ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կալավանի ու Անտառամեջի դպրոցներում այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով

Օգոստոսի 19, 2021
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի երկու համայքների՝ Կալավանի և Անտառամեջի դպրոցներն այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով: Չայրել փայտ՝ նվազեցնելով ծառահատումները, վառելիքի գնմանը հատկացվող գումարն ուղղել դպրոցի այլ կարիքներին, իսկ վառելիքն արտադրել հենց գյուղերում. «Awsome nature» հիմնադրամին այսպիսի ծրագիր են ներկայացրել Կալավանում ու Անտառամեջում հեռավար դասավանդող ուսուցիչներ Նելլի Ստեփանյանն ու Սիլվա Գրիգորյանը:

Աշակերտին հարցնում էի՝ «ինչո՞ւ դասին չես միացել», ասում էր՝ «պապան փայտի ա գնացել, հեռախոսն էլ հետը տարել»

Նելլի Ստեփանյանը քիմիայի ուսուցիչ է, դասավանդում է Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում։ 2020թ. սեպտեմբերից Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման ծրագրով դասավանդում է նաև Գեղարքունիքի մարզի Կալավանի միջնակարգ դպրոցում։

ԿՏԱԿ հեռավար ուսուցման ծրագիրը մեկնարկել է դեռ 2019թ․–ին ու պայմանավորված չէ կորոնավիրուսի համավարակով։ Նպատակն է հեռավար դասավանդման միջոցով դպրոցներին ապահովել բացակայող մասնագետներով։ Կալավանում, օրինակ, 2008թ․–ից չկար քիմիայի ուսուցիչ ու դպրոցն ավարտող աշակերտների ատեստատներում այս առարկայի դիմաց պարզապես գծիկ էր դրվում։

Նելլի Ստեփանյանը հիշում է՝ սկզբում մտավախություն կար, որ չի կարողանա հեռավար ձևաչափով անհրաժեշտ կոնտակտը հաստատել աշակերտների հետ, սա է պատճառը, որ հեռավար ուսուցման «Moodle» համակարգից բացի պարբերաբար աշխատում էր նաև տեսազանգերի՝ «Zoom» հարթակի միջոցով։

«Պարապում էի միանգամից մի քանի դասարանների աշակերտների հետ, որովհետև ոչ մեկ ոչինչ չգիտեր քիմիայի մասին, տարբերություն չկար՝ 7–րդ դասարանցի է, թե 12–րդ։ Սկզբում աշակերտներին բացատրում էի ինչ է էլեկտրոնային հասցեն, որ այն անհրաժեշտ է համակարգին միանալու համար, հետո՝ ինչպես տեխնիկապես աշխատել հեռավար ուսուցման համակարգով։ Ինձ շատ օգնեց, որ Կալավանի դպրոցում այդ շրջանում աշխատում էր «Դասավանդի՛ր, Հայաստան»–ով գործուղված ուսուցիչը։ Նա տեղում կազմակերպում ու կարգավորում էր բոլոր հարցերը», – պատմում է Նելլի Ստեփայանը։

Հեռավար դասերի մեկնարկից որոշ ժամանակ անց քիմիայի ուսուցիչը որոշում է չսահմանափակվել միայն տեսական դասերով ու սկսում է անցկացնել նաև լաբորատոր փորձել: Բոլոր անհրաժեշտ նյութերն ու փորձանոթները Նելլի Ստեփանյանն ինքն է գնում և ուղարկում Կալավանի դպրոց, իսկ փորձերի ընթացքում տեսակապի միջոցով հետևում, որ ամեն ինչ ճիշտ արվի:

Ուսուցիչը պատմում է՝ գյուղում կան շատ բարդ պայմաններում ապրող ընտանիքներ: Շատ դեպքերում խոսել համացանցի կամ սմարթֆոնի մասին գրեթե անհնար էր, բայց երեխային անպայման պետք էր ներգրավվել հեռավար ուսուցման համակարգի մեջ, որպեսզի շարունակի կրթությունը։ 

«Աշակերտների հետ անընդհատ կապի մեջ էինք, բոլոր մեսինջեռներում խմբեր ունեինք, քննարկումներ էին անում։ Մեկ էլ նկատում էի, օրինակ, աշակերտներից մեկը չկա։ Զանգում էի՝ «ո՞ւր ես, ինչո՞ւ դասին չես միացել», պատասխանում էր՝ «պապան գնացել ա փայտի, իրա հեռախոսով մենակ կարող եմ միանալ, հետը տարել ա»։ Արդեն պապային էի զանգում, ասում՝ «տուն չե՞ք գնում» (ծիծաղում է–հեղ․)։ Մի օր էլ այդպես աշակերտներից մեկին էի փնտրում, զանգեցի, մի պապիկ վերցրեց ասեց՝ «բալա ջա՜ն, ես րիգունը դեմ գնալ» (երեկոյան եմ գնալու–բրբ․), ասեցի՝ «վա՜յ, ուշ կլինի», ասեց՝ «հա լավ, էգուց հեռախոսը հետս չեմ տանի»», – պատմում է Նելլի Ստեփանյանը։

Մեկ այլ խնդիր էր դպրոցի վիճակը։

«Ամեն անգամ, երբ տեսազանգով կապվում էի, նկատում էի՝ վառարանը վառվում է, բայց երեխաներն անընդհատ հավաքվում են դրա շուրջը, կամ դասարանում վերարկուներով են։ Հասկանալի էր, որ բավարար քանակի փայտ չեն այրում, որպեսզի դասասենյակն ամբողջությամբ տաքանա ու չմրսելու համար անմիջապես կողքն են կանգնում։ Բացի այդ, մենք պարապում էինք 7–րդ ժամով, երեխաներն ավարտում էին դասերը, գնում տուն, մի քիչ հանգստանում ու նորից դպրոց գալիս։ Ճանապարհից էլ հետները փայտիկներ էին բերում, որ վառեն, տաքանան, քանի որ այդ դասաժամին օրվա համար հատկացված վառելափայտը հիմնականում սպառված էր լինում», – հիշում է ուսուցիչը։

Այդ ընթացքում Նելլի Ստեփանյանը սոցցանցերում նկատում է «Awsome nature» հիմնադրամի հայտարարությունը, ըստ որի՝ հիմնադրամը կֆինանսավորի բնապահպանական խնդիրներին վերաբերող ծրագիր։

«Սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել։ Առաջին հերթին մտածեցի Վանաձորի մեր դպրոցի մասին, հետո խոսեցի նաև Սիլվայի հետ (Սիլվա Գրիգորյան, Անտառամեջում հեռավար դասավանդող ուսուցիչ–հեղ․) ու հասկացանք, որ երկուսիս դպրոցների դեպքում էլ լուրջ հարց է ջեռուցումը։ Սիլվային միայն օնլայն հարթակում էի ճանաչում։ Երկուսս ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման ծրագրով ընտրված առաջին ուսուցիչներին էինք՝ քիմիա և ֆիզիկա առարկաներից: Այդպես սկսեցինք ծրագիր մտածել, որը կլուծեր և՛ ջեռուցման հարցը մեր հեռավար դասավանդման դպրոցներում, և՛ բնապահպանական նշանակություն կունենար», – հիշում է Նելլի Ստեփանյանը։

Ուսումնասիրելով փայտից բացի այլ վառելիք ունենալու հնարավորությունները՝ ուսուցիչները պարզում են, որ տարբեր արտադրամասերում արտադրում են վառելու համար նախատեսված բրիկետներ՝ թղթի, չոր խոտի, թեփի խտացված խառնուրդ։

«Հասկացանք, որ նման բրիկետներ կարելի է հենց գյուղերում արտադրել ու դրանցով ջեռուցել դպրոցները։ Այսպիսով միանգամից երկու հարց կլուծվեր՝ բնապահպանական, որովհետև փայտ վառելու կարիքը կնվազեր և գումարային՝ տեղում կարտադրեին վառելիքը, իսկ վառելիքին տրամադրվելիք գումարը կարող էր ծառայել դպրոցում այլ նպատակների։ Մեր բոլոր ուսումնասիրությունները խմբավորեցինք ու դիմեցինք «Awsome nature»-ի ծրագրին։ Մոտ մեկ ամսից մեզ պատասխան նամակ եկավ՝ ծրագիրը չի ընտրվել։ Քիչ անց՝ այլ նամակ, ներողությունով, քանի որ տեխնիկական խնդրի պատճառով բոլոր մասնակիցներին նույն նամակն էր ուղարկվել, իսկ մեր ծրագիրն իրականում հաղթահարել է ընտրական առաջին փուլը: Հետո ընտրության ևս մեկ փուլ անցանք, ու ծրագիրը հաստատվեց», – ժպիտով հիշում է Նելլի Ստեփանյանը։

«Ինչո՞ւ է երկինքը կապույտ»

Սիլվա Գրիգորյանը ֆիզիկայի ուսուցիչ է, դասավանդում է Արարատի մարզի Ջրահովիտի Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ 2019թ․–ից ԿՏԱԿ հեռավար ուսուցման ծրագրով նաև Գեղարքունիքի մարզի Անտառամեջ համայնքի դպրոցում: Նա առաջին ուսուցիչն է, որն այս ծրագրով սկսեց դասավանդել հեռավար։

«Գյուղում ու դպրոցում մեկ անգամ եմ եղել՝ հեռավար դասավանդումը սկսելուց առաջ, բայց այդ մեկ անգամն ինձ վրա այնքան մեծ տպավորություն թողեց, որ հիմա եթե թուղթ տաք, կնկարեմ դպրոցը, կհիշեմ աշակերտների նստած տեղերն ու դեմքերը։ Երեխաների անմիջականությունը, պարզությունը, նրանք կյանքի պայմանները, շատ տպավորիչ էին», – պատմում է Սիլվա Գրիգորյանը։

Մինչև նա, Անտառամեջը մի քանի տարի ֆիզիկայի ուսուցիչ չի ունեցել։ Գյուղը բարձրլեռնային է, ունի ճանապարհի խնդիր ու քչերն են համաձայնում դասավանդել տեղի դպրոցում։

«Անտառամեջում աշակերտների հետ առաջին հանդիպման ժամանակ ուզում էի առարկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնել, ասացի՝ «մի հարց կտամ, որից ինքներդ կորոշեք՝ արժի՞ ֆիզիկա սովորել, թե՝ ոչ»: Խնդրեցի նայել վերև ու ասել՝ ինչ են տեսնում: Ասացին՝ «երկինք», հարցրեցի՝ «ի՞նչ գույն ունի», պատասխանեցին՝ «կապույտ», «իսկ ինչո՞ւ է երկինքը կապույտ»՝ շարունակեցի ես. զարմացան՝ «դե այդպես է», ասացի՝ «իմացեք, որ ձեր շուրջը եղած աշխարհի վերաբերյալ առաջացող հարցերի մեծ մասին պատասխանում է ֆիզիկան, հիմա առարկան ձեզ հետաքրքրե՞ց», միաձայն ասացին՝ «շատ»: Այդ հանդիպումը հաճախ ենք հիշում ու մինչև հիմա ինձ հարցնում են՝ «ինչո՞ւ է երկինքը կապույտ», կարծես բանալի բառեր լինեն, մեր բարևելու ձևն է դարձել», - ժպիտով հիշում է Սիլվա Գրիգորյանը:

Կալավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Զվարթ Քեշիշյանը խոստովանում է՝ սկզբում թերահավատորեն է մոտեցել հեռավար դասավանդմանը, բայց 2008թ.-ից դպրոցը չուներ քիմիայի ուսուցիչ ու տուժում էին շատ աշակերտներ, որոնք, գուցե, հետագայում բնագիտական մանագիտություններ ընտրեին, այնպես որ՝ որոշել է փորձել:

«Արդյունքում Նելլի Ստեփանյանը ոչ միայն արդարացրեց, այլև գերազանցեց մեր սպասելիքները: Դասավանդումը սկսելուց որոշ ժամանակ անց որոշեց չբավարարվել միայն տեսական դասերով ու աշակերտների հետ տեսակապի միջոցով սկսեց լաբորատոր փորձեր անել. բոլոր փորձանոթերն ու անհրաժեշտ նյութերն ինքն էր գնել ու ուղարկել Կալավան», - պատմում է Զվարթ Քեշիշյանը:

Տնօրենի համար առավել հաճելի էր, որ հեռավար դասավանդող ուսուցիչն այդքան հետաքրքրված է դպրոցի բարեկարգմամբ.

«Մի բան է, եթե ջեռուցման հարցի մասին մտածեր մեր՝ տեղի ուսուցիչը, բայց այս դեպքում մտածում է մի մարդ, որը, փաստացի, այդ ջերմությունից չի էլ օգտվելու», - ասում է Զվարթ Քեշիշյանը: 

Հեռավար ուսուցչի աշխատանքից շատ տպավորված են նաև Անտառամեջում: Տեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուր Ազարյանն ասում է՝ առաջին հանդիպումից հասկացել են, որ Սիլվա Գրիգորյանը բոլորովին այլ մոտեցում ունի:

«Այնպես որ, մեզ համար սպասելի էր նման ծրագիրը նրա կողմից։ Ցանկանում եմ, որ այլընտրանքային վառելիքի՝ բրիկետներ արտադրությանը ներգրավենք անմիջապես աշակերտներին․ մեկը թուղթ ու խոտ բերի, մյուսը պատրաստի անհրաժեշտ ֆորմաները և այլն: Այսպես նրանք կհասկանան՝ առանց ծառ կտրելու էլ կարելի է տաքանալ», - ասում է Անտառամեջի դպրոցի տնօրենը:

Մինչև ջեռուցման սեզոնը որոշակի քանակի բրիկետներ ունենալու համար դրանց արտադրությունը գյուղերում պետք է սկսել արդեն հիմա:

Բրիկետները վառելու համար հատուկ վառարաններ են անհրաժեշտ։
«Awsome nature» հիմնադրամից խոստացել են՝ կմիջնորդեն, որպեսզի նման վառարաններ տրամադրվեն դպրոցներին:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Նյութի աղբյուրը. Երիտասարդական պորտալ

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…