«Yerervan EXPO» ցուցասրահում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տաղավարն այցելուների պակաս չի ունեցել. ցուցադրվել են բուհի հրատարակությունների ընտրանին, գովազդային գրքույկները, բուհի մասին տեսահալովակները և վիրտուալ տուրը: Այցելուների մեծ մասը հետաքրքրված ու հարցասեր դպրոցականներ էին, որոնք սպառիչ տեղեկություններ են ստացել բուհի կրթական ծրագրերի, վարձավճարների, համալսարանական գիտակրթական միջավայրի, ձեռքբերումների և ընդունելության գործընթացի վերաբերյալ: ՀՊՏՀ տաղավարի այցելուներից էին նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողները։ Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել դիմորդի աջակցման տեղեկատվական, ճանաչողական հերթական միջոցառումը:
Ցուցահանդեսի առաջին օրը Երևանի պետական համալսարանի տաղավարում հանդես է եկել բնագիտական թևը. աշակերտները ծանոթացել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների կատարած հետաքրքիր փորձերին:
«Տաղավարում ներկայացված են օրինակներ՝ մեր ինստիտուտի սեփական արտադրության և համագործակցության արդյունքում առաջացած նյութերի, օրինակ՝ յուղերն արտադրում ենք ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ միասին, իսկ դեղամիջոցները պատրաստել են անձամբ մեր ուսանողները»,- մեզ հետ զրույցում ներկայացված օրինակները ներկայացրել են ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները: Տաղավարում միաժամանակ հետաքրքրաշարժ փորձեր և ցուցանմուշներ են ներկայացրել բուհի քիմիայի ֆակուլտետի սաները: Ցուցահանդեսի երկրորդ օրը ԵՊՀ տաղավարում ներկայացվել է Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Մշակույթի կենտրոնի, իսկ վերջին օրը՝ Պատմության, Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությունը: Բացի դրանից՝ ցուցահանդեսի կոնֆերանս սրահում ցուցադրվել են տեսանյութեր՝ ԵՊՀ-ի միջազգային գործունեության մասին: ԵՊՀ-ի տաղավարում ցուցադրվել է նաև աշխարհի հնագույն՝ 5000-ամյա կաշվե կոշիկի կրկնօրինակը (ԵՊՀ պատմության թանգարան):
Երևանում Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը գործում է 2015 թվականից, ցուցահանդեսին ներկայացրել է բուհի մասնագիտությունները. բակալավրիատում՝ տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, կիրառական մաթեմատիկա, լեզվաբանություն և ժուռնալիստիկա, իսկ մագիստրատուրայում՝ իրավաբանություն, միջազգային հարաբերություններ և տնտեսագիտություն: «Մեր բուհում առարկաների մեծ մասը վարում են ռուս դասախոսները, որոնք գործուղվում են Երևան: Շրջանավարտներին տրվում է մայր բուհի դիպլոմը, այսինքն՝ ավարտական վկայականում չի նշվում մասնաճյուղ: Համալսարանի առավելությունն այն է, որ հայ ուսանողները հնարավորություն ունեն մնալ իրենց հայրենիքում և չլքել այն՝ ստանալով նույն որակի կրթություն, ինչ Մոսկվայում՝ դրա համար վճարելով 2-3 անգամ քիչ»,- ասում է բուհի արտաքին կապերի վարչության աշխատակից Լիլիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ բուհում ուսանողական կյանքը եռում է. սովորողները մասնակցում են տարբեր մրցույթների, որի արդյունքում ունեն բազմաթիվ մրցանակներ:
Ցուցահանդեսին ներկայացել է նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, որը ստեղծվել է 1997 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը: ԳԱԱ գիտակրթական միջազգահի կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանի խոսքով՝ ակադեմիայի տարբեր ինստիտուտներում տեղակայված են կենտրոնի ամբիոնները:
«Ընդունվելով մեր կենտրոն՝ ուսանողները դառնում են հետազոտող և հնարավորություն ստանում իրականացնել իրենց գիտական աշխատանքը: ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնել անցումը կրթությունից դեպի գիտական գործունեության»,- ասում է մեր զրուցակիցը:
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով:
«Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է, որոնք իրենց նեղ մասնագիտական ունակություններով կարողանան ապահովել հաջող և գերազանց մարտական առաջադրանք»,- ասում է կուրսանտ Սմբատյանը:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը ներկայացրել է ուսհաստատության տաղավարը՝ նշելով, որ շրջանավարտների 85-90 տոկոսն ընդունվում է տեղական ռազմական բուհեր, իսկ որոշ մասը՝ ՌԴ և արտերկրի բուհեր, եթե վարժարանին ընդունելության տեղ են հատկացնում տվյալ ժամանակահատվածի համար:
«Վարժարանը հագեցած է ժամանակակից միջոցներով՝ մարզական և ռազմագիտական մասնագիտացված ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի շեշտը դրել ենք ակտիվ գործնական պարապմունքների վրա: Հաստատությունում իրականացրել ենք նաև նոր փոփոխություններ՝ ուսման որակի բարձրացման ուղղությամբ, որդեգրել նոր մեթոդներ՝ 21-րդ դարի կրթության պահանջներին համապատասխան»,- ընդգծել է նա:
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տաղավարում իրենց մասնագիտությունն են ներկայացրել Ֆիզիկական վերականգնման ամբիոնի ուսանողները` կինեզիոլոգները: ՀՖԿՍՊԻ տաղավարում իրենց ուժերը շախմատում փորձել են շախմատիստ գրոսմայստեր Աննա Սարգսյանը, բուհի ռեկտորը և ապագա դիմորդները: Ինստիտուտի հոգեբանության ամբիոնի դասախոս Վարդան Գեղամյանն այցելուներին է ներկայացրել հոգեախտորոշիչ բազմագործուն սարքը, որը կիրառվում է հոգեբանական սպասարկման ոլորտում ոչ միայն մարզիկների, այլ նաև ոստիկանների, զինվորների և նմանօրինակ այլ մասնագիտությամբ անձանց համար:
«Այն իմ հեղինակային սարքն է, որը ստեղծել եմ գիտական աշխատանքի համար: Հետագայում սարքի միջոցով աշխատել եմ Հայաստանի ըմբշամարտի և շախմատի հավաքականների հետ»,- մեզ հետ զրուցում ասում է Վարդան Գեղամյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Սերունդ» գինով, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագետների ու ուսանողների ստեղծած հացատեսակներով ու հրուշակեղենով, ինչպես նաև հիմնափոխված կրթական ծրագրերով էր ներկայացել «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսին: Բուհի աշխատակազմի և ուսանողների ներկայացմամբ՝ ՀԱԱՀ-ի տաղավարի այցելուները, այդ թվում՝ դպրոցականները, լիարժեք տեղեկություններ են ստացել համալսարանի ագրոտեխնոլոգիական փոխակերպման ընթացքի մասին, ծանոթացել տեխնոլոգիական նոր մոդելներին և համտեսել համալսարանում ստեղծված բարիքները: Բուհի աշխատակիցները նշել են, որ համալսարանի ջերմատան բերքը, որը ուսանողների աշխատանքի արդյունք է, ուղղվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որպեսզի նրանք մշտապես ստանան թարմ մթերք: Բուհի ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են իրենց ստեղծած սարքը, որը գազի արտահոսքի դեպքում այդ հոսքը միանգամից կասեցնում է. այն օգտագործվում է նաև մեքենայի անվտանգության համակարգում: Ուսանողները ցուցադրել են նաև իրենց պատրաստած ավտոմատ ջրման սարքը:
Ցուցահանդեսին ներկայացել է նաև շուրջ 150 տարվա պատմություն ունեցող Երևանի պետական հումանիտար քոլեջը: Ներկայացվել են հիմնական մասնագիտությունները՝ ապահովագրական գործ, բանկային գործ, գործավարություն, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում, արխիվավարություն, զարդակիրառական արվեստ ու ժողովրդական արհեստներ:
«Ներկայացված բոլոր մասնագիտություններն աշխատաշուկայում պահանջված են: Ուսումնառության ավարտին տրվում է այնպիսի որակյալ կրթություն, որից հետո ուսանողների մեծ մասն աշխատում է իր մասնագիտությամբ: Սա մեր քոլեջի հիմնական առավելությունն է»,- նշում է քոլեջի ուսանողուհի Անին:
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաները ցուցահանդեսին ներկայացրել են իրենց ստեղծած նախագծերը՝ կուրսային և դիպլոմային աշխատանքները: Հիմնականում ներկայացվել է «Մեխատրոնիկա» մասնագիտությունը, որի շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ: Ուսանողները մեծ ոգևորությամբ ներկայացրել են իրենց պատրաստած ռոբոտները, որոնք կառավարում են հեռախոսի միջոցով: Անդրադարձ է եղել նաև ուսանողների ստեղծած 3 D պրինտերին, որը զրոյից են հավաքել, և քոլեջի ավտոմատացված զանգին: Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:
Ալան Թյուրինգի ծրագրավորման փիլիսոփայության դպրոցն այցելուներին ներկայացրել է իր առաջարկած ծառայությունները: «Դպրոցն իրականացնում է ծրագրավորման դասընթացներ և պրակտիկա, կազմակերպում դասընթացների փաթեթներ՝ ծրագրավորման տարբեր լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Այս ամենը մեր թիմային աշխատանքի արդյունքն է»,- մեզ հետ զրույցում նշում է դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:
«Թիմ լիդեր» բիզնես դպրոցն իր դռները կբացի մայիսի 15-ից՝ 10-15 տարեկան երեխաների համար: Վերջիններիս համար կկազմակերպվեն տարբեր ուղղվածության դասեր, որից հետո երեխաները կընտրեն իրենց բիզնես մասնագիտությունը:
«Ամռանը մեր դասերը կանցկացվեն ճամբարային ձևաչափով՝ հանգստյան օրերին, որի ընթացքում երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել իրենց մասնագիտությունը՝ ֆինանսիստ և շուկայագետ, որպեսզի ապագայում նրանք կարողանան կառավարել իրենց ստացած եկամուտը»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Անահիտ Թոփուզյանը՝ ընդգծելով, որ դպրոցում կդասավանդվեն նաև խոհարարարական, զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի հմտություններ:
«Golden Palace» հյուրանոցի կադրերի գծով պատասխանատուներն իրենց տաղավարում ներկայացրել են հյուրանոցում առկա թափուր հաստիքները: «Ցանկանում ենք այդ հաստիքները ներկայացնել ուսանողներին, հավաքագրել վերջիններիս տվյալները, ներգրավել նրանց այդ գործընթացում և հետագայում դիտարկել աշխատանքի տեղավորման համար: Այս պահին ունենք 4 թափուր հաստիք, որի թիվն անընդհատ փոփոխվում է»,- մեզ հետ զրույցում ասում է հյուրանոցի աշխատակից Իննան:
Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ