ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր չափորոշիչ, դպրոցների կառուցում և աշխատավարձի բարձրացում. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին

Դեկտեմբերի 23, 2021
Պաշտոնական

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Մեծ տեղ է հատկացվել նաև դպրոցաշինության և ուսումնական սարքավորումների համալրման ծրագրերին, նոր մոտեցում է ցուցաբերվել մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է կատարված աշխատանքները:

Խոշոր կապիտալ ծախսեր դպրոցաշինության ոլորտում

Կապիտալ բնույթի ծախսերը մեծ տեղ ունեն պետական ծրագրերում: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` միայն 2021 թվականին ԿԳՄՍՆ բյուջեի տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։ Միայն համակարգչային հագեցվածության տեսանկյունից՝ 2020 թվականին ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ ուսումնական 305 հաստատությունների, այդ թվում՝ հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով ուսումնական 101 հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ: Իսկ 2021-ին հանրակրթական ուսումնական 272 հաստատությունների տրամադրվել է մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին՝ նաև մեկական դյուրակիր համակարգիչ: Այսպիսով՝ ՀՀ հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները համալրված են պրոյեկտորով և դյուրակիր համակարգիչով։ Ինչ վերաբերում է բնագիտական լաբորատորիաներին, ապա 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Տարեվերջին կառավարությունը կայացրեց որոշում Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում ստեղծելու ինժեներական 14 լաբորատորիաներ։

Հանրակրթության նոր չափորոշչի փորձարկում Տավուշում

2021թ. փետրվարին Կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ «Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից, միավորային գնահատումը լրացնելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով առարկայակենտրոն ուսումնական պլանները՝ ի շահ ամբողջական և ինտեգրված ուսուցման։ Չափորոշչով սահմանվում է ԲՏՃՄ բնագավառով ուսուցման որակի էական ու շեշտակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը, լեզուների ուսուցման որակի հաստատման անհրաժեշտությունը, սահմանվում են մեդիագրագիտության, տարածաշրջանային լեզուների ուսուցման և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները։ Այս մոտեցումների հիման վրա՝ սահմանվել են առարկայական նոր ծրագրերն ու չափորոշիչները, իրականացվել են Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների ուսուցիչների վերապատրաստումները, մշակվել են ուսումնական նյութերը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև ավելացրել է, որ սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում իրականացվում է փորձարկում, որը մշտադիտարկվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Այբ հիմնադրամի և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի կողմից:

Ուսուցիչների մասնագիտական զարգացում և աշխատավարձի բարձրացում

Այս տարի փորձարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը։ Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանում են 30-50 տոկոս հավելավճար՝ հոկտեմբեր ամսից սկսած:

«Մենք քննարկել ենք փորձնական փուլում արձանագրված խնդիրները, որոնք հաշվի կառնվեն գալիք տարվա կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ժամանակ»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ հաջորդ տարվա կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Հայտերի ընդունումը կսկսվի 2022 թվականի մայիսից, սեպտեմբերին կլինի գիտելիքի ստուգումը, որի արդյունքներով հոկտեմբերից կտրվեն հավելավճարները:

Տարվա ընթացքում վերսկսվել է նաև ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացը` էապես փոխելով մոտեցումը: Մասնավորապես, երաշխավորվել են 48 կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու կազմակերպություններից որևէ մեկը կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքելու կրեդիտներ, դիմելու և ատեստավորվելու։ Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվեն շուրջ 14000 ուսուցիչներ։

Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ մշակվել է ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգ, որով նախատեսվում է հիմք դնել ուսուցչի կարողունակությունների սահմանմանը և մասնագիտական զարգացման կարիքների գնահատման հիման վրա տարբերակված մոտեցմանը։

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխություն

Ներկայում շրջանառվում է ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունը, որն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Դրանով կվերանայվեն ատեստավորման և տարակարգերի մոտեցումները, ուսուցիչների վերապատրաստման քաղաքականությունը՝ ներդնելով մասնագիտական զարգացման և ուսուցչի աշխատավարձային քաղաքականության փոխկապակցված մեխանիզմ, իսկ վերապատրաստումները կլինեն ուսուցչի գնահատված կարիքի հիման վրա։ Օրենքի վերջնական ընդունումը նախատեսվում է 2022 թվականին, որից հետո կիրականացվեն նաև մի շարք կարգերի փոփոխություններ:

Կրթության հասանելիություն. մենթոր դպրոցներ

Ուսուցչի բացակայության պատճառով առարկան չուսումնասիրելու խնդրին լուծում տալու նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Մասնավորապես, էապես բարելավվել են բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի ուսուցիչների գործուղման պայմանները, սահմանվել է 30 տոկոս աշխատավարձի հավելավճար: Բարելավվել են նաև ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները. ծրագրի շահառու են 2115 սովորող, 3791 ուսուցիչ։

Հաշվի առնելով, որ կան հանրակրթական դպրոցներ, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է մենթոր դպրոցների ծրագիրը: 18 մենթոր դպրոցների համապատասխան առարկաների ուսուցիչները իրենց կցված դպրոցների համար էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցում են ապահովում: Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ մշակվել է նաև հեռավար ուսուցման հարթակ, որը գալիք տարվանից ավելի դյուրին կդարձնի էլեկտրոնային ուսուցման գործընթացը։

Մշակվել և հաստատվել է նաև Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում կրթական որակյալ ծառայությունների նոր ծրագիրը, որի իրականացման համար կպահանջվի շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ։ Բանակցություններ են ընթանում Եվրամիության գործընկերների հետ՝ Կապանի կրթական ծրագիրը 2,6 միլիարդ եվրոյի աջակցության ծրագրում ներառելու ուղղությամբ:

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

2022 թ. առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա, մասնավորապես՝ նախատեսվում է, որ 2022 թ. հուլիսին կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում: Ակնկալվում է շուրջ 80 երկրի մասնակցություն։

«Օլիմպիական շարժումը խրախուսելու համար նախարարությունը վերջին տարիներին առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին և միջազգային օլիմպիադաների մասնակիցներին կրթաթոշակ է տրամադրում, ինչը մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների մեջ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ վերջին 3 տարում գրանցվել է 46 մեդալ միջազգային օլիմպիադաներից, այդ թվում՝ 19 մեդալ 2021-ին (2 ոսկի, 6 արծաթ,11 բրոնզ), 17 մեդալ՝ 2020-ին։

Գիտության փառատոն

2021-ին առաջին անգամ կազմակերպվել է համադպրոցական գիտության փառատոնը, որին մասնակցել են Երևանի և 7 մարզերի ուսումնական 21 հաստատությունների 110 աշակերտներ: Ներկայացվել է անհատական և խմբային գիտահետազոտական 46 նախագիծ։ Առավելագույն միավոր ստացած երկու խմբերը մասնակցեցին ԱՄՆ-ում կայացած Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որտեղ խմբերից մեկը զբաղեցրել է չորրորդ տեղը հարյուրավոր թիմերի շարքում։ Փառատոնը կկրի ամենամյա բնույթ, եկող տարի կիրականացվի նաև ‹‹Քո գիտությունը դպրոցում›› ծրագիրը։

Մարզառազմական ճամբար և այլ ծրագրեր

Հանրակրթության ոլորտի նորություններից փոխնախարարն առանձնացրել է նաև այս տարի առաջին անգամ փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագիրը: Շուրջ 100 սովորողների համար12 օր տևողությամբ ճամբար է կազմակերպվել, որի ընթացքում 11-րդ դասարանցիները գործնական գիտելիքներ և հմտություններ են ստացել ‹‹Նախնական զինվորական պատրաստականություն›› առարկայից։ Հանրակրթության նոր չափորոշչով՝ մարզառազմական ճամբարը պարտադիր է լինելու՝ իբրև այս առարկայի գործնական բաղադրիչ: Շարունակվել է նաև ‹‹Կայուն դպրոցական սնունդ› ծրագրի իրագործումը ՀՀ մարզային դպրոցների կրտսեր դասարաններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…