ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Հուլիսի 30, 2021
Մշակութային լուրեր

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.):

Գեղաթերթիկի վրա պատկերված են Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» և «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը տվյալ հավելվածով՝ կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Մի ամբողջ սերունդ է դաստիարակվել մեծ երաժիշտ, կոմպոզիտոր, խորհրդային սիրված մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ։ Շատ ենք կարևորում նմանատիպ ֆիլատելիստական արտադրանքի միջոցով հայկական մշակույթի ներկայացումն ու մեծանուն հայերի մասին տեղեկատվության մատուցումն ամբողջ աշխարհին։ Մեզ համար առանձնահատուկ ողջունելի է այսպիսի արտադրանքներում բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նախ և առաջ անդրադարձել է «ՀայՓոստի» հետ համագործակցության բարձր մակարդակին, որի շրջանակում արդեն թողարկվել են հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված և Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշերը:

«Եվ այսօր թողարկվում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշը: Մարդ, որի անունը դարձել է լավատեսության, կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ամենուր հնչեցնել Բաբաջանյանի երաժշտությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ նախորդ օրերին Կապանում և Գորիսում Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Վահագն Հայրապետյան» տրիոյի հետ կատարել է մեծանուն կոմպոզիտորի՝ հանրության կողմից սիրված և ճանաչված ստեղծագործություններն ու դրանց ջազային մշակումները՝ բարձր տրամադրություն, լավատեսություն պարգևելով սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Արա Խզմալյանը շնորհավորել է բոլորին այս գեղեցիկ նախաձեռնության՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման կապակցությամբ և տեղեկացրել, որ մինչև տարեվերջ և հաջորդ տարի կոմպոզիտորին նվիրված միջոցառումները լինելու են շարունակական:

«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի հավաստմամբ՝ մեկ նամականիշով այս գեղաթերթիկը եզակի է իր ձևաչափով. «Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ, ինչի համար ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր ARLOOPA-ին: «ՀայՓոստը» շարունակելու է իր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնենք նամականիշերի նկատմամբ»:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են ունենում խարիզմա. «Մենք հպարտանում ենք, որ Առնո Բաբաջանյանն այն մեծություններից է, ով իսկապես խարիզմա ուներ և կրթել է մի ամբողջ սերունդ»:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանն էլ անդրադարձել է Առնո Բաբաջանյանի ժառանգության հանրահռչակման գործընթացին. «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել և պահում Առնո Բաբաջանյանին և նրա թողած ժառանգությունը՝ կոմպոզիտորի գործերը ներկայացնելով տարբեր համերգների ընթացքում: Մասնավորապես, պետք է շեշտեմ, որ նոր ենք վերադարձել Կապանից և Գորիսից, որտեղ նաև ներկայացվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մեր բացառիկ նախագիծը, որն իրականացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն: Բացի դրանից՝ նախագիծը ներկայացնելու ենք հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին Կամերային երաժշտության տան զբոսայգում՝ ևս մեկ անգամ արժանին մատուցելու Բաբաջանյանի գործունեությանը և բոլորովին նոր գործիքավորմամբ կատարելու նրա ստեղծագործությունները»:

Թողարկման օրը` 30 հուլիսի 2021 թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…