ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

Հուլիսի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը:

Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել դիտողություններն ու առաջարկները և ըստ այդմ՝ լրամշակել այն:

Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը բուհական հանրության հետ ձևավորել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ասպիրանտական կրթության (այդ թվում՝ գիտամանկավարժական կադրերի պատրաստում) խնդիրների վերհանում և նոր հայեցակարգի մշակում։

Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ:

Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները:

Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով:

Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:

Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով:

Կարևորվել է գիտական հետազոտություն կատարողների արդյունավետության ապահովումը: Ինչպես Կ. Թռչունյանն է ներկայացրել, պաշտպանողների թիվը չի գերազանցում 40 տոկոսը. «Ստացվում է՝ պետական ֆինանսավորումն օգտագործվում է ոչ արդյունավետ: Պետք է հստակեցնել՝ բուհերը պատասխանատվություն կրո՞ւմ են, ներսում վերլուծություններ անու՞մ են, թե՞ ոչ»:

Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի:

Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք:

Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը:

Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:

Նշենք, որ ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հիմնադրույթներով և վերափոխված պահանջներով, ինչպես նաև ապահովում է համաեվրոպական չափանիշներին դոկտորական կրթական ծրագրերի համապատասխանեցումը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)