ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

Նոյեմբերի 16, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում և կիրառել նոր գործիքակազմեր։

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրում

Այս ուղղությամբ առավել արդյունավետ գործելու համար առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին։ Ըստ այդմ՝ օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի նկարագիր։ Միաժամանակ, որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական չափորոշչի հասկացությանը։ Առաջարկվում է վերանայել համաչափության պահանջը տարակարգերի շնորհման պարագայում, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված է որոշակի հերթականություն և ժամանակահատված: Հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը թույլ չի տալիս, որ տարակարգերի շնորհման մեխանիզմը իրապես խրախուսող և խթանող դեր խաղա։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները՝ ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք ուսուցչի բնութագրի վերանայման համար։ Բացի դրանից՝ սահմանվել է հիմնադրի միջոցների հաշվին ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ շնորհելու վերաբերյալ դրույթ։ Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները։

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրում

Տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում կիրառել տարբերակում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Հավաստագրման ընթացակարգից էլ հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր ավելացնելով։

Համակողմանի քննարկումների արդյունքում՝ տնօրենի թափուր պաշտոնը համալրելու առավել արդյունավետ տարբերակ է ընդունվել տնօրենի նշանակումը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածու(ներ)ից: Այս մոտեցումը թույլ կտա լուծել կարևորագույն մի խնդիր, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում, այն է՝ դպրոցի խորհրդի ոչ արհեստավարժ անդամների կողմից կարևորագույն պաշտոնի հավակնող թեկնածուի ընտրության հարցը, որը շատ հաճախ իրականացվում էր լրջագույն խախտումներով և հասարակական հնչեղություն ստանում: Այնուամենայնիվ, դպրոցի աշակերտական, ուսուցչական և ծնողական խորհուրդները շարունակելու են իրենց գործուն մասնակցությունն ունենալ թեկնածուների ընտրության հարցում:

Նախագծով՝ դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։ Ներկայում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի ղեկավար, որն ինքնուրույն իրականացնում է դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական գործերի կառավարումը։ Նա ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով, այլ մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ ու իրականացմամբ, համագործակցում է վարչատնտեսական մասի ղեկավարի հետ պլանավորման և դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիան կազմելիս: Դպրոցի կառավարման նման մոդել կիրառվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի կրթական հաստատություններում։

Այսինքն՝ նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի ղեկավարը: Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործընթացի՝ լիազոր մարմնի կողմից ղեկավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձևով, օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ատեստավորումը և վերապատրաստումը կլրացնեն տնօրենների մասնագիտական հմտությունների բացը. կտրվի համապատասխան մեթոդական աջակցություն:

Առաջարկվում է համապատասխանություն մտցնել ատեստավորման և զարգացման ծրագրերի կազմման, հավաստագրման համար սահմանվող ժամկետների միջև։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից պետական ուսումնական հաստատության նշանակված տնօրենի հետ սահմանված կարգով պայմանագիր է կնքվում 3 տարի ժամկետով։ Զարգացման ծրագրի կատարողական արդյունքի հիման վրա՝ տնօրենը կատեստավորվի, և վերջինիս հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով, և այսպես շարունակ՝ մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը։ Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում, որի արդյունքներով՝ պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար հիմք է։ Այդ դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած: Հավաստագիր ստանալ ցանկացող անձն ազատ կլինի ընտրելու՝ վերապատրաստվել, թե ինքնուրույն պատրաստվել քննությանը:

Հստակեցվել է նաև էթիկայի վարքականոնի՝ որպես մեխանիզմի կիրառությունը։ Վարքականոնը կնախատեսվի կոլեգիալ կառավարման խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների համար։

Կարևոր փոփոխություն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության օգտագործման և դրա կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ու պարբերականության ամրագրումը և կատարման արդյունքներով՝ տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության՝ հաստատության կառավարման խորհրդին վերապահումը։ Սահմանվել է կառավարության լիազորող նորմ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների փորձաքննության իրականացման և հաստատման համար, հստակեցվել են այլընտրանքային կրթական ծրագրի տարբերակման ու չափորոշչահեն կրթություն իրականացնելը կարևորող դրույթները։

Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցում

Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջացման գործոնների ցանկում: Թվարկված խմբերի երեխաներին, կարիքով պայմանավորված, կցուցաբերվի մանկավարժահոգեբանական աջակցություն։

Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ կարող են դժվարություններ ունենալ նաև բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ և չքավոր, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաները, լեզվական արատ ունեցողները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ծրագիրը 3 տարով կազմելու մեխանիզմը թույլ կտա ավելի իրատեսական պլանավորում իրականացնել:

Առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ և լրացումներ պայմանավորված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և սովորողների հաշվառման, նրանց հետ աշխատանքի գործընթացի ավտոմատացմամբ։ Ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններից են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող գործառույթները հստակեցնող դրույթները։ Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրում

Այս ուղղությամբ փոփոխությունները վերաբերում են հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթության բովանդակությանն առնչվող մի շարք բաղադրիչների լրամշակված սահմանումներին, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն արտացոլել 2019 թվականից մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփոխումների էությունը և օրենքի սահմանումները ներդաշնակեցնում են առաջարկվող ռազմավարական մոտեցումներին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…