ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Թռչունյան. «Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը»

Հոկտեմբերի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հետազոտության արդյունքներն ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների հետ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը, Արման Մալխասյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գիտաժողովը սկսվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի ելույթով, որը կատարել է ՀՀ, ապա ԵՊՀ օրհներգերը:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում զոհված անմահ հերոսների հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը: Նա շեշտել է, որ հայերը բոլոր ժամանակներում բարձր են գնահատել գիտության դերն ու նշանակությունը:

«ՈՒԳԸ-ն, առաջնորդվելով հայագիտական ու ազգային ազնիվ գաղափարներով, երիտասարդների շրջանում փորձում է խթանել հայրենական ակադեմիական մտքի զարգացումը՝ իր գործունեությունը ծառայեցնելով հայրենիքի արժեքավոր դերի բարձրացմանն ու գնահատմանը: ՈՒԳԸ գիտական նստաշրջանը ևս մեկ քայլ է՝ համախմբելու հետազոտական կրթության միջազգային առաջատար փորձը, ակադեմիական քաղաքականության ազնվության, ժողովրդավարական հասարակարգերի ստեղծման ու զարգացման նոր ուղիներն ու մոդելները»,- նշել է Մերի Փանոսյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ով շեշտել է միջոցառման անցկացման կարևորությունը հատկապես երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար՝ իրենց կատարած հետազոտական աշխատանքները ներկայացնելու առումով. «Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը, ինչն արտահայտվում է դրան հատկացրած բյուջեն մոտ երկու անգամ մեծացնելով, որը խթան կհանդիսանա, որ երիտասարդներն ապագայում զբաղվեն գիտությամբ»:

Կարեն Թռչունյանը հույս է հայտնել, որ ուսանողները կկարողանան մասնակցել նմանօրինակ գիտաժողովների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ ներկայացնելով կատարված գիտահետազոտական աշխատանքներն ու բարձր պահելով Հայաստանի անունը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ով առանձնահատուկ շեշտել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովի անցկացման կարևորությունը:

«Աշխարհի բոլոր երկրներում համալսարանները մեծ ուշադրություն են դարձնում այսօրինակ գիտաժողովների հրավիրմանն ու անցկացմանը, քանի որ դրանց ընթացքում տեղի են ունենում նոր մտքերի փոխանակում, քննարկումներ, դեբատներ, որոնց արդյունքում ծնվում են նոր գիտական հոդվածներ, որոնք հրապարակվում և ապահովում են տեսանելիություն տվյալ ուսանողի, գիտնականի համար, և այսպես սկսվում է գիտական ուղին»,- ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նույնպես անդրադարձել է գիտությանը հատկացվող ֆինանսավորման խնդրին՝ նշելով, որ այն գնալով ավելանալու է, և Հայաստանում գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնալու. «Գիտությունը պետք է գրավիչ լինի բոլոր առումներով, քանի որ երբ մարդը սկսում է գիտությամբ զբաղվել, նրա առջև մի հսկայական խորխորատ է բացվում, որտեղից նա ուզում է անընդհատ նոր գիտելիքներ ստանալ: Նոր գիտելիքի ստեղծումը համալսարանի առաջնահերթություններից է, որի ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում»:

Հավելենք, որ ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովին մասնակցում են ուսանողներ 10 երկրներից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն