ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

Նոյեմբերի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:

Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերի՝ ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն շուրջ 11 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նրա խոսքով` ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 104 հազար երեխաներ ապահովվել են մեկանգամյա առողջ, բալանսավորված սննդով, ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի բարելավման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածման գործընթացներում։

«2016 թվականից սկսած ՀՀ կառավարությունը նաև ֆինանսական պարտավորություն ստանձնեց ծրագրի իրականացման համար, երբ մեկնարկեց մարզերի փուլային հանձնումը ՊՀԾ-ի դպրոցական սննդի զարգացման ծրագրից ՀՀ կառավարության դպրոցական սննդի ազգային ծրագրին։ Մինչ օրս ծրագրի հետագա ղեկավարումը ՀՀ կառավարությանն է հանձնվել վեց մարզում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Տավուշ, Շիրակ և Արագածոտն: Ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար աշակերտներ պետական բյուջեի շրջանակում օգտվում են ծրագրից»,- նշել է նախարարը` հավելելով, որ այժմ ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավվում են նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները: 2022 թվականին Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցները ևս դպրոցական սննդի ազգային ծրագրի մաս կկազմեն։

Ըստ Վահրամ Դումանյանի` համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում:

«Հարկ է նշել, որ այդ ժամանակը մենք օգտագործեցինք արդյունավետ՝ համագործակցաբար վերանորոգելով դպրոցների ճաշարանները, որպեսզի երեխաները տաք սնունդ ստանալու հնարավորություն ունենան։ Բացի դրանից` համավարակի պայմաններում դպրոցական սննդի ծրագիրը նույնպես ենթարկվեց փոփոխությունների. շարունակականությունն ապահովվեց սովորողների ընտանիքներին չոր սննդի փաթեթների տրամադրմամբ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ գործընկերների կողմից ֆինանսավորվող մարզերում: 2019 թվականին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ ստորագրված համաձայնագիրը նոր փուլ է բացում մեր հարաբերություններում, քանի որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համար նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմավարական` «Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդ» բաղադրիչի ներդրումը, որի շրջանակում դպրոցները դիտարկվում են որպես յուրատեսակ ուսումնական կենտրոններ, որոնք կնպաստեն Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարելավմանը, կստեղծեն աճի նոր պայմաններ, կխթանեն երկրի կանաչ և թվային տարածաշրջանային զարգացումը, ինչպես նաև կնպաստեն բնակչության առողջության բարելավմանը»,- շեշտել է նախարարը։ Նրա խոսքով` ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից:

«Խիստ կարևորվում է այս խնդիրը, քանի որ հանրակրթության բովանդակային փոփոխությունների մեջ կարմիր գծով անցնում է առողջ ապրելակերպի գաղափարը: Պետք է ասեմ, որ բազմաթիվ լավ համատեղ նախաձեռնություններ ունենք, օրինակ` դպրոցական այգիների մրցույթը, որը խրախուսում է մեր երեխաներին տարածքի ամեն հատվածն օգտագործել արդյունավետ, սովորել կարևոր գիտելիքներ և միաժամանակ հանրային բարիք ստեղծել»,- փաստել է Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների ու ծնողների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները՝ անվտանգ, առողջարար և համեղ սնունդ պատրաստելու նպատակով: Չնայած արձանագրված հաջողություններին, ըստ նախարարի, դպրոցների մեծ մասի համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ ծրագրի շրջանակում իրականացվում են նաև դպրոցներում կարողությունների զարգացման դասընթացներ, մասնավորապես` պետական գնումների գործընթացի, սննդի առողջապահական նշանակության, սննդամթերքի անվտանգության, հիգիենայի և գործնական խոհարարության ուղղություններով։ Դասընթացները նախատեսված են դպրոցական ղեկավար անձնակազմի, խոհանոցի աշխատողների և ծնողական համայնքի համար:

«Հարկ է նշել, որ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ ստեղծվել են 16 դպրոցահեն ջերմոցներ, 15 դպրոցական այգիներ, 86 դպրոցներ հագեցվել են արևային էներգիայի մարտկոցներով, իսկ 816 դպրոցների ճաշարաններ` սարքավորումներով, 512 դպրոցների ճաշարաններում վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ են արվել։ Սրանք էական արդյունքներ են, որոնց վրա մենք կարող ենք կառուցել հետագա քայլերը»,- նշել է նախարարը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու և զարգացնելու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ի շահ երեխաների զարգացման և որակյալ կրթության ապահովման։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի խոսքով՝ ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և բազմաթիվ այլ գործընկերների մշտական աջակցության շնորհիվ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրն իր զգալի ենթակառուցվածքային և մարդկային կապիտալի ներդրումներով ստեղծել է ամուր հիմք, որը խթանում է համայնքային զարգացումը, խրախուսում է հասարակության ներգրավվումը, ապահովում է բազմաշերտ կրթություն, ստեղծում է նոր աշխատանքային հնարավորություններ և խթանում առողջ ապրելակերպը:

«Մեր գործընկերների հետ մենք համաձայնեցինք կարևոր մի ռազմավարական մոտեցման շուրջ, որը նախապատրաստում և կերտում է ապագան՝ բազմամյա ներդրումների հանձնառությամբ»,- նշել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը՝ հավելելով, որ ձեռքբերումները վկայում են, որ այս մոտեցումը շոշափելի արդյունքներ է ստեղծում։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս ընդգծել է ծրագրի իրականացման և կատարված ներդրումների անհրաժեշտությունը։ Նա կարևորել է հայ-ռուսական հարաբերությունները` հաստատելով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է աշխատանքային բոլոր ուղղություններով, այդ թվում` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասով։

ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը տեսաուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին։ Նա շնորհավորել է բոլորին կատարված հսկայական աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ` մնացած երկու մարզերը դպրոցական սննդի ազգային ծրագրին փոխանցելու գործում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Լոռու և Գեղարքունիքի փոխմարզպետերը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները վայելել են Լոռու մարզի Վանաձորի թիվ 27 և Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների կատարմամբ ներկայացումները, մասնակցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ճաշացանկի ցուցադրության համտեսին, ինչպես նաև ծանոթացել Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցի` կանանց հզորացմանն ու համայնքի զարգացմանն ուղղված հաջողության պատմությանը: Ներկաները շրջել են նաև ծրագրի շրջանակում հիմնված ջերմոցներում:

Հավելենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի տրանսֆորմատիվ բաղադրիչի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների, ջերմոցների հիմնադրմամբ և արևային կայանների տեղադրմամբ հայաստանյան դպրոցները վերածվում են համայնքների զարգացման և երկարաժամկետ կրթական հարթակների։ Ծրագիրը սննդարար, մաքուր և կանաչ սնուցմանն ուղղված ապագայի համալիր մոտեցում է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…