ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվել է լիարժեք գործող միջազգային ծրագիր

Սեպտեմբերի 7, 2016
Պաշտոնական

«Այբ» դպրոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրի միջազգային ճանաչմանը։ Ասուլիսին մասնակցել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ականատեսն ենք շատ կարևոր ծրագրի արդեն փորձնական կիրառման, որը ոչ պակաս գեղեցիկ անվանում ունի՝ «Արարատյան բակալավրիատ»:

«Երբ ասում ենք, որ մեր կրթական համակարգը պետք է համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին, կարևոր է այն ոչ միայն ձևական իմաստով ճանաչելի դարձնել, այլև Հայաստանում իրականում ձևավորել կրթական արդյունք, որի բոլոր փուլերը հնարավոր լինի մատուցել մեր երկրում: Օրինակ, եթե ունենք լավ դպրոց, բայց չունենք լավ բուհ, ապա կրթական շղթան չի ամբողջանա: Ուստի, վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվում է մի կրթական համակարգ, որը ազգային է, բայց միաժամանակ հասկանալի աշխարհի համար: Այդ առումով կարևոր է, որ առաջին անգամ հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվում է՝ որպես լիարժեք գործող միջազգային ծրագիր: Այսինքն, ՀՀ-ում ունենք այլընտրանքային ծրագիր, որ ունի բավականին բարձր միջազգային որակ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն անցումային փուլում՝ հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն, որդեգրել է ամերիկյան ձևաչափը, երբ ձևավորվել է թեստավորման կենտրոնը. վերջինիս միջոցով անցում է կատարվում ավագ դպրոցից բուհ: ««Արարատյան բակալավրիատ» ծրագրով ունենում ենք երկրորդ ճանապարհը՝ գերազանցության կենտրոն, որի չափանիշները բարձր որակակական պահանջների մեջ են, հետևաբար ՀՀ կրթական համակարգն աստիճանաբար պետք է անցնի դրան: Բոլոր ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու՝ երկու ճանապարհից ընտրել մեկը, ուղղակի երկրորդն ապահովելու է նաև միջազգային արդյունք: Պետք է փորձել ծրագիրն իջեցնել հնարավորինս լայն հատված, օրինակ՝ գերազանցության դասարաններ, թեկնածու դպրոցներ, այսինքն՝ շարժում սկսել, որ յուրաքանչյուր դպրոց հասկանա, որ այս ճանապարհն իր համար է, և որ այն ունի այլընտրանք, եթե կարողանա վերակազմակերպել իր աշխատանքը: Կարևոր է, որ չէլիտարացվի համակարգը: Այս ամենին պատրաստվելու համար մեկ ամսվա ընթացքում կկազմենք ծրագիր, որ դպրոցները կարողանան մասնակցել այդ իրավունքի մրցույթին»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացմանն ուղղվել են նաև պետբյուջեի միջոցներ, հատկապես մեթոդաբանական, գաղափարական հենքի ձևավորման ժամանակ: «Եթե կարողանանք ծրագիրն այնպես ինտեգրել մեր կրթական համակարգին, որ հետո ունենանք բակալավրական և մագիստրոսական ծրագրով շարունակություն, ապա Հայաստանում կստանանք կրթական կլաստեր՝ իր սկզբնական կրթությունից մինչ վերջին փուլ: Հայատառ ծրագրի ճանաչումը կարևոր ձեռքբերում է, ուղղակի պետք է փորձել այդ ճանապարհին ապահովագրվել կրթության որակի կորուստներից: Հույս ունենք, որ մոտակա երկու տարիներին կտարածենք այս փորձը ՀՀ բոլոր մարզերում», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ պետք է ուշադրություն դարձնել նաև փոքր դպրոցներում որակի պահպանման և ձևաչափի, մեթոդոլոգիական լուծումներ տալու խնդրին:

ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանն իր հերթին տեղեկացրել է, որ ամփոփվել է «Արարատյան բակալավրիատի» միջազգային ճանաչման գործընթացը: «Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության կողմից /UK NARIC/ ծրագիրը ճանաչվել է՝ որպես միջազգային գերազանցության հարթակ: Ծրագիրը լիովին համապատասխանում է բրիտանական A և ամերիկյան Advanced Placement մակարդակներին: Այսինքն՝ այսուհետ հայ երեխաները հայերենով կարող են հանձնել քննություններ և դրանց հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ կամ իրենց արդունքները կրեդիտավորել այդ բուհերում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի հիմնական նպատակն է՝ լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլոր հայ երեխաներին, և այդ կրթական պլատֆորմը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այն տարածել ողջ հանրակրթական համակարգում: «Ծրագրի շրջանակում պատրաստվել և վերապատրաստվել են համապատասխան ուսուցիչներ, մասնագիտական կազմ, որ պատրաստ է աշնանից ձեռնամուխ լինել վերոնշյալ գործընթացի իրականացմանը: Ծրագիրն ապագայում դառնալու է մագիստրատուրայի ծրագիր ՀՀ 2 համալսարաններում: Ծրագրի մյուս գործոնը միջազգային քննություններն են. այս գարնանն առաջին անգամ «Այբ» դպրոցում անցկացվել են Քեմբրիջի համալսարանի խորացված մակարդակներին համազոր միջազգային քննություններ: Այդ արդյունքներով արդեն մեր շրջանավարտները սովորում են աշխարհի լավագույն բուհերում: Առհասարակ, քննությունների արդյունքները շատ տպավորիչ են, այդ թվում՝ Քեմբրիջի մասնագետների համար»,-նշել է նա:

Ասուլիսից հետո բանախոսներն առաջին անգամ հայերենով անցկացված, բայց միջազգայնորեն ճանաչելի «Արարատյան բակալավրիատի» առաջին քննությունների հավաստագրեր են հանձնել են դրանք հաջողությամբ հաղթահարած աշակերտներին: Այդ հավաստագրերը հնարավորություն կընձեռեն աշակերտներին՝ առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք բարձրակարգ համալսարաններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…