ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության վերաբերյալ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան բակալավրիատի նպատակները, տեսլականը, ծրագրին անդամակցելու  քայլերն ու պահանջները։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Արարատյան բակալավրիատին» անդամակցելու թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովի անդամները՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ»-ի համահիմնադիր և Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը։

ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը, ներկայացնելով «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, նշել է, որ այսօրվանից ազդարարվում է ծրագրի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներում և Արցախում: «Այս ծրագրի նպատակն է՝ լավագույն կրթական բովանդակությունը և տեխնոլոգիաները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաներին: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, կներդրվի ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ մեկական դասարանով։ Մեր նպատակն է կառուցել նոր գերազանցության ցանց և այն հասանելի դարձնել բոլորին»,- նշել է բանախոսը՝  ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում  է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի  և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ, որն արդեն  համապատասխանության է բերվել միջազգային բոլոր չափանիշներին: «ՀՀ կառավարության որոշմամբ ծրագիրը թույլատրվել է նաև կիրառել ՀՀ դպրոցներում: Այն կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում: Ծրագրի երկրորդ բաղադրիչը նոր սերնդի ուսուցիչների վերապատրաստումն է, որը բավականին պահանջկոտ է: Ծրագրի արդյունքում բոլոր վերապատրաստված ուսուցիչները կստանան միջազգային որակավորում: Ծրագիրն այնպես է մշակվել, որ մոտ ապագայում այն ներդրվի ՀՀ  մեկ կամ ավելի բուհերում՝ որպես կրթության մագիստրոսի աստիճան: Հետագայում այս ծրագրի շրջանակում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է ստանան այդ մագիստրոսի աստիճանը: Եվ երրորդ՝ ամենաբարդ բաղադրիչն է հասնել նրան, որ Հայաստանն ունենա հայալեզու միջազգայնորեն ճանաչված քննություններ: Այս տարի առաջին անգամ հաջողությամբ անցկացրել ենք միջազգային քննություն, որի արդյունքները ճանաչված են ամբողջ աշխարհում: Այդ քննությունների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել աշխարհի որևէ բուհ՝ առանց հավելյալ քննությունների կամ կրեդիտավորել քննության արդունքները, ինչպես նաև ընդունվել ՀՀ բուհեր: Ունենալով այս երեք կարևորագույն գործիքները՝ լիովին պատրաստ ենք ծրագրի ներդրմանը»,-նշել է Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկը տրվում է մարզային փուլով, որովհետև, ըստ փոխնախարարի,  մարզային զարգացումն առաջնահերթություն է: «Այսօր ազդարարում ենք  ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության մեկնարկը: Ծրագիրը բավականին խստապահանջ է՝  դպրոցը պետք է ունենա վերապատրաստված ուսուցիչներ, անցած լինի որոշակի ինստիտուցիոնալ զարգացում և ունենա համապատասխան պայմաններ: Այն դպրոցները, որոնք ունեն մոտիվացիա և պատրաստակամ են զարգանալ, պետք է հայտեր ներկայացնեն, որոնց հետ աշխատանքի արդյունքում՝ դրանք կմոտեցվեն հավաստագրման գործընթացին»,- նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացից հետո ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում առաջին դիմորդներն ավագ դպրոցներ կընդունվեն արդեն 2018 թվականի սեպտեմբերին՝ անվճար կրթություն ստանալով պետական դպրոցներում: «Առհասարակ, այս ծրագիրը բացառիկ երևույթ է կրթության ոլորտում ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային մակարդակով, քանի որ հայալեզու կրթական ծրագիրն ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում՝ միջազգայնորեն ճանաչելի արդյունքներով և որակներով: Այսպիսով՝ Հայաստանը կրթական հարթակում հայտնվում է նոր դերով, երբ այն արդեն կրթություն արտահանելու հնարավորություն կունենա»,- նշել է Դավիթ Սահակյանը՝ ակնկալիք հայտնելով,  որ ծրագրում ընդգրկված  դպրոցներում կսովորեն ոչ միայն Հայաստանի երեխաները, այլ նաև այն սփյուռքահայերը, ովքեր փնտրում են որակյալ, միջազգայնորեն ճանաչելի կրթություն՝  ապահով միջավայրում, հարազատ լեզվով: «Սա լուրջ ինտեգրման գործընթաց և նվաճում է համաշխարհային իմաստով և պատահական չէ, որ այսօր նույն Քեմբրիջի համալսարանը տարբեր հարթակներում Հայաստանի օրինակը ներկայացնում է  որպես հաջողության պատմություն»,-նշել է նա:

ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը, իր հերթին կարևորելով ծրագիրը, նշել է, որ այն մեր երկրի կարևոր ձեռքբերումներից է: «Այսօր  ունենք հայալելու կրթական ծրագիր, որը ճանաչված է աշխարհում: Ցանկանում եմ շեշտել այդ կարևորությունը նաև այն սփյուռքահայ աշակերտների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն որակյալ կրթություն ստանալ, այլ նաև հայեցի դաստիարակություն՝ հետագայում հնարավորություն ունենալով ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: Սա մեծ համագործակցություն է Հայաստանի և սփյուռքի միջև»,- նշել է բանախոսը՝ ցանկություն հայտնելով, որ ծրագրում ընդգրված դպրոցներն ապահովված լինեն հանրակացարաններով:

Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են նաև լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են ծրագրի ֆինանսավորմանը, առանձնահատկություններին, քայլերի հաջորդականությանը և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)