ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Օգոստոսի 25, 2021
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:

Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանում դեռևս փետրվար ամսին կատարված փոփոխություններով դասարանում աշակերտների թիվը 20-ից ավելի կարող է լինել: Նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ: Դասարաններում 20-ից ավելի սովորողների թվով ուսումնական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը:

«Եթե դասարանում սովորողների թիվը 20-ից ավելի է, ապա մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարան, իսկ ԿԳԳՄՍՆ ենթակայության դպրոցները` նախարարություն, և ԿԳՄՍ նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է, որն ապահովելու դեպքում դպրոցները կարող են հրաժարվել կիսված դասարաններով աշխատելու և օրումեջ դասի գնալու աշխատաոճից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների պահպանումը:

Զուգահեռաբար պահպանվում է նաև այն կարգավորումը, ըստ որի՝ դպրոցում վարակվածների թիվը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում անցում է կատարվում հեռավար ուսուցման` 14-օրյա ժամկետով:

«Այսինքն` դեռևս անցյալ տարվանից սահմանված համավարակային կանոնները հիմնականում պահպանվելու են` որոշակի փոփոխություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հիմնականը դպրոցական բուֆետների և ճաշարանների գործունեությանն է առնչվում: Հիշեցնելով, որ դրանք անցյալ տարի չեն գործել, փոխնախարարը հույս է հայտնել, որ մարզերի տարրական դասարանների աշակերտների համար այս տարի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի տաք սնունդ ապահովել:

«Փորձելու ենք ողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացի առկա ռեժիմը պահպանել: Սակայն, պետք է նաև հասկանալ, որ առկա ուսուցման իրականացումը պայմանավորված է հասարակության վարքագծից. որքանով հետևողական լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման առումով, այնքանով էլ կկարողանանք պահպանել առկա ուսուցումը: Հաշվի առնելով Առողջապահության նախարարության ցուցումները` փորձում ենք անել առավելագույնը` ապահովելու համար անխափան կրթական գործընթացը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` բոլոր դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հորդորելով հետևողական լինել համավարակի կանոնները պահպանելու գործում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` քայլեր են ձեռնարկվում, որպեսզի միջազգային կառույցների աջակցությամբ դպրոցներն ապահովեն ախտահանիչ միջոցներով` հաշվի առնելով, որ դրանց ձեռքբերումն ուսումնական հաստատության բյուջեի համար լրացուցիչ ծանրություն է ենթադրում: Նա նաև հավելել է, որ դպրոցն է որոշում ուսումնական գործընթացը կազմակերպել հնգօրյա, թե վեցօրյա գրաֆիկով:

Ինչպես նշել սեպտեմբերի 1-ը

2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար: Նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով նախարարի տեղակալը դպրոցներին առաջարկում է առաջին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ` դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով: Փոխնախարարը նաև հորդորում է` սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները ևս աշխատելու են` ըստ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի: Փոխնախարարի տեղեկացմամբ` այժմ հաստատման փուլում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը: Ըստ տարիքային խմբերի՝ սահմանված են խմբերում սաների ներգրավվածության առավելագույն թվերը, որոնց շրջանակում նախադպրոցական հաստատությունները կկատարեն ընդունելություն` տեղեր ունենալու պարագայում նաև հաշվի առնելով սահմանված սոցիալական առաջնահերթությունները:

Ուսուցիչների պատվաստումների մասին

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը:

«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:

Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:

Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:

ԿԳՄՍՆ-ն դիմել է Պաշտպանության նախարարությանը` զորահավաքի հարցով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն` հատկապես Տավուշի մարզում աշխատող տղամարդ ուսուցիչներին, ինչպես նաև նրանց, որոնք դպրոցում տվյալ առարկայի միակ մասնագետն են, այս փուլում չներգրավել պահեստազորի եռամսյա զորահավաքի վարժանքներում:

«Դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի այն դեպքերում, երբ ուսուցիչը տվյալ առարկայի միակ մասնագետն է, քննարկվի այս զորահավաքի շրջանակում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը: Մենք վերապատրաստել ենք Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները սեպտեմբերից կարողանան իրականացնել ուսումնական գործընթացը` նոր չափորոշիչներով: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,– նշել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում վերջնական համաձայնություն կլինի` հաշվի առնելով նաև պաշտպանության համակարգի առաջնահերթությունները:

Եթե անգամ առարկայի միակ ուսուցիչները կանչվեն եռամսյա հավաքի, ապա լուծումներ, իհարկե, ուսումնական պլանի և դասացուցակի ճկուն տեղաշարժերի հաշվին, կգտնվեն։ Փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի օրերին ևս առաջացել էր նման իրավիճակ, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ, սակայն ուսումնական գործընթացը չխաթարվեց։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…