ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը»

Ապրիլի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում անցկացրել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողովին մասնակցել են ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

Համաժողովը բաղկացած էր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերներ և գործողություններ» և «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրների շուրջ» խորագրերով 2 նիստերից:

Առաջին նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանում հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

Երկրորդ նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (խոսնակներ՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյան, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան, Հայաստանի պատմության թանգարանի գիտական քարտուղար Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Նժդեհ Երանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Վիկտորյա Իսահակյան):

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Խոսելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատմաքաղաքական նոր իրողությունների համատեքստում ապրիլի 18-ը մեզ համար ոչ այնքան մասնագիտական տոն է, որքան նոր մարտահրավերների և խնդիրների իմաստավորման առիթ ու հարթակ։ Անդրադառնալով համաժողովի նպատակներին և կարևորությանը՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ այն տեղի է ունենում հստակ նպատակադրումներով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։

«Ցավոք, մեծ է կորուստների ու արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը։ Քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը քաղաքակրթական ու արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել։ Մինչդեռ Մատենադարանը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ իրականանում է համաժողովը, խորհրդանիշն է այլ մշակույթների հանդեպ հայերի հարգանքի, մարմնացումն է հայ մարդու լայնախոհության և իմաստության։ Անհերքելի իրողություն է՝ հայկական ձեռագրերին զուգահեռ՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ նույն պատասխանատվությամբ պահպանել է հազարավոր օտարալեզու մատյաններ։

Այսօր մենք կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի արտահայտության անհետացման լրջագույն վտանգի առջև։ Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի՝ հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը»,- փաստել է Վ. Դումանյանը՝ ավելացնելով, որ դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ նույն ժամանակ այդ պետության ներսում բացվում է, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտություն է:

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմների մշակումն է։

«Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ գիտական ու հասարակական կառույցներ, գերատեսչություններ։ Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ Համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացնելու ենք կատարված աշխատանքի ամբողջական պատկերը և ուրվագծելու ենք առաջնահերթ անելիքները»,- տեղեկացրել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ քննարկումներում ընդգրկված են բոլոր պատասխանատու և շահագրգիռ կողմերը՝ ինստիտուցիոնալ մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպությունները, հոգևորականները, հուշարձանագետներն ու փորձագետները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար իր խորին երախտագիտության խոսքն է ուղղել պետական ու միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին։

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն տասնյակ մարդկանց, որոնք 44-օրյա պատերազմի օրերին մասնակցեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Նախարարության շնորհակալագրերը նրանց կհանձնվեն այսօր երեկոյան կայանալիք բացօթյա համերգին, որը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում ունեցած ներդրման համար նա շնորհակալագրեր է հանձնել Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին:

Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին` ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշներ: Գնելով նամականիշները՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…