ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով:

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորումը: «Ներառականության ապահովումը բնութագրում է հասարակության որակը և ցույց տալիս հասարակության արժեքները, զարգացումը և ներքին խնդիրները»,- նշել է նա:

Ներկայացնելով կրթության ոլորտի ներառականությանն ուղղված պետական քաղաքականությունը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրության և քաղաքականության մշակում, ենթակառուցվածքների զարգացում և միջավայրի հարմարեցում, մարդկային կարողությունների զարգացում:

ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նախադպրոցական տարիքի երեխաներին

Օրենսդրական բարեփոխումներից նախարարի տեղակալն առանձնացրել է նախադպրոցական կրթության մասին նոր օրենքը, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման մինչև 2023 թվականը: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր էր հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, որը հաստատվել է այս տարվա ամռանը: Ըստ այդմ` արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ: «Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվում մասնագիտացված կառույցների հզորացման համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) ֆինանսավորման նոր կարգը ևս հաստատված է, և հաջորդ տարվանից ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցության ծառայություններ կմատուցեն նախադպրոցական հաստատություններին, ինչն էլ պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է ենթադրում:

Հանրակրթության մասին նոր օրենքում շեշտված է ներառականությունը

Այս օրերին լայնորեն քննարկվող ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծում ևս ներառականության խնդիրները լայնորեն շեշտադրված են: Փոխնախարարի խոսքով` արմատական վերանայումը սկսվում է ԿԱՊԿՈՒ հասկացության վերանայումից և հասնում ֆինանսավորման նոր բանաձևի ներդրմանը: Հրաժարվելով ֆինանսավորման բարձրացված չափաքանակի նախկին մոտեցումից` ըստ էության ստեղծվում է նոր տիպի հատուկ դպրոցների համակարգ: «Յուրաքանչյուր երեխա կկարողանա հաճախել ցանկացած դպրոց, որտեղ ապահովված կլինի ֆիզիկական հարմարեցված միջավայրով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցիչների տրանսպորտային ծառայության փոխհատուցման նոր կարգով` փոխհատուցում կարող են ստանալ նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարից:

Միջավայրի հարմարեցումը քաղաքաշինական պահանջ է

Միջավայրի հարմարեցման և ենթակառուցվածքների զարգացման առումով՝ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում այժմ ընթացող նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծավալուն աշխատանքները: Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիների համար նախատեսված է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգում և կառուցում: Շինարարական բոլոր ծրագրերում միջավայրի հարմարեցման պահանջները հատուկ կարևորված են, դրանք նաև ներառված են քաղաքաշինական նորմերում:

Ներառականությունը ուսուցչի պարտադիր ատեստավորման առանձին կրեդիտ է

Մարդկային կարողությունների զարգացման տեսանկյունից՝ նախարարի տեղակալը առանձնացրել է կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացը: Նա նշել է, որ ուսուցիչների պարտադիր ատեստավորման և վերապատրաստման ծրագրում ներառականությունն առանձին պարտադիր բաղադրիչ է, որի համար ուսուցիչը ստանում է առանձին կրեդիտ, առանց որի նա չի կարող ատեստավորվել:

Նշենք, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պարտադիր ատեստավորում է անցնում. տարեկան վերապատրաստվում և ատեստավորվում է մոտ 7000 ուսուցիչ:

Հավելենք, որ «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս դե Ուիթը: Պանելային քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հայաստանյան ղեկավար Անի Մանուկյանը:

Աշխատաժողովին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների և շուրջ 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…