ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է կրթության զարգացման պետական ծրագրի հանրային քննարկումների շարքը

Փետրվարի 24, 2022

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային քննարկումների շարքն ամփոփվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Հանդիպումը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր տարբեր պատճառներով բացակայել է կրթության զարգացման ռազմավարությունը: Նրա խոսքով՝ ներկայում շրջանառվում է ոլորտի կարևորագույն փաստաթուղթ, և նախարարությունն ակնկալում է լսել նոր գաղափարներ՝ նախագիծը բարելավելու նպատակով:

«Այսպիսի փաստաթղթերը երբեք հնարավոր չէ բերել իդեալական տեսքի և ունենալ բոլոր շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությունը, սակայն դա չի նշանակում, որ պետք է դրան չձգտել: Ծրագրում սահմանել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի տեսլականը, թիրախները և հիմնական սկզբունքները, որոնք մեր գործընկերների հետ ցանկանում ենք իրականություն դարձնել: Նախագծի հիմքում դրված է երկու կարևորագույն սկզբունք. առաջին՝ յուրաքանչյուր ոք ունի թաքնված շնորհներ և տաղանդ, և լրջագույն խնդիր է դրանք բացահայտելը: Երկրորդ՝ մարդն իր ողջ կյանքի ընթացքում անցնում է որոշակի կրթական գործընթացի միջով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ, ու բոլոր այդ փուլերում կրթական որակը պետք է լինի հնարավորինս բարձր և մրցունակ, կառուցվի ազգային արժեքների հիման վրա՝ միաժամանակ լինելով համամարդկային արժեքներին համահունչ, և այդ ամենը ի վերջո ծառայի մեր երկրին, ժողովրդին ու տնտեսության հզորացմանը»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի բացման խոսքից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը, Ժաննա Անդրեասյանը՝ նախադպրոցական, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, իսկ Կարեն Թռչունյանը՝ բարձրագույն կրթության ոլորտներում մինչև 2030 թվականը վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշները, ռազմավարության հիմնական թիրախները և սկզբունքները:

Բանախոսների զեկույցներից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ գոհունակությամբ փաստելով, որ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք: Նախարարին կից հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են հղել զեկուցողներին: Խորհրդի անդամներին մասնավորապես հետաքրքրել են հանրակրթության ոլորտում ֆինանսավորման մեխանիզմների, կրթություն-աշխատաշուկա կապի, ծրագրում մշակութային կրթության և ֆիզկուլտուրայի բաղադրիչի ներառման, ազգային փոքրամասնությունների՝ մայրենի լեզվով որակյալ կրթություն ստանալու, դպրոցների կառավարման խորհուրդների, բուհերի ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման, ԲՏՃՄ առարկաների գծով ուսուցիչների համալրման խնդիրները: Խորհրդի անդամներին հետաքրքրել է նաև, թե արդյոք ծրագրի գործողությունների պլանում սահմանվել են հստակ ցուցանիշներ՝ նախագծում տեղ գտած հավակնոտ թիրախներին հասնելու համար:

Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, և ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը տեղ են գտնելու վերոնշյալ փաստաթղթում: Փոխնախարարը շեշտել է, որ նախագծով սահմանվել են հստակ չափելի արդյունքներ ինչպես 2030 թվականի, այնպես էլ միջանկյալ՝ 2026 թվականի համար:

Ամփոփելով նիստը՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շահագրգիռ և կառուցողական քննարկման համար՝ ընդգծելով, որ հնչեցված բոլոր առաջարկները կքննարկվեն և ըստ անհրաժեշտության՝ տեղ կգտնեն նախագծում:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը հավանության է արժանացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…