Բակալավրիական փոխանակման ծրագրին կարող են մասնակցել 2-3-րդ կուրսերի սովորողները: 1-ին և ավարտական կուրսերի ուսանողները չեն մասնակցում. վերջիններս կարող են անցնել 2-12 ամիս տևողությամբ պրակտիկա, որում ներգրավվում են նաև գործատուները: Էրազմուս+ մրցույթին մասնակցելու համար ուսանողից երկու ակնկալիք կա՝ չունենալ ցածր առաջադիմություն և տիրապետել անգլերենին: Անգլերեն լեզվի քննություն, օրինակ՝ TOEFL կամ IELTS, անհրաժեշտ չէ հանձնել, ուղղակի բուհերը թեստի կամ հարցազրույցի միջոցով պետք է ստուգեն տվյալ ուսանողի լեզվի իմացությունը: Մրցույթի ընտրությունը կատարվում է երկկողմանի. այն իրականացնում են մայր և ընդունող բուհերը:
«2015-2020 թթ. ունեցել ենք 4814 երկկողմանի շարժունության հնարավորություն՝ ներառյալ ոչ միայն ուսանողներին, այլև ասպիրանտներին, դասախոսներին, բուհերի վարչական աշխատողներին: Ծրագրում ընդգրկված է 33 եվրոպական երկիր, իսկ Հայաստանին հատկացված շարժունության ընդհանուր դրամաշնորհը կազմում է շուրջ 16 մլն եվրո: Արտասահմանցի ուսանողներ ընդունող ամենամեծ բուհերն են՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և այլն: Եվրոպայից եկող դասախոսների և վարչական կազմի շարժունությունն ավելի մեծ է, քանի որ այն կարճաժամկետ է, կրեդիտների կուտակումը և ճանաչումը բարդ չեն, և, հետևաբար, հետաքրքրությունն էլ բավականին մեծ է»,- նշում է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Երկրորդ կրթաթոշակային ծրագիրը Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրն է, երբ հայ շրջանավարտներն ուսումը Եվրոպայում շարունակելու ցանկություն են հայտնում: Այն հնարավորություն է տալիս ամբողջ մագիստրատուրան անցնել 2 և ավելի եվրոպական երկրներում, ինչի արդյունքում ուսանողը ստանում է հսկայական գիտելիք, եվրոպական տարբեր երկրների կրթական համակարգերում սովորելու փորձ և համատեղ կամ բազմակի դիպլոմներ, որոնք գործատուն բարձր է գնահատում և կարիերայի համար կարևոր խթաններ են: Կրթաթոշակը հոգում է բոլոր ծախսերը՝ ներառյալ ուսման վարձը, կեցության, ճամփորդական, գրադարանային և լաբորատոր ծախսերն ու ամբողջական ապահովագրությունը:
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է հետևել բուհի միջազգային կապերի բաժնի հայտարարություններին։ Ակադեմիական տարվա ընթացքում բուհերը կարող են հայտարարել շարժունության մի քանի մրցույթներ՝ ըստ մասնագիտական ծրագրերի և բարձրագույն կրթության մակարդակների՝ ուսանողներին հնարավորություն տալով մի շարք եվրոպական բուհերում մասնակցել փոխանակման տարբեր ծրագրերի։ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն գործողության մասին ընդհանուր տեղեկատվությունը հասանելի է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/?lang=hy:
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի դիմորդների հայտադիմումներն ընդունում են յուրաքանչյուր տարվա աշնանից։ Ծրագրերի մասին ընդհանուր տեղեկատվությունն ու դեպի ծրագրերի ցանկ հղումը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://erasmusplus.am/emjmds/?lang=hy:
Բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի նորություններին և թարմացումներին կարելի է հետևել Էրազմուս+ ազգային գրասենյակի կայքէջում ու սոցիալական էջերի միջոցով՝ www.erasmusplus.am, https://www.facebook.com/neoarm, https://twitter.com/ErasmusArmenia, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության escs.am կայքում և erit.am կայքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ