ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արա Խզմալյան. «Պատմամշակութային հուշարձաններն ու միջավայրերը մշտապես լինելու են նախարարության ուշադրության կենտրոնում»

Հոկտեմբերի 14, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են 2021-2022 թթ. պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական պեղումների վերաբերյալ աշխատանքները:

Նախարարի տեղակալի խոսքով՝ պետական հատկացումների առումով վերջին շրջանում աննախադեպ ուշադրություն է դարձվում հուշարձանների պահպանությանն ու վերականգնման աշխատանքներին, չնայած պատմամշակութային հուշարձաններին առնչվող խնդիրներն ավելին են, քան հնարավոր է լուծել պետական հատկացումների տրամաբանության համատեքստում:

«Դրա համար մենք Կառավարության ծրագրում և մեր ռազմավարության մեջ նպատակ ենք դրել խթանելու պետություն-մասնավոր հատված հարաբերությունները, որով և պայմանավորված է վերջին շրջանում մասնավոր հատվածի հետ հուշագրերի և պայմանագրերի կնքման ավելացումը: Մենք ունենք մի իրողություն, որով բազմաթիվ կարևորագույն պատմամշակութային միջավայրեր և կոթողներ հայտնվել են մասնավոր սեփականատերերի տարածքում, և մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում ներդրումային միջավայրի, ներդրողների հետ՝ պատմամշակութային միջավայրերի պահպանման հետ կապված: Կարևոր է, որպեսզի այդ իրավիճակը կարողանանք դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն, հեռանկար»,- ընդգծել է Արա Խզմալյանն ու հավելել, որ հաջողված փորձեր կան, երբ հենց սեփականատերերն են ֆինանսավորում պեղումների աշխատանքները՝ հասկանալով, որ արժեքները, որոնք գտնվում են այն վայրում, որտեղ նախատեսում են ներդրումներ իրականացնել, այդպիսի նախաձեռնությունից հետո կստանան հանրային հնչեղություն:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արտաշատում ընթացող հնագիտական պեղումներին և նշել, որ հայ հնագետները զարմանալի արդյունքներ են գրանցում, և գերմանացի գործընկերների հետ կատարած աշխատանքը մեծ արձագանք է գտել նաև գերմանացի հնագետների հանրության շրջանում:

«Արտաշատը մեզ համար բացառիկ կարևորություն ունի ոչ միայն որպես հնագիտական, պատմական և մշակութաբանական արժեք, այլև շատ մեծ է Արտաշատի զբոսաշրջային հեռանկարը: Ընդհանրապես, Կառավարության ծրագրի և մշակութային քաղաքականության հիմքում դրված են ոչ միայն կրոնական կառույցների, հաստատությունների վերականգնման աշխատանքները, այլև հենց պետականության խորհրդանիշ և պետականություն արտահայտող կառույցների վերականգնումը: Դրա համար պետական հատկացումների տրամաբանության մեջ առաջնահերթ նշանակություն և տեղ ենք տալիս ամրոցների, բերդերի ամրակայմանը, վերականգնմանը և պեղումներին»,- փաստել է նախարարի տեղակալը և տեղեկացրել, որ օրակարգում է Տավուշի բերդը, որի պեղումները սկսվել են, այնուհետև կարճ ժամանակով կհետաձգվեն և կշարունակվեն գարնանը: Պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ պետական հատկացումների և մասնագիտական ռեսուրսի կենտրոնացման տեսակետից՝ պատմամշակութային հուշարձաններն ու միջավայրերը լինելու են նախարարության ուշադրության կենտրոնում:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությանն առաջարկել են ձևավորել կառույց, որը կստանձնի պետական քաղաքականության իրականացման կարևոր և պատասխանատու գործը: «Մենք կհավաքագրենք և՛ ֆինանսական, և՛ մասնագիտական ռեսուրսները, և այդ կառույցին կտանք մանդատ՝ աշխատանքները վերահսկելու և իրականացնելու համար»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ պետական աջակցությամբ 2021 թվականին Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու բարեկարգման աշխատանքները գրեթե ավարտին են հասցվել: Իրականացվել են Լոռու մարզի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի պեղումների, չափագրման, ուսումնասիրության աշխատանքները: 2022 թվականին նախատեսվում է շարունակել Քոբայրավանքի սեղանատան վերականգնումը, Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքները:

«Մինչև տարեվերջ սպասում ենք հինգ հուշարձանի վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունմանը: Կարևոր են Ագարակի վաղ բրոնզեդարյան կացարանների, միջնադարյան կառույցների և պարսպապատերի, ինչպես նաև Փարպիի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և վերականգնման նախագծերը»,- նշել է Հարություն Վանյանը և հավելել, որ նշանակալի է նաև Ջերմուկի Գնդեվազի որմնանկարների վերականգնումը: Նրա հավաստմամբ՝ նախարարությունը ձգտում է տարվա ընթացքում առնվազն մեկ որմնանկար վերականգնել:

Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին պետության ուշադրության կենտրոնում լինելու են բերդերն ու ամրոցները: «Տավուշի բերդի պեղումների աշխատանքներն իրականացվում են երկու տարի, և նախատեսվում է դրանք ավարտել հաջորդ տարվա ընթացքում, որին զուգահեռ կիրականացվեն նախագծման, ամրակայման, բացված հատվածների պատշաճ պահպանության և ամբողջ տարածքի վերականգնման աշխատանքները․ առաջին փուլի համար ՀՀ կառավարությունն արդեն միջոցներ է հատկացրել»,- փաստել է վարչության պետը և անդրադարձել Լոռի բերդին՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ պետական աջակցությամբ հյուսիսարևելյան պարիսպների որոշ հատվածներ արդեն վերականգնվել են, իսկ մյուս տարի նախատեսվում է վերականգնել պատմական ամրոցի այլ ենթակառուցվածքներ, օրինակ՝ բաղնիքը, եկեղեցին և այլն:

«Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքները, ավարտին է մոտեցել Վարագավանքի գավիթներից մեկի վերականգնումը: Պեղումների և նախագծման փուլում է Արթիկի եկեղեցիներից մեկը, Թալինի Կաթողիկե եկեղեցին, Երևանի ներսում՝ Կարմիր կամուրջը: Այս տարի նախատեսում ենք ավարտին հասցնել Կոտայքի մարզի Չարենցավան և Բյուրեղավան համայնքների «Արձագանք» և «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակների վերականգնման աշխատանքներն ու տարածքների բարեկարգումը»,- եզրափակել է Հարություն Վանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…