ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բասկետբոլի VBET Ա-Լիգա․ «Ուրարտուն» և «ԲԿՄԱ»-ն առաջատարի դիրքում են

Դեկտեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։

«Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 78-91 հաշվով պարտություն կրել։

Դեկտեմբերի 4-ին «ԲԿՄԱ»-ն ուժերն է չափել «Արցախ» ակումբի հետ և 117-62 հաշվով հաղթանակ տարել։ Դեկտեմբերի 5-ին «Արցախը» ևս մեկ խաղ է անցկացրել՝ մրցելով «Էրեբունի» թիմի հետ և զիջելով 97-117 հաշվով։

Դեկտեմբերի 5-ին կայացած մյուս խաղում միմյանց դեմ մրցել են «ՖԻՄԱ»-ն և «ԲԿՄԱ»-ն։ Հանդիպումն ավարտվել է 60-101 հաշվով՝ հօգուտ «ԲԿՄԱ»-ի։ Այս հանդիպման վերաբերյալ, սակայն, Vbet Ա-լիգայի մամուլի քարտուղարությունն ավելի ուշ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԱ «ՖԻՄԱ»-ի կազմում եղել է խաղացող, ով նախորդ ակումբից («Էրեբունի») տեղափոխվելու թույլտվություն չի ստացել, ԲԱ «ՖԻՄԱ» թիմը համարվում է պարտված։ Խաղի հաշիվը մնում է անփոփոխ, սակայն ԲԱ «ՖԻՄԱ»-ն պարտության համար վաստակում է 0 միավոր։ ԲԱ «ՖԻՄԱ»-ն կտուգանվի լիգայի խորհրդի նիստից հետո:

Խաղացող Բրենդոն Հիլլն այլևս իրավունք չունի հանդես գալ ԲԱ «ՖԻՄԱ»-ում, քանի դեռ «Էրեբունիից» պաշտոնական թույլտվություն չի ստացել»:

Դեկտեմբերի 7-ին ևս երկու հանդիպում է կայացել։ Առաջատար «Ուրարտուն» մրցել է «Արցախի» հետ և 112-91 հաշվով հաղթանակ տարել։ Օրվա մյուս խաղում էլ «ԲԿՄԱ»-ն մրցել է «Արարատ» ակումբի հետ և առավելության հասել 97-80 հաշվով։

Կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» և «ԲԿՄԱ»-ն գլխավորում են VBET Ա-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 17 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Էրեբունին»՝ 16 միավորով։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջնության շրջանակում երկու հանդիպում կկայանա։ «Արարատը» ժամը 19։00-ին կմրցի «Արցախի» հետ, իսկ ժամը 21։15-ին կմեկնարկի «ՖԻՄԱ»-«Գյումրի» հանդիպումը։

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մուտքն ազատ է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն