ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյան. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ»

Հուլիսի 6, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է քննարկել հայ-իրաքյան սպորտային համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Սաֆվան Մոհամեդ Մահմուդին, Իրաքի կարատեի ազգային հավաքականի մարզիչ Ֆլահ Բադրին, «Ոսկյա գավաթի» գործադիր տնօրեն Մոհամմեդ Սայեդին և «Baldyt al mousel» մարզական ակումբի նախագահ Սամի Սլիման Մահմուդին, որոնց ուղեկցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Վերջիններս ներկա են եղել հուլիսի 2-4-ը Երևանում կայացած WKF օլիմպիական կարատեի միջազգային բաց մրցաշարին՝ «Yerevan Open»-ին: Խոսելով 12 երկրի շուրջ 360 կարատեիստի մասնակցությամբ մրցաշարի մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փաստել է, որ այն անցել է բարձր մակարդակով, և վստահեցրել՝ նախարարությունը կանի հնարավորը նմանօրինակ մրցումների անցկացմանն աջակցելու համար: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հնարավոր համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մարզական ենթակառուցվածքները՝ ընդգծելով հատկապես Ծաղկաձորի մարզաբազայի ընձեռած հնարավորությունները:

«Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Անդրադարձ է եղել Տոկիոյում կայանալիք առաջիկա Օլիմպիական խաղերին, որում Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ, իսկ Իրաքը ներկայացուցիչ չունի: Կարեն Գիլոյանը Հայաստանում հենակետային մարզաձևերի զարգացման փորձը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրող այլ թեմաների շուրջ, քննարկվել են պաշտոնական այցերի և առավել գործնական համագործակցության անցնելու հնարավորությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն