ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Դեկտեմբերի 17, 2021
Սպորտային լուրեր

Տաշքենդում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել:

+109 կգ քաշային Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ Գոռ Մինասյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 448 կգ արդյունքով (243+205):

22-ամյա Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել: Առաջին մոտեցմամբ Լալայանը գլխավերևում պահել է 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ՝ 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 211 կգ-ն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում ընդամենը մեկ կգ-ով զիջել է բրոնզե մեդալը նվաճած բուլղարացի ծանրորդ Էդուարդ Զյազուլինին և զբաղեցրել չորրորդ տեղը: Առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրել է 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողել է՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ-ն:

Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով:

Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ չի կարողացել ֆիքսել 240 կգ-ն, բայց երկրորդ և երրորդ մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 242, ապա 246 կգ կշռող ծանրաձողը: Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ հրել է 240, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Մինասյանը 253 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել՝ նվաճելով Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճել է Լաշա Տալախաձեն: Վրացի ծանրորդը երկամարտում գրանցել է 492 կգ (225+267): Տալախաձեն հրում վարժությունում ևս համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 267 կգ արդյունքով:

Ավելի վաղ, 109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել էր 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել էր 12-րդ տեղը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բորնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Աշխարհի առաջնությանը մասնակցում էր 10 ներկայացուցչով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն