ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտվեց Մ23 տարեկան Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Մայիսի 24, 2021
Սպորտային լուրեր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատ ոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 9 ըմբիշով:

Ազատ ոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար պայքարում 1։6 հաշվով զիջեց վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն։ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը նույնպես եզրափակչում 0:4 հաշվով պարտվեց ռուս Չերմեն Վալիևին և դարձավ արծաթե մեդալակիր: Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճեց 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներն ավելի հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Օթար Աբուլաձեի նկատմամբ, ապա 7:0 հաշվով գերազանցեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին և կիսաեզրափակչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ՝ հաղթելով 4:1 հաշվով: Եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրի Կուլիկին և կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին:

60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Մինասյանը, իսկ 63 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Հրաչյա Պողոսյանը. նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության հասավ շվեդ Նիկլաս Օհլենի նկատմամբ: 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սամվել Գևորգյանն ուժերը չափեց վրացի մարզիկի հետ և առավելության հասավ 11:4 հաշվով: Ծանրքաշային Դավիթ Օվասափյանը դարձավ արծաթե, իսկ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Ընդհանուր հաշվարկում ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն այս առաջնությանը նվաճեց 10 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն