ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները: Նախքան ոլորտում կատարված հաշվետվությանն անցնելը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ ողջ տարվա ընթացքում կրթության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար: Անդրադառնալով նախարարության տարեկան գործունեությանը` Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության ոլորտին. «Այս ոլորտում երկու հիմնարար նշանակության փոփոխություն է կատարվել. առաջինը` փորձել ենք լուծում գտնել ավագ դպրոցների հիմնախնդրին՝ բեռնաթափելով 12-րդ դասարանի կրթական ծրագիրը: Մեր մոտեցումն այստեղ հետևյալն է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտի համար ավագ դպրոցում ուսումնառությունը պետք է բեռնաթափված առարկայախմբով կազմակերպվի: Այս իմաստով 10-րդ դասարանը համեմատաբար ծանրաբեռնված է, որովհետև հիմնական դպրոցի որոշ ծրագրեր դեռևս շարունակվում են: Առաջին կարևոր քայլն այս տարվա համար արդեն արված է. դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ավագ դպրոցների աշակերտները կհանձնեն ավարտական քննություններ, որոնց արդյունքների ամփոփումից հետո պետք է հասկանալ` արդյոք գործընթացն արդարացված է: Հնարավոր է հաջորդ տարի ավարտական քննությունների կուրսն ավարտվի 11-րդ դասարանում, իսկ ամբողջ 12-րդ դասարանը տրամադրվի աշակերտների ընտրած մասնագիտական առարկաներին: Երկրորդ կարևոր հարցը կրթակարգի փոփոխության հիմնախնդիրն է, որի ուղղությամբ տարվա ընթացքում ակտիվ մասնագիտական աշխատանքներ են տարվել: Այս պահին Ազգային կրթակարգի նախագիծն արդեն ավարտական փուլում է գտնվում»,-նշել է Լ. Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ կրթակարգին զուգահեռ աշխատանքներ են տարվել նաև «Արարատյան բակլավրիատ» կրթության գերազանցության ծրագրի ներդրման ուղղությամբ: «Ինչպես հայտնի է, ծրագիրը Քեմբրիջի համալսարանի A Level–ի կողմից ճանաչվել է որպես միջազգային հայալեզու ծրագիր, որն այս տարվանից արդեն դիտարկում ենք ոչ թե այլընտրանքային կրթական ծրագիր, այլ ներմուծում ենք պետական կրթակարգի մեջ` որպես բարձրագույն որակ: Մրցութային ձևաչափով յուրաքանչյուր ավագ դպրոցի հնարավորություն է տրվում աշակերտին հասանելի դարձնել «Արարատյան բակալավրիատի» արդյունքը: Այսինքն՝ Ազգային կրթակարգը մի ամբողջական միավոր է, որտեղ յուրաքանչյուր դպրոց կարող է հավակնել նվազագույնից մինչև առավելագույն աստիճանի»,-նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ` հաստատվել է «Արարատյան բակալավրիատի կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի առաջին փուլը կմեկնարկի մարզային ավագ դպրոցներից: «Մենք ունենք ամբողջական համակարգ, որտեղ ցանկացած մեխանիզմ՝ մանկապարտեզից մինչև ակադեմիա, աշխատում է: Եթե խոսելու լինենք ընդհանուրի մեջ հանրակթության մասին, ապա այստեղ մենք որոշ հատվածներում ունենք թռիչքային բարձունքներ: Կրթակարգի հիմնական խնդիրն է` այդ բարձունքները բերել մեկ ընդհանուր տրամաբանության, որպեսզի արդյունքը լինի ոչ թե կրթության էլիտարացումը, այլ համընդհանուր մակարդակի բարձրացումը, որտեղ թռիչքներ ապահոված կենտրոնները պետք է դառնան շոգեքարշ»,-նշել է ԿԳ նախարարը՝ որպես օրինակ նշելով էլեկտրոնային կրթության զարգացման համար ընտրված 10 առաջատար դպրոցների և նրանց կցված մարզային դպրոցների մասնակցությամբ տեսադասերի կազմակերպման փորձը: «Հաջորդ կարևոր խնդիրը, որը դրված է կրթակարգի փոփոխության հիմքում, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցման բարելավման անհրաժեշտությունն է: Այստեղ մենք ունենք նաև վարչապետի հանձնարարականը, որտեղ բացի բնագիտական և օտար լեզուների ուղղություններից, ավելացել է նաև ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության կազմակերպման պահանջը»,-նշել է Լ. Մկրտչյանը: Անդրադառնալով առարկայական ծանրաբեռնվածության խնդրին` նախարարն ընդգծել է, որ եթե աշակերտների դասացուցակի ծանրաբեռնվածության միջին ցուցանիշը եվրոպական երկրներում կազմում է 14-15 առարկա, ապա Հայաստանում առարկաների թիվը 20-24-ի է հասնում: «Մենք կարծում ենք, որ պետք է ծրագրում առարկաների համախմբում կատարվի՝ զուգահեռաբար ուժեղացնելով լրացուցիչ կրթության բաղադրիչը»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հմտությունների զարգացում ենթադրող առարկաները, օրինակ` ֆինանսական և ձեռնակատիրական կրթությունը, պետք է տարրալուծվեն հիմնական առարկայախմբերի մեջ՝ տվյալ առարկայի ծավալի մեջ կազմելով ոչ ավելի, քան 25 տոկոս մասնաբաժին:
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախարարը կարևորել է համագործակցությունը Եվրամիության հետ, որոնցից առաջնայինն ագրոմասնագիտությունների զարգացմանն է միտված. «Միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև եղած խզումը ոլորտի լուրջ խնդիրն է, մենք այստեղ կարևոր անելիք ունենք և պետք է փորձենք մեծացնել գործատուների դերը ՄԿՈՒ հաստատությունների կառավարման ասպարեզում: ՄԿՈՒ գերակա խնդիրը բացառապես աշխատաշուկայի պահանջների սպասարկումն է»,-նշել է նա՝ հավելելով, որ երբեմն փորձ է արվում բուհական կրթության հիմնական խնդիրը ևս ներկայացնել սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկում, որը շփոթության հետևանք է. «Բարձրագույն կրթության գերխնդիրը ոչ միայն աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելն է, այլ նաև աշխատաշուկայի զարգացումն ուղղորդելն ու թելադրելը: Մենք բուհական ոլորտում ունենք մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում այսօր ներկայացված չեն, բայց դրանք պետք է պահպանվեն՝ ապագայի համար»,-ընդգծել է Լ. Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ ամրագրված են ոլորտի զարգացման հիմնական մոտեցումները: «ՀՀ-ում ուսանողներն ու դասախոսները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել, որը, ի դեպ, ամրագրված է նաև Բոլոնիայի գործընթացով: Մեր երկրի փոքրությունը հնարավորություն է տալիս Հայաստանում բարձագույն կրթությունը դիտարկել որպես մեկ միասնական կլաստեր: Մենք պետք է ստեղծենք երկու հզոր կլաստերային ուղղություն՝ ինժեներական և բնագիտական»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ապագայում առաջնային է լինելու ձևավորել ցանցային համալսարաններ՝ մեծ տեղ տալով ներքին շարժունությանը:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ տարվա ձեռքբերումը ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցումն է. Հայաստանն արդեն ծրագրի լիարժեք անդամ է, որը աշխարհի հզոր նորարարական ռեսուրսներից է՝ շուրջ 70 մլրդ եվրո բյուջեով: ««Հորիզոն-2020»-ը շատ մեծ հնարավորություն է բացել մեր գիտնականների համար՝ հատկապես բնագիտական ուղղությամբ: Այժմ որոշակի ուղղություններով պետք է հնարավորինս արագ ձևավորվեն գիտնականների խմբեր, որոնք կկարողանան օգտվել ծրագրի դրամաշնորհներից»,- նշել է նախարարը:
Ասուլիսի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Ի պատասխան կրթության ոլորտի երեք հիմնական բացթողումների վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է. «Մենք չենք կարողանում դպրոցների կառավարման համակարգում կատարել արմատական փոփոխություն, որի հետևանքով միշտ չէ, որ տնօրեն է դառնում արժանավորը: Երկրորդը դասագրքերի որակի հիմնախնդիրն է. չունենք դասագիրք գրելու մշակույթ, իսկ երրորդը՝ ուսուցիչների վերապատրաստման հարցը: Առհասարակ, վերապատրաստման քաղաքականությունն առաջիկայում լուրջ վերանայման կարիք ունի, որի արդյունքում արմատական բարեփոխման կենթարկվի նաև Կրթության ազգային ինստիտուտը: Միջին մասնագիտական կրթության ոլորտում մեծ է ինքնանպատակ մասնագիտություններ ներդրած ուսհաստատությունների թիվը, հետևաբար, վերոնշյալ ոլորտի քաղաքականությունը ևս հստակեցման կարիք ունի: Այս խնդիրը կարևոր է ոչ միայն աշխատաշուկայի տեսանկյունից, այլ նաև՝ սոցիալական պատասխանատվության: Բարձրագույն կրթության ոլորտում բուհերի մեկուսացվածության և ոչ պետական բուհերի որակի անկման խնդիրն է»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ փուլում է դպրոցներում հարազատական կապերը բացառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականը, նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր են արվում: Մասնավորապես, բացի ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետի և մարզպետների ձեռնարկած ընթացիկ քայլերից, քննարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաև դպրոցների կանոնադրությունում, որտեղ նախատեսվում է արգելք սահմանել ուղիղ ենթակայությամբ աշխատող և հարազատական կապեր ունեցող, ինչպես նաև տնօրենի պաշտոնավարման ավարտից հետո այն ժառանգաբար փոխանցվող հարցերի վրա: Նախատեսվում է սահմանափակել նաև տնօրենի՝ տվյալ դպրոցում աշխատելու ժամկետը: «Դպրոցներում երբեմն առկա է, այսպես ասված, քարացվածության երևույթ. ունենք բազմավաստակ տնօրեններ, ովքեր իրենց գիտելիքն ու փորձը վստահաբար կարող են կիրառել այլ դպրոցում»,-նշել է նախարարը՝ լրագրողներից մեկի խնդրանքով անդրադառնալով նաև բուհերի ուսման վարձավճարների խնդրին՝ այդ համատեքստում ընդգծելով ուսանողական վարկերի և նպաստների խնդիրը:
Լրագրողները հարց են ուղղել նաև կրթության որակի և ընթացող բարեփոխումների վերաբերյալ, որին ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշել է. «Իմ համոզմամբ՝ այսօր Հայաստանում ունենք եվրոպական չափանիշներով միջին մակարդակի կրթություն: Սա արձանագրել են նաև բազմաթիվ միջազգային փորձագետներ: Բոլոր երկրներում, անգամ ամենազարգացած, եթե հասարակությունը չի դժգոհում կրթության որակից, այն զարգացման հնարավորություն չունի: Հասարակությունը միշտ պահանջողի դերում է, որովհետև կրթությունն իր գործիքն է՝ դեպի ապագա: Օրինակ, հանրակրթության ոլորտում մենք ունենք գերազանցության կենտրոններ: Եվ պատահական չէ, որ այցելելով «Թումո» կենտրոն՝ Եվրահանձնակատարը հետագայում նշել է, որ փոքր Հայաստանում մեծ հրաշքներ են լինում՝ մատնանշելով «Թումոն»՝ որպես 21-րդ դարի կրթական մոդել: Այսինքն՝ տեղային արդյունքները պետք է համակարգային մակարդակի բարձրացնել: Հարուստ երկրներում կրթության նախարարությունն ունի մեկ խնդիր՝ որակի բարձրացում: Պարզապես մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես խորն են, և կրթության վրա դրված է նաև սոցիալական լուրջ պատասխանատվություն»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Հարց է ուղղվել նաև ՀՀ կառավարության հանձնարարականների վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարարն ընդգծել է, որ դրանց կատարման նպատակով ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամանակացույցով և թիրախներով: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ բոլոր գործընթացները՝ իրական արդյունքներով, նախատեսվում է ավարտել 2017 թվականի ընթացքում:
Լրագրողները հարց են ուղղել նաև ընտրական գործընթացներում կրթության ոլորտի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարարը նկատել է. «Ես միշտ ընտրություններից առաջ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝ խնայել կրթական համակարգը: Օրինակ, այն էլեկտրոնային միջոցները, որ ներդրվել են ընտրական գործընթացում, ո՞վ պետք է անի, եթե ոչ ինֆորմատիկայի ուսուցիչները: Մասնագիտական իմաստով՝ այդ բազան կրթության վրա է: Յուրաքանչյուր կրթված մարդ, եթե ուզում է քաղաքականության մեջ մտնել, պետք է դա անի կուսակցությունների միջոցով, իսկ կուսակցությունների գաղափարական հենքը կիրթ մարդիկ են: Եթե պահանջում ենք, որ այդ մարդիկ դառնան ապաքաղաքականացված, դա նշանակում է՝ քաղաքական մշակույթի ոչնչացում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հարցը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում, որպեսզի աշխատաժամանակը չօգտագործվի այդ նպատակով:
Լրագրողների խնդրանքով Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև «Փոքր Մհեր» դպրոցի խնդրին՝ ընդգծելով, որ այնտեղ բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ իրավական, տնտեսական և մանկավարժական: «Խնդիրը լուրջ ուսումնասիրել ենք. դպրոցում առկա է բարձր որակ և լավ մանկավարժական կոլեկտիվ: Լուծումը Պաշտպանության նախարարության հետ համատեղ գտել ենք. «Փոքր Մհերի» հիմնական կրթական ծրագիրը, որն իրականացվում է Նուբարաշենում, կառանձնացվի և կբացի, որտեղ կսովորեն նաև աղջիկներ, իսկ ավագ դպրոցը կմիավորվի ՊՆ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև գիտական աստիճանավորման խնդիրներին: ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝ կգործի երկաստիճան համակարգ՝ գիտությունների թեկնածու՝ /PHD, մասնագիտության դոկտոր/ և գիտությունների դոկտոր, որը լրացուցիչ նկարագրության անհրաժեշտություն ունի: Օրինակ, շատ երկրներում դոկտորի աստիճանը չի պաշտպանվում. այն տրվում է՝ ըստ իր վաստակի: Համակարգը վերանայման և կարգավորվման կարիք ունի. մասնագիտությունների խոշորացում, կոնկրետ մասնագիտութւոնների համար փոքր խմբերի ձևավորում, հստակ չափանիշների սահմանում, բանակից խուսափելու համար գիտությամբ զբաղվելու բացառում և այլն»,-նշել է նախարարը:
Լրագրողները նախարարին հարց են ուղղել նաև Թուրքիայում ՀՀ քաղաքացների երեխաների ուսումնառության, բուհերի կառավարման խորհուրդների ապաքաղաքականացման և այլ խնդիրների վերաբերյալ:
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ