ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

Փետրվարի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում:

Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ԿԳՄՍ նախարարության, Յունիսեֆի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև 2021 թվականի ընթացքում ՀՄԿ-ի կողմից մշակված և հրատարակված ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդեսը:

Աջակցություն՝ ուսուցչի օգնականին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի շարունակական քայլերը` կրթության ոլորտում համընդհանուր ներառականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

«Մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը համարում եմ կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկը: Մշակված ուսումնական նյութերը ոլորտի մասնագետների համար կարող են դառնալ լավագույն ուղեցույց` աշխատանքի ընթացքում հանդիպող ամենօրյա խնդիրները կարգավորելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` շեշտելով, որ կրթության ներառականությանն ուղղված անելիքները պետք է շարունակաբար զարգացնել:

Ժ. Անդրեասյանի խոսքով` մշակված ձեռնարկները ոլորտի մասնագետների համար սպասված էին: Նախարարի տեղակալը մասնավորապես առանձնացրել է «Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը, որտեղ նկարագրված են ուսուցչի օգնականի պարտականությունները և անելիքները, ուսուցիչների հետ համագործակցության ձևերը։ «Ուսուցչի օգնականի հաստիքը ներդրվել է դպրոցներում համընդհանուր ներառման անցնելու ժամանակ: Դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միշտ է, որ ուսուցչի օգնականները լիարժեք պատկերացնում են իրենց անելիքները: Մեթոդական նյութերն այս առումով շատ անհրաժեշտ են` օգնելու մասնագետներին` արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքը»,- նշել է նա` հավելելով, որ մեթոդական ձեռնարկի անհրաժեշտության մասին ուսուցչի օգնականները բազմիցս բարձրաձայնել են:

Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ

«Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ` ուղղված երեխաների կարիքներին: Մեր դպրոցներում այդպիսի նյութերի բացն ակնհայտ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շարունակել՝ նշելով, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված ձեռնարկներն ու ուսումնական նյութերը այդ բացը լրացնելու նպատակ ունեն: Նախարարի տեղակալը նշել է, որ ներառականության ապահովումը պետք է դառնա մասնագիտական պարտադիր կոմպետենցիա (կարողունակություն)՝ յուրաքանչյուր ուսուցչի համար: Այս նպատակով ուսուցչի պարտադիր ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների պետական ծրագրում ներառված է նաև ներառականության բաղադրիչը:

Հանրակրթության ոլորտում ավարտվել է անցումը համընդհանուր ներառման

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության ոլորտում ամբողջությամբ իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն: 2021-22 ուսումնական տարվանից Արարատի և Վայոց Ձորի մարզերում ևս անցում կատարելով համընդհանուր ներառման` ավարտվեց ողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության անցումը կավարտվի 2023 թվականի վերջին:

Մշակվել են նոր ձեռնարկներ և ուսումնական նյութեր

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սավջյանը ներկայացրել է ՀՄԿ-ի կողմից 2020 -2021թվականներին մշակված աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ:

«Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրերը ներառում են ուսումնառության նախաայբբենական և ծրագրային նախաթվային շրջանները: Նշված երկու աշխատանքային գիրք-տետրերին կից մշակվել է «Ուսումնական նյութերի հարմարեցումներ: ‹‹Մայրենի 1›› և ‹‹Մաթեմատիկա 1›› աշխատանքային գիրք-տետրերի մեթոդական ուղեցույց››, որի նպատակն է աջակցել մանկավարժին յուրաքանչյուր առաջադրանքի կատարմանն ուղղորդելու առումով:

«Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ձեռնարկում ներկայացված են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները, նրա առջև դրված պահանջները և պարտականությունները, ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները:

«Արդյունավետ հարմարեցումներ: Որակյալ կրթություն» մեթոդական ուղեցույց-ձեռնարկում տրված են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու առավելագույն մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ:

«Ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Խաղեր և վարժություններ» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գործնական աշխատանքներ` խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկը մշակվել է՝ ընդառաջ գնալով նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման պահանջներին, որի շրջանակում այս տարվանից սկսած արդեն հանրապետության նախադպրոցական հաստատություններում իրականացվելու է համընդհանուր ներառական կրթություն:

«Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ուսուցիչներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը մշակվել է` հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակով պարտադրված հեռավար կրթության իրականացման անխուսափելիությունը: Ձեռնարկը նպատակ ունի հեռավար կրթության ժամանակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար հասանելի որակյալ կրթություն ապահովելու: Նույն նպատակին է ուղղված նաև «Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ծնողներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը: Հեռավար կրթությանն առնչվող ձեռնարկները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

««Օգնենք օգնողներին». դասընթաց ուսուցիչների համար» ուղեցույցը մշակվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության կողմից ՀՄԿ-ի հետ համագործակցությամբ: Ձեռնարկում կարևորվում են պատերազմական և հետպատերազմական իրավիճակներից բխող հոգեբանական խնդիրները։

«Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման համար:

«Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ձեռնարկում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները` ուսուցիչ-ծնող-մասնագետ համագործակցության ուղղությունները, իրավունքներն ու պարտականությունները։

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը: Բանախոսները պատասխանել են նաև քննարկման մասնակիցների հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)