ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սմբատ Բյուրատ – 160․«Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի շնորհանդես

Մարտի 2, 2022
Մշակութային լուրեր

«Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի հրատարակմամբ Գրականության և արվեստի թանգարանը մեկնարկում է արձակագիր, պատմաբան, հրապարակախոս Սմբատ Բյուրատի 160-ամյակի միջոցառումները։

Գրքում ամփոփված են հեղինակի անտիպ եւ մամուլից հավաքված չափածո ստեղծագործությունները, որոնց մի մասը պահվում է ԳԱԹ Սմբատ Բյուրատի ֆոնդում։

Հոբելյանական միջոցառումը կսկսվի «Սմբատ Բյուրատ-160» տեսաֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև Սմբատ Բյուրատի կենսագրությունը, գրական ու հասարակական գործունեությունը ամփոփ կներկայացնեն ԳԱԹ տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանը, բանասեր Միհրան Մինասյանը, նորընծա գրքի կազմող, ԳԱԹ մարքեթինգային աշխատանքների պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը։

Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես կգա Սմբատ Բյուրատի ամերիկաբնակ թոռնորդին` Հայկ Բյուրատը, ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ էլ հրատարակվել է «Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» ժողովածուն։

Շնորհանդեսին իրենց մասնակցությունը կբերեն նաև Ս. Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի սաները՝ «Ծագե նոր օր» խորագրով միջոցառմամբ։

Հոբելյանական միջոցառումը տեղի կունենա մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում (հասցե՝ Արամի 1)։

2022 թ․ ԳԱԹ-ը «Բյուրատ մշակութային հիմնադրամի» հետ համագործակցությամբ նախատեսում է հրատարակել նաև Ս․ Բյուրատի՝ թանգարանի արխիվում պահվող «Լեռնականին հուշատետրը» կենսագրական վեպի 2 մասերը, որոնցից 2-րդը՝ անտիպ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն