ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Փետրվարի 9, 2022

ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էր:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի ընդհանուր բովանդակությունը և կիրառելիությունը ՀՀ-ում:

««Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը հանդիսանում է գիտության ոլորտները ֆինանսավորող աշխարհի խոշորագույն ծրագրերից` €95.5 միլիարդ ընդհանուր բյուջեով: Ծրագրի անդամ են ԵՄ երկրները, իսկ ասոցացված անդամի կարգավիճակով կարող են մասնակցել նաև այլ պետություններ: Ծրագրին ասոցացված անդամ երկրների կազմակերպություններն ունեն ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթներին մասնակցելու գործնականում նույն հնարավորությունները, ինչ ԵՄ անդամ պետությունների կազմակերպությունները»,- իր ելույթում նշել է Ա. Մարտիրոսյանը:

‹‹Հորիզոն Եվրոպա›› ծրագրի երեք հենասյուներն են՝

  • գիտության գերազանցությունը,
  • գլոբալ մարտահրավերները և մրցակցային արդյունաբերությունը,
  • նորարարությունները:

Այն 2020 թվականին ավարտված ԵՄ ‹‹Հորիզոն-2020» շրջանակային ծրագրին հաջորդող նախաձեռնություն է, որին ՀՀ-ն ասոցացված էր 2016 թվականից:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը հիմնված է «Բաց գիտության քաղաքականության» և ‹‹Ընդհանուր եվրոպական հետազոտական տարածքի» սկզբունքների վրա, որոնց հիմնական նպատակն է մասնակից երկրների գիտական համայնքներին հասանելի դարձնել ԵՄ առաջատար գիտական ենթակառուցվածքները և խթանել ընդլայնված մասնակցությունը ժամանակակից առաջադեմ հետազոտական և նորարարական նախագծերին:

Ծրագիրը միտված է խթանելու նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանն ու տարածմանն ուղղված համատեղ ջանքերը` որպես հիմնարար սկզբունք ունենալով միջազգային գիտական և նորարական համագործակցության խթանումը:

Ինչպես Ա. Մարտիրոսյանն է ներկայացրել, ծրագրի գերակայությունների մեջ են մտնում համամարդկային նշանակության խնդիրները.

  • համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացում` ներգրավելով և պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողներին և զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները,
  • կանաչ և թվային տեխնոլոգիաների զարգացում,
  • գիտանորարարական գործընկերությունների խթանում,
  • հասարակությանը և քաղաքացիներին ուղղված հետազոտությունների, ինչպես նաև առողջապահության, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, կայուն գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնություններին աջակցություն:

Ծրագրի շահառուներ կարող են լինել ինչպես բուհերը և գիտական կազմակերպությունները, այնպես էլ նորարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ՓՄՁ-ները և մասնավոր հատվածի այլ շահառուներ, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու գիտություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է նաև նախորդ տարիների փորձն ու ձեռքբերումները. «Նախորդ՝ ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետությունն ասոցացվել է 2016 թվականից: 2016-2020 թթ. ընթացքում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը` արժանանալով ընդհանուր մոտ 4 մլն եվրո ծավալով ֆինանսավորման: Ծրագրին հայաստանյան մասնակից կազմակերպությունների ցանկը գլխավորում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ իր մի շարք ինստիտուտներով, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, ինչպես նաև մի շարք գերատեսչություններ և այլ կազմակերպություններ»:

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ոլորտում առկա ներուժը, ինչպես նաև ելնելով ՀՀ հետազոտական ենթակառուցվածքների եվրոպական հետազոտական տարածքին (ԵՀՏ) ինտեգրման առաջնահերթությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին պաշտոնական հայտ է ներկայացրել Եվրոպական հանձնաժողով՝ հայտնելով «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ժամկետների և պայմանների մասին բանակցություններ սկսելու մտադրության մասին: Բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի հունիսից և ավարտվել՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին: Համաձայնագիրը ստորագրվել է ս/թ նոյեմբերի 12-ին Բրյուսելում. ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն:

Ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման և հաջողության գործակցի ավելացման նպատակով ՀՀ կողմից արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, 2021 թվականի օգոստոսին վերաբացվել է «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (նախկինում՝«Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն») հիմնադրամը, որի հիմնական նպատակներն է դրամաշնորհային ծրագրերի մասին համապատասխան տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը, խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև «Հորիզոն Եվրոպա» շրջանակային նոր ծրագրին ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի մասնակցությանն աջակցությունը, ծրագրի ազգային կոնտակտային անձանց գործունեության համակարգումը, տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը և խորհրդատվությունների անցկացումը: Արդեն իսկ անցկացվել են մի շարք տեղեկատվական միջոցառումներ՝ ուղղված շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ազգային կոնտակտային անձանց կարողությունների զարգացմանը: Հիմնադրամը միջոցառումների անցկացման հարցում համագործակցում է GIZ գերմանական ընկերության և CIVITTA խորհրդատվական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ: Հիմնադրամի կողմից անցկացվող միջոցառումները նախապես համաձայնեցվում են ՀՀ գիտության կոմիտեի հետ:

««Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը, ինչը համարվում է գերակա ուղղություն և ներառված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների ցանկում («Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղության՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման և այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումներ)»,- ներկայացրել է Ա. Մարտիրոսյանը:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն վերջինիս՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը, որից հետո համաձայնագրի կողմերը կարող են կատարել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ֆինանսական պարտավորություններ:

Պետք է ընդգծել, որ 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այլ անդամ և ասոցացված երկրների համար ծրագրին մասնակցությունը եղել է բաց:

Օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքի նախագիծն արժանացրել է հավանության:

Քննարկման ընթացքում «հարց ու պատասխան» ձևաչափով նաև առաջարկներ են հնչել գործադրելու տարբեր մեխանիզմներ՝ բարձրացնելու գիտնականների՝ ծրագրին մասնակից լինելու ակտիվությունը, զարգացնելու շահառուների՝ որակյալ հայտեր մշակելու կարողությունները, խթանելու եվրոպական երկրների հետ համագործակցությունը:

Կարևորվել է արված աշխատանքի արդյունքով տարեկան զեկույցով հաշվետվություն ներկայացնելը՝ ապահովելու հանրության իրազեկումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…