ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Հուլիսի 12, 2021
Մշակութային լուրեր

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Հոբելյանական հանդիսությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, բազմաթիվ հյուրեր, մեծանուն կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ։

Ողջույնի խոսքում Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակազմին, մասնավորապես՝ ղեկավար Նորայր Նազարյանին՝ հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ անհատականություններից մեկի՝ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի համերգին նոր բովանդակություն և իմաստ հաղորդելու համար․ «Ես հույս ունեմ, որ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող ստեղծագործական տանը կազմակերպված հոբելյանական համերգով այս կառույցում բուռն ստեղծագործական վերելքի սկիզբը կդրվի»։

Խոսելով կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին՝ Ա․ Խզմալյանը նկատել է, որ Էդվարդ Միրզոյանը տաղանդավոր էր կյանքի բոլոր ասպարեզներում․ «Զարմանալի է, թե ինչպես կարող էր մարդկային մի կյանքում տեղավորվել այսքան գործ և մեզ թողնել այսքան հարուստ ժառանգություն։ Բոլորս գիտենք, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ գործ ունենք մեծանուն և մեծատաղանդ կոմպոզիտորի հետ․ սա փաստ է։ Հետհայացք նետելով նրա անցած ուղուն՝ կարող ենք ասել, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ մենք գործ ունենք նաև օրինակելի քաղաքացու և զարմանալի հասարակական գործչի հետ։ Նա կարողացել է ստեղծել հարաբերությունների մի այնպիսի որակ, որոնք ապահովել են մշակութային կարևոր ենթակառուցվածքներ։ Այսինքն՝ մենք միաժամանակ գործ ունենք դիվանագիտական հմտություններ և բացառիկ քաղաքական բնազդ ունեցող անհատականության հետ։

Ինքն իր մասին հաճախ ասում էր՝ ես 90 տարեկան տղա եմ։ Եվ հենց այդպես էլ ապրում էր՝ տղայի սիրահարվածությամբ։ Ամենամեծ բանը, որ երիտասարդներս պետք է յուրացնենք նրա անցած ճանապարհից, չհուսահատվելն է։ Պետք է պատասխանատվության զգացում ունենանք նրա թողած մեծ արվեստի հանդեպ։ Սովորենք այն արվեստը, որին այդքան փայլուն տիրապետում էր Էդվարդ Միրզոյանը, իսկ դա ապրելու արվեստն է»։

Դիլիջանի Է․ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճի բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները։ Ցուցադրվել է մեծանուն կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ճանապարհի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։

Հոբելյանական համերգը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանն անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ։ Հոբելյանական համերգը ոչ միայն հարգանքի տուրք էր մեծանուն կոմպոզիտորի հիշատակին, այլև նրա անունը կրող ստեղծագործական տան հանրահռչակմանը, ներդրում կատարողների ուշադրությունը գրավելու և կառույցի նորովի վերածննդին նպաստելու նպատակ ուներ։

1963 թվականին հիմնադրված ստեղծագործական տունը 2013 թվականից կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը կարևոր ներդրում է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում․ նա ուշադրությամբ հետևել է շինարարությանը։

Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը։

Նշենք, որ մինչև համերգը ԿԵԱԿ-ը ստեղծագործական տան հարակից հատվածներում իրականացրել է մաքրման աշխատանքներ։

Համերգի բարձրակարգ հնչողության ապահովման նպատակով Դիլիջան են տեղափոխվել համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)