ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Չգիտեմ՝ ուրա՞խ եմ, թե՞ տխուր. ինչո՞ւ, որովհետև 80 տարեկան եմ». այսօր Ռոբերտ Էլիբեկյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ապրիլի 21, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է. այսօր լրացավ Վարպետի 80-ամյակը:

Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին:

Շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նրան է փոխանցել նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը:

«Հարգելի՛ պարոն Էլիբեկյան: Անհնար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը հաստատվել են վաղուց: Ձեր արվեստն իր արժևորումն է ստացել ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև ճանաչելի է միջազգային արվեստասեր հասարակության շրջանում»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ մաղթելով Վարպետին անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նույնպես շնորհավորել է Վարպետին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք:

«Դուք հանդիսանում եք Էլիբեկյան մշակութային տոհմի նկարչական ավանդույթների շարունակողը և հայ կերպարվեստի կարկառուն վարպետներից մեկը: Ձեր ստեղծագործություններն իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում հայ կերպարվեստում՝ հարստացնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ հեղինակավոր թանգարանների և պատկերասրահների հավաքածուները»,- փաստել է ՀՆՄ նախագահը:

Ռոբերտ Էլիբեկյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ավելացրել. «Չգիտեմ՝ այսօր ուրա՞խ եմ, թե՞ տխուր. ինչո՞ւ, որովհետև 80 տարեկան եմ: Բայց իմ բախտը հաստատ բերել է. ունեմ հրաշալի ընտանիք, հրաշալի որդիներ»:

Հոբելյանական շնորհավորանքները համեմվեցին նաև Ռոբերտ Էլիբեկյանի տիկնոջ և մուսայի՝ տիկին Մարիի հիշողություններով, վարպետի կյանքի ու ստեղծագործական գործունեության գեղեցիկ պատմություններով:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին Թբիլիսիում: 1960-65 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1966 թ․-ին Հայաստանի ճարտարապետների տանը բացվել է «Ռոբերտ Էլիբեկյան և Սեյրան Խաթլամաջյան» առաջին անհատական ցուցահանդեսը (բացումը կատարել է Մարտիրոս Սարյանը):

1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ռոբերտ Էլիբեկյանը բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրություններ է ունեցել Հայաստանում և արտերկրում։ Ստեղծագործությունները ներկայացվել են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, ՀՀ կառավարության տուն, նախագահի նստավայր, Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Երևանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մոսկվայի արևելյան արվեստի, Դեթրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան», Նյու Ջերսիի Զիմերլի, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, Սպիտակ տան, Ելիսեյան պալատի հավաքածուներ և այլուր:

Ռոբերտ Էլիբեկյանը Հայաստանում և արտերկրում բազմաթիվ թատերական ձևավորումների հեղինակ է։ Որպես նկարիչ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Խաթաբալա», «Հայկական որմնանկարներ» ֆիլմերի էկրանավորմանը:

2014 թվականին լույս է տեսել Ռոբերտ Էլիբեկյանի գիրք-ալբոմը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կենսագրությունը։ Նա, մերժելով պարտադրված կարծրատիպերը, ստեղծում է իր աշխարհը՝ անիրական, պարուրված գույների անօրինակ համադրությամբ ու եթերային լույսով: Գրքում ներկայացված են նաև նրա տարբեր ժանրերի գործերը, հիշողություններն ու մտորումները տիեզերական նշանների, կյանքի, արվեստի ու ժամանակի մասին, ինչպես նաև ժամանակակիցների կարծիքները նրա արվեստի մասին:

«Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում... ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ: Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որը շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ։ Էլիբեկյանը ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որը մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարճանքով, մտնել նրա դիցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում»,- Ռ. Էլիբեկյանի ստեղծած իրականության ու աշխարհի մասին ասել է Աղասի Այվազյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)