ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խթանելով ընթերցանությունը. «օրվա հաղթողները» պարգևատրվել են խրախուսական նվերներով

Մարտի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Նախարարության ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ, և աշակերտների խնդիրն էր որոշել՝ «Ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը, և ո՞վ է հեղինակը» (օրական 1 հրապարակում):

Մրցույթի նպատակն էր բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է աշակերտներին խորհրդանշական հաջողության կապակցությամբ՝ միաժամանակ ողջունելով բոլոր մասնակիցներին, որոնք նույնպես, թեև ցանկանում էին հաղթել, բայց չեն հասցրել առաջինը հատել գիծը:

«Մեր ապագան պետք է տեսնենք կրթության մեջ: Յուրաքանչյուր հաջողության սկզբնաղբյուրը կրթությունն է՝ ճիշտ մտածելակերպի ձևավորմամբ, որն էլ հզորության և անվտանգության հիմքն է»,- ասել է նախարարը:

Նախարարը հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, և վստահեցրել, որ պետությունն անում է ամենայն հնարավորը՝ կրթության որակը բարելավելու և սովորողներին աջակցելու համար:

Նշենք, որ մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:

Աշակերտներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով թեմայի նկատմամբ հետաքրքրության կարևորությունը. «Աշակերտների մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է, որ կարևորում եք ընթերցանությունը: Տեղեկատվական առատ հոսքի մեջ նկատելը և մրցույթով հետաքրքրվելն ուսուցչի աշխատանքի արդյունքն են: Այդ իսկ պատճառով առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մանկավարժներին, որոնք ձեր շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրություն են սերմանել»:

«Վստա՛հ եղեք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության որդեգրած սկզբունքի՝ ուսուցիչը պետք է լինի հասարակության մեջ ամենահարգված մարդու կարգավիճակում, ամենապատկառելի դերում»,- հավելել է նախարարը:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար, կարևորել նմանօրինակ մրցույթների նշանակությունն ընթերցանության խրախուսման, խթանման և առհասարակ ընթերցասերների գնահատման, նրանց ոգևորելու տեսանկյունից:

«Ամեն օր սպասում էի օրվա հրապարակմանը: Տեսնում էի, որ թեժ պայքար է ու այդ պայքարում ինքս ինձնից մեծ սպասելիքներ ունեի. շատ էի ուզում հաղթել»,- ասել է Երևանի թիվ 159 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյանը:

Մրցույթի 2-րդ օրվա հաղթող, տասնյակի արական սեռի միակ ներկայացուցիչ Ադիբեկ Գևորգյանն էլ նշել է, որ նման միջոցառումները լավ խթան են վաղ տարիքից ընթերցանությամբ զբաղվելու և մրցույթներում հաղթանակի հնարավորությունները մեծացնելու համար:

Վերջին օրվա հաղթողը՝ Անուշ Առաքելյանը, ոգևորությամբ պատմել է, որ համառորեն պատասխանել է բոլոր հրապարակումներին՝ գործի դնելով թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունները:

«Հույսս չէի կորցնում, որ հաղթողներից մեկն էլ ես եմ լինելու: Վերջին օրվա ստեղծագործական հատվածը Հովհաննես Թումանյանի «Դեպի անհունը» պոեմից էր: Դասարանում ուսուցչի հետ կարդացել էինք, ու հատվածն ինձ ծանոթ էր: Շատ ուրախ եմ, որ հաղթողներից մեկն եմ»,- ասել է Անուշը՝ նշելով, որ թեև որոշել է դառնալ ծրագրավորող, բայց կարևորում է բազմակողմանի զարգացվածությունը և շատ է սիրում ընթերցել:

Հավելենք, որ առաջիկայում ևս ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է կազմակերպել թեմատիկ մրցույթներ դպրոցական տարբեր տարիքային խմբերի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)