ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թթ.-ի գործողությունների պլանի նախագիծը

Մայիսի 13, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ դեռևս 2014 թվականին Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Այս ընթացքում ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։

2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը կազմել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը՝ «Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի» և Գերմանիայի կառավարության աջակցությամբ: Ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վերջինս պատասխանատու է ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության համար: Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն և մյուս կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու իրականացման համար:

Նոր ծրագրի նախագծով ամփոփվում է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև ներկայացվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և նրանց ուղղված ծրագրերը, դրանց արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։ Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների ծրագրեր. օգնել երկրի բնակչությանը, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը գործարկվել է 2014 թ.-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:

Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)

ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:

2021-2025 թթ. գործողությունների ծրագիր

2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:

Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)