ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անժելա Խորենյան․ «Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերը համալրվում են նորերով»

Հունիսի 21, 2021
Մշակութային լուրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, որտեղ մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների, կրթական և ինտերակտիվ ծրագրերի միջոցով այցելուները հաղորդակցվում են Իսահակյանի գրական ժառանգությանը:

Թանգարանը վերջին տարիներին առավել ակտիվորեն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցում ընդգրկված են ՀՀ հանրակրթական դպրոցների բոլոր տարիքային խմբերի երեխաները:

«Վերջին տարիներին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը լայն թափով իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ թանգարանի այցելուների թիվը կտրուկ աճել է: Ուսումնասիրելով հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերը, որոշեցինք ստեղծել այնպիսի կրթական ծրագրեր, որոնք լավագույնս կնպաստեն դպրոցական ծրագրերում Իսահակյանի ստեղծագործությունների յուրացմանը, ինչպես նաև կծանոթացնեն գրողի մյուս ստեղծագործություններին, կյանքին և գործունեությանը: Հաշվի ենք առել նաև ծրագրերում տարիքային խմբերի ներգրավվածության կարևորությունը, որպեսզի կրթական ծրագրերում ընդգրկված լինեն բոլոր երեխաները»,- նշել է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը և հավելել, որ ծրագրերը կազմվել են Իսահակյանի հեքիաթների, առակների, պատմվածքների, մտորումների, հուշագրությունների, ասույթների հիման վրա:

Տնօրենի խոսքով՝ մշակման փուլում կարևորվել է ծրագրերի ուսուցողական, արդիական, ինտերակտիվ լինելու հանգամանքը, և որպես օրինակ է բերում մեր հայրենիքի կենսունակության աղբյուր հանդիսացող Սևանա լճի խնդիրը, որի վերաբերյալ Իսահակյանը բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտել: Այդ մտորումների հիման վրա ևս մշակվել է կրթական ծրագիր, որին մեծ սիրով մասնակցում են 6-7 դասարանների աշակերտները:

«Երեխաները բոլոր ծրագրերին մեծ սիրով են մասնակցում, քանի որ դրանք չափազանց հետաքրքիր և գեղեցիկ են՝ ինտերակտիվ մեթոդի վրա կառուցված: Օրինակ՝ «Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» ծրագիրը ստեղծվել է Իսահակյանի հուշերի հիման վրա, որի շրջանակում երեխաները փայտե մանրակների միջոցով Իսահակյանի տողերով կառուցում են Անիի պարիսպները, իսկ «Արևի մոտ» կրթական ծրագիրն ավելի դաստիարակչական բնույթի է․ սովորեցնում է հոգատար և կարեկից լինել դիմացինի նկատմամբ»,- ներկայացնելով ծրագրերը՝ ասում է թանգարանի տնօրենը և ընդգծում, որ դրանք հավանության են արժանանում նաև ուսուցիչների կողմից, ինչի մասին հաճախ են բարձրաձայնում:

Խոսելով առաջիկա կրթական ծրագրերի մասին՝ Անժելա Խորենյանը նշել է, որ չնայած կրթական ծրագրերի բազմազանությանը՝ թանգարանը նաև նոր ծրագրերի կարիք ունի․ «Գործող ծրագրերին զուգահեռ՝ նախատեսում ենք նաև նորերը: Հիմա քննարկման փուլում են գտնվում երկուսը, որոնց իրականացման համար որպես հարթակ նախատեսում ենք օգտագործել թանգարանի նկուղը: Կարծում եմ, որ համապատասխան ձևավորմամբ այդ միջավայրում հետաքրքիր կլինի ստեղծել «Ստվերների թատրոն» և թատերական խմբակ, որտեղ երեխաներն Իսահակյանի հեքիաթների և առակների հիման վրա բեմադրված ներկայացումներում հանդես գալու հնարավորություն կունենան»:

Տնօրենի տեղեկացմամբ՝ թանգարանում տարիներ շարունակ գործում է նաև «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն իսահակյանական աշխարհում ստանում են գիտելիքներ և հմտություններ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների միջոցով:

«Մշակված բազմազան ծրագրերով և ժամանակացույցով՝ ժամը 12:00-16:00-ը, ապահովում ենք երեխաների ժամանցը: Թանգարանում ամառային դպրոցի առկայությունը ծնողների կողմից հավանության է արժանանում, որովհետև այստեղ երեխաները ոչ միայն խաղում և զբաղվում են, այլև հաղորդակից են դառնում թանգարանային միջավայրին, փոքր տարիքից սովորում են թանգարանում գործող կանոններին, համապատասխան պահվածքին, ծանոթանում նմուշներին, հասկանում դրանց արժեքն ու կարևորությունը»,- ասել է Անժելա Խորենյանը և երեխաներին հրավիրել մասնակցելու թանգարանում գործող կրթական ծրագրերին:

«Ավ. Իսահակյան. «Եղնիկը» կրթական ծրագրի ընթացքում երեխաներն ընթերցում և քննարկում են գրողի «Եղնիկը» պատմվածքը, հարցերի միջոցով վերապատմում բովանդակությունը: Այնուհետև ծրագրի մասնակիցներն ապլիկացիայի միջոցով ստեղծում են անտառի գեղեցիկ պատկեր, որտեղ երազում էր ապրել եղնիկը, իսկ հեքիաթային ծառի տերևների վրա գրում և փակցնում են բնությունը, շրջակա միջավայրը մաքուր պահելու և պահպանելու իրենց ցանկություններն ու մաղթանքները: Ծրագիրը երեխաներին սովորեցնում է սիրել բնությունը, բնության հետ ապրել հաշտ և ներդաշնակ: Նախատեսված է 2-6-րդ դասարանների աշակերտների համար:

«Ես բնության մի մասնիկն եմ» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են մայր բնությանը սպառնացող վտանգներին, փորձում են բացահայտել այդ խնդիրների առաջացման պատճառները, «խոսել» բնության հետ: Ինտերակտիվ խաղի միջոցով երեխաները՝ որպես բնության բարեկամ ու պաշտպան, փորձում են ձևակերպել այդ խնդիրների լուծմանն ուղղված իրենց քայլերը՝ հասկանալով մարդու դերը բնության պահպանության գործում: Նախատեսված է 3-10-րդ դասարանների աշակերտների համար:

«Իմ հեքիաթի գույները» կրթական ծրագրի ընթացքում հեքիաթի արտասովոր միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստության այս տեսակին, տարբեր ժողովուրդների հեքիաթների առանձնահատկություններին, հեքիաթագիրներին և գույների ներկապնակի միջոցով փորձում են կերտել իրենց հեքիաթը: Նախատեսված է 8-12 տարեկան աշակերտների համար:

«Մանկության թևերով» կրթական ծրագրի շրջանակում երեխաները մտովի տեղափոխվում են Ավ. Իսահակյանի մանկության հեքիաթային աշխարհ և օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի մանրակերտը: Նախատեսված է 1-6-րդ դասարանների աշակերտների համար:

«Արևի մոտ» կրթական ծրագրի շրջանակում երեխաները մասնագետի օգնությամբ ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը և գունավոր թղթերով ստեղծում հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր: Նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար:

«Աշխարհում ամենալավն իմ տունն է» կրթական ծրագրի շրջանակում երեխաները մասնագետի օգնությամբ կարդում են Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» ստեղծագործությունը և թեմատիկ դեկորների միջոցով ինքնուրույն բեմադրում այն: Նախատեսված է 1-6-րդ դասարանների աշակերտների համար:

«Սևանը Հայաստանի աչքն է» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են Սևանի նկատմամբ բանաստեղծի մեծ սիրուն և պաշտամունքին, ինչպես նաև տեղեկանում են Սևանին սպառնացող վտանգների մասին: Այնուհետև թանգարանի աշխատակցի օգնությամբ պատրաստում են Սևանի մանրակերտը՝ մաղթանքներ հղելով Սևանին: Նախատեսված է 5-7-րդ դասարանների աշակերտների համար:

«Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» կրթական ծրագրի շրջանակում երեխաներն Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում և հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում են Անիի պարիսպների մանրակերտը: Նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար:

«Թանգարանը քո ձեռքերում» կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները դիտելու, շոշափելու, չափելու և թանգարանային առարկաների համար վկայագրեր կազմելու բացառիկ հնարավորություն են ստանում: Ծրագիրն օգնում է մասնակիցներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Նախատեսված է 12-ից բարձր տարիքի երեխաների համար:

«Ինչ է ասում առակը» կրթական ծրագրի շրջանակում երեխաներն ինտերակտիվ միջավայրում ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, սովորում են, թե ինչ է «պատմում» առակը: Խաղերի և մուլտֆիլմերի օգնությամբ ծանոթանում ու քննարկում են Իսահակյանի առակները, կազմում են գիրք և գունազարդում այն: Նախատեսված է 2-6-րդ դասարանների աշակերտների համար:

«Նամակ զինվորին» կրթական ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են նամակի պատմությանը, ընթերցում հատվածներ Ավ. Իսահակյանի` տարբեր տարիներին գրած նամակներից: Այնուհետև հայկական բանակում ծառայող զինվորներին նամակներ են գրում, որոնք թանգարանի աշխատակիցների օգնությամբ ուղարկվում են զորամասեր: Նախատեսված է 8-14 տարեկան երեխաների համար:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)