ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ներգրավված քաղաքացի» դասընթացը կներդրվի ևս 6 բուհում

Հունվարի 11, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:

Դասընթացը, որը 2021 թվականին մեկնարկել էր հայաստանյան հինգ համալսարաններում, այս տարի կներառվի ևս վեց բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի ‹‹Հայբուսակ›› համալսարանում:

Ըստ փոխնախարարի՝ դժվար է գերագնահատել քաղաքացիական կրթության դերը ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող երկրի համար, երբ պետական ինստիտուտների, ժողովրդավարական մեխանիզմների շարունակական զարգացումը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների լուծումը ենթադրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ներգրավվածություն:

«Այս գիտակցումն է դրված կրթության համակարգի հիմքում՝ անկախ դրա ձևաչափից: Ֆորմալ կրթության համակարգում ներկայում ներդրվող հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների հիմքում դրված է քաղաքացիական ու ժողովրդավարական կարողունակությունների զարգացումը: Որպես վերջնարդյունք՝ ակնկալում ենք, որ սովորողը ոչ միայն իրազեկ կլինի մասնակցության ֆորմալ գործընթացներին, այլև պատրաստ կլինի իրական կյանքում իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները, ստանձնելու պատասխանատվություն և դառնալու տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացի ակտիվ մասնակիցը: Բարձրագույն կրթության համակարգում ևս կարևոր է կարողունակությունների զարգացումն առանձին դասընթացների միջոցով, և ուրախ ենք, որ «Ներգրավված քաղաքացի» ծրագիրը հաջողությամբ անցավ փորձնական փուլը, որի արդյունքում 6 բուհ ևս միանում է նախագծին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին մասնագիտություններով սովորողներին, այլ ողջ ուսանողական հանրությանը:

«Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ այս ծրագիրը մշակվել է ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանությամբ և իր բնույթով, այդ թվում՝ ինտերակտիվ ուսուցմամբ, համահունչ է ուսանողակենտրոն կրթության կազմակերպման մոտեցումներին և քաղաքականությանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի և զարգացում կապրի ողջ բուհական համակարգում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

Դասընթացը, որն արդեն գործում է 5 բուհում՝ Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, հնարավորություն կտա դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնելու ժողովրդավարական կառավարման, քաղաքացիական հասարակության և մասնակցության, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Այն ուսանողներին հասանելի կլինի որպես ընտրովի դասընթաց կամ, ըստ բուհի որոշման, ընտրովի կրեդիտային դասընթաց և բաղկացած կլինի ՀՀ իրականությանը հարմարեցված քաղաքացիական կրթության թեմաներից: Կկիրառվեն ուսուցման լսարանային ինտերակտիվ մեթոդներ՝ որպես ընտրողների կրթության և քաղաքացիական իրազեկման ժամանակակից մոտեցումներ: Սոցիալական հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ուսանողները կներգրավվեն նաև արտաուսումնական գործունեության, ինչպես նաև հանրային ծառայության մեջ, ինչը համայնքներում կարևոր նշանակություն ունի: Արդյունքում՝ դասընթացի շրջանակում ուսանողները կզինվեն այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավվման, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)