ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջարկվում է տարրական դասարանների անվճար դասագրքերով ապահովել նաև ոչ պետական դպրոցներին

Հունվարի 11, 2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ և նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Ըստ պատգամավորի՝ գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին, մինչդեռ նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ նրանից՝ սովորում են պետական, թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար:

«Այս առումով որոշակի խնդիրներ են առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Մի կողմից օրենքն արգելում է դասագրքերի վաճառքը, մյուս կողմից՝ մենք օրենքով պարտադրում ենք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով և ծրագրերով ապահովեն երեխաների կրթությունը»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ դասագրքերը տրամադրվում են ոչ թե դպրոցներին, այլ երեխային, հետևաբար որևէ տարբերություն պետք է չդրվի, թե երեխան ինչպիսի դպրոց է հաճախում:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը փաստել է, որ խոսքն իրավամբ երեխաների կրթության իրավունքի մասին է, և այն պետք է կախված չլինի այն փաստից, թե երեխան ինչպիսի դպրոցում է սովորում. «Եվ, այո՛, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավելի երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենան նաև այդ պարագայում»:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել հունվարի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Նշենք, որ հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի քան 54 հազար է:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Կնյազ Հասանովն առաջարկել են լրացնել օրենքում առկա բացերը` կապված ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության վկայագրման ու ճանաչման հետ: Նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել` ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ եթե անձը որևէ մասնագիտությամբ ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն, օրինակ՝ լավ խոհարար կամ վարսահարդար է, ապա նա հնարավորություն կունենա ստանալու հավաստագիր կամ վկայական` տվյալ մասնագիտությանը տիրապետելու վերաբերյալ, և աշխատել այդ մասնագիտությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախաձեռնության ընդունումը, ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հավելենք, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով: Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…