«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը:
Մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որի հիմնական գաղափարն էր Գյումրիի դարբնության ավանդույթները ներկայացնող և մշակութային ժառանգության արժեք ունեցող ազգագրական նյութի գրանցումը, պահպանումն ու հանրայնացումը։
Ծրագրի մասին
Չնայած դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ այն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում:
Ինչպես Աղասի Թադևոսյանն է ներկայացնում, շուրջ 5 ամիս տևած գիտարշավների ընթացքում գրանցած նյութի հիման վրա շարադրվել են դարբնոցային տեխնիկատեխնոլոգիական աշխատանքի և քաղաքային ֆոլկլորում դարբնության ու դարբինների դերի ու տեղի հետ կապված համառոտ պատմություններ, որոնք ամփոփվել են էլեկտրոնային գրքի և շտեմարանի ձևով: Բացի դրանից՝ իրականացվել է Գյումրիի դարբնոցային մշակութային ժառանգության նմուշների տեղակայման քարտեզագրում՝ դրանց գտնվելու վայրերի մասին ցանկերի ուղեցույցով և լուսանկարներով, ինչպես նաև համառոտ տուրիստական խորհրդատու Գյումրիում դարբնոցային մշակութային ժառանգության ցուցադրմանը նվիրված շրջայցի կազմակերպման վերաբերյալ:
Ծրագրի իրականացումը կարևորվում է Գյումրիի արհեստների գույքագրման, արհեստագործների համայնքի արժևորման և գնահատման, ինչպես նաև տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու կենսունակության շարունակականության ապահովման նպատակով:
Դարբնությունը՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն
Աղասի Թադևոսյանը՝ որպես ծրագրի հեղինակ և ազգագրագետ, ներկայացնում է Գյումրիում դարբնոցային մշակույթի առանձնահատկությունները, անցյալն ու ներկան, հեռանկարները:
«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ,- պատմում է ազգագրագետը,- որպես քաղաք՝ Գյումրին ձևավորվել է 1840-ականներին, երբ այստեղ է տեղափոխվել քաղաքային բնակչություն՝ ձևավորելով տարբեր խավեր: Դա ենթադրում էր մրցակցություն ոչ միայն տարրական կարիքների, այլև գեղագիտական պահանջմունքների բավարարման տիրույթում: Իսկ մրցակցության մեջ վարպետներն ավելի էին հմտանում»:
Քաղաքային արհեստները ունեին համքարություններ՝ որոշակի կանոններով ու արհեստի որակական չափանիշներով, և եթե որևէ արհեստագործ չէր բավարարում այդ չափանիշները կամ խախտում էր դրանք, համքարությունը կարող էր զրկել նրան առևտրական շարքում կրպակ ունենալու հնարավորությունից:
«Ինչո՞ւ է դարբնությունը ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվում» հարցին ազգագրագետ Աղասի Թադևոսյանը պատասխանում է. «Ցանկացած նյութական մշակույթ առարկայանում է ոչ նյութական մշակույթի՝ մտքի ու գաղափարի հաշվին. նյութականը վերջնական արդյունքն է: Այս համատեքստում պետք է տարբերել երկաթագործությունը ավանդական դարբնությունից: Այսօր էլ Գյումրիում կան երկաթային դեկորներով տներ: Դրանց պատրաստման ավանդական եղանակներին փոխարինում է տեխնիկական՝ եռակցման եղանակը: Գործից հասկացող մարդը տարբերությունը միանգամից կզգա. արտաքին տեսքը, որակը այլ են: Դարբնությամբ արված գործերի սիմետրիկ շարքերը, բացի կիրառականությունից, նաև գեղագիտական նշանակություն են ձեռք բերել. հենց սա է դարձել ոչ նյութական մշակութային ժառանգություն»:
Դարբնության այսօրը
Հետազոտությունների ընթացքում Ա. Թադևոսյանը զրուցել է գյումրեցի մերօրյա դարբինների՝ այդ ավանդույթը իրապես կրողների հետ: Նա պատմում է, որ դարբնության ամենածաղկուն շրջանում Գյումրին ունեցել է մոտ 96 վարպետ դարբին. այսօր նրանց թիվը քաղաքում մատների վրա կարելի է հաշվել. վեցն են: Մի քանի ընտանիք կա, որ սերնդեսերունդ պահպանում է արհեստը՝ հասնելով արդեն 7-րդ սերնդին: Նա հիշատակում է հատկապես Պապոյանների, Մնոյանների, Մարտիրոսյանների ընտանիքների մասին: Նրանք, թե՛ լուսանկարներով, թե՛ բանավոր պատմություններով, թե՛ պարզապես արհեստի մշակութային ինֆորմացիայի կրողները լինելով, պահպանել են այն:
Հետազոտությունների հիման վրա գրած գրքում Ա. Թադևոսյանը հայտնի դարբիններից վավերագրել է Գյումրիում դարբնության մշակույթին վերաբերող բազմաթիվ հիշարժան պատմություններ: Դրանք ցույց են տալիս ավանդույթի կենսունակությունը Գյումրի քաղաքի անցյալում և ներկայում, արժեքն ու նշանակությունը՝ որպես մշակութային ժառանգություն: Ըստ պատմություններից մեկի՝ Գյումրիի կայարանի հայտնի ջահը դարբնել են Մնոյանները: Մեկ տոննա կշռով ջահը կախելիս վարպետ Օնիկը և նրա 2 տղաները իրենց աշխատանքի որակն ու վստահելիությունը ցույց տալու համար բարձրացել են դրա վրա և ի նշանավորումն գործի հաջողության՝ շամպայն խմել:
Դարբնությունը՝ որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել: Զնդանի վրա դարբինները հաց են տվել, և դրա վրա նստելը սրբապղծություն էր: Ա. Թադևոսյանն իրավացիորեն նշում է, որ ավանդական արհեստները կորցնելու վտանգը միշտ կա, որովհետև տեխնոլոգիզացման գործընթացին զուգահեռ՝ արդյունքը էժանանում է, իսկ ձեռքի աշխատանքը ժամանակատար և թանկ:
«Միայն այն, որ այսօր կան ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ փոխանցում են դարբնությունը, հուշում է, որ արհեստը կապրի»,- ասում է Թադևոսյանը և հայտնում Հովհաննես Մնոյանի վերջին գործի մասին. նա երկաթից կին է դարբնել, շուտով կավարտի նաև Կոմիտասի կիսանդրին:
Դարբնության ավանդույթը պահպանում է ոչ միայն դարբինը, այլև բնակիչը
«Քաղաքը լուսանկարելու ընթացքում նկատեցինք մի ճաղավանդակ, որը գտնվում էր բոլորովին նոր դռան վրա. հին վարպետի ձեռքի գործ էր: Դուռը փոխել էին, բայց ճաղավանդակը պահպանել են,- ասում է մեր զրուցակիցը և հավելում,- սեփական մշակույթը ընկալելը և կրելը այդ արժեքների պահպանման հիմնական երաշխիքն են: Շատ հաճելի էր տեսնել և գիտակցել բնակիչների մոտեցումը»:
Ա. Թադևոսյանը պատմում է նաև, որ Գյումրիի Գեղարվեստի ակադեմիան ունի դեկորատիվ կիրառական արվեստի բաժին, որտեղ դարբնություն են սովորեցնում: Նա ականատես է եղել, թե ինչպես են աղջիկները ևս հետաքրքրվել այս արհեստով, փորձել երկաթից դեկոր ստանալ: Ազգագրագետը արհեստը պահպանելու և սերունդներին փոխանցելու հարցում լավատես է. միաժամանակ նշում է, որ մեծ դեր ունի նաև հանրահռչակման քաղաքականությունը՝ հասարակության լայն շերտերին ներկայացնելու մեր ավանդական դարբնությունը՝ այն պահպանելու, չվնասելու և հնարավորինս կիրառական դարձնելու համար: Ըստ Թադևոսյանի՝ դարբնության ավանդույթը աշխուժացնելու հեռանկարային տարբերակ է նաև տուրիզմը. «Ճիշտ է, մեկ այլ տեսանկյունից տուրիզմը մշակույթի ապրանքայնացման վտանգ կարող է ներկայացնել, բայց գրագետ քաղաքականության պայմաններում այն նաև մեր ունեցածը հանրահռչակելու լավ միջոց է»:
Նա իր ծրագրում ներառել է նաև համառոտ խորհրդատվություն տուրիզմի համար՝ ինչպես Գյումրիում կարելի է դարբնության մշակույթի երթուղի ստեղծել. «Օրինակ՝ զբոսավարները Ասլամազյան քույրերի թանգարանը ներկայացնելիս կարող են զբոսաշրջիկի ուշադրությունը հրավիրել նաև թանգարանի դարպասին, որը ևս մշակույթի բաղադրիչ է: Կարծում եմ՝ զբոսաշրջությունն այդ կերպ ավելի հետաքրքրական և բազմազան կդառնա թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա այցելուների համար»:
Եզրափակելով խոսքը՝ Աղասի Թադևոսյանը կարծում է, որ դարբնությունը հանրահռչակելու համար կարելի էր նաև Գյումրիում դարբնության փառատոն անցկացնել, ինչը ևս կնպաստեր հանրության իրազեկվածության բարձրացմանը և մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ