ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տարին չարենցյան է. գրողի 125-ամյակի առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս

Մարտի 11, 2022
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը:

Ասուլիսով ազդարարվել է մեծ հայի, մեծ պոետի 125-ամյակին նվիրված հոբելյանական տարվա մեկնարկը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է հոբելյանական պաստառը, որը ստեղծվել է՝ հիմք ընդունելով Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը: Ըստ Խզմալյանի՝ չարենցյան տարին պաստառով հանրահռչակելու լավագույն լուծումն է տրվել՝ ընտրելով Սարյանի գործը:

«Չարենցի հայացքում մեզ ուղղված հարց կա, կա որոնման հրավեր: Չարենցը մնում է մեր ամենաարդիական պոետը: Եվ այդ հրավերը նրա պոեզիայի վերաիմաստավորման հրավեր է,- ասել է փոխնախարարը և հավելել,- եթե ուզում ենք քայլել ազգային ինքնաճանաչման ճանապարհով, պետք է ընթերցենք ու ճանաչենք Չարենցին: Հայոց բառի իմաստն անհնար է ընկալել առանց Չարենցի»:

Պաստառները, որոնք զարդարելու են քաղաքը, ուղեկցվում են չարենցյան կոչ-տողերով՝ գոտեպնդող և հավատով լի:

Հիմնական միջոցառումները Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենան ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

«Չարենցի հոբելյանը մեզ համար պետք է վերածվի մշակութային հավաքականության: Ամբողջ տարվա միջոցառումներով Չարենցին պետք է ավելի մոտեցնենք հանրությանը»,- նշել է Ա. Խզմալյանը:

Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը ներկայացրել է մարտի 13-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը.

  • Ժամը 12։00. «Ե՛ս եմ հիմա - մի պոետ …» հոբելյանական երթ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից (Մաշտոցի 17) դեպի Եղիշե Չարենցի հուշարձան (Օղակաձև զբոսայգի),
  • Ժամը 15:00. Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում (Հայաստանի նկարիչների միություն),
  • Ժամը 17:00. «Ճանապարհ գրքով. Չարենց 125» ցուցահանդեսի բացում, «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդես (Եղիշե Չարենցի տուն-թանգարան),
  • Ժամը 18:00. «Ամբոխները խելագարված» բեմադրություն (Եղիշե Չարենցի տուն-թանգարան):

Ժ. Մանուկյանը տեղեկացրել է, որ համագործակցելով այլ կառույցների հետ՝ հոբելյանական տարաբնույթ ծրագրեր կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում (ծրագիրը լրացուցիչ կներկայացվի):

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իրազեկել է, որ Գրողների միությունը միջոցառումների շարքը կսկսի մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը՝ ի նշանավորումն մեծ պոետի 125-ամյա հոբելյանի: Մայիսին Ծաղկաձորում կնշվի Չարենցի օրը, նախատեսվում է նոր գրքի տպագրություն: Է. Միլիտոնյանը կարևորել է մերօրյա գրողների ստեղծագործություններում չարենցյան ավանդների առկայության անհրաժեշտությունը: Գրողների միության նախաձեռնությամբ ամբողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ դպրոցներում՝ ներկայացնելու Չարենցի թե՛ պոեզիան, թե՛ կենսագրությունն ու անցած ուղին:

«Չարենցը պատգամում էր սիրել իրար, սիրել ու պաշտպանել մեր հողը: 125-ամյակի շրջանակում իրականացվող միջոցառումները նաև լավ հնարավորություն ու ազդակ են ճանաչելու և որդեգրելու չարենցյան պատգամները»,- ասել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժ/պ Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ նախատեսել են նոր բեմադրություն՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» վերնագրով, որի հիմքում Եղիշե Չարենցն է:

«Առնվազն տասը տարի այս ներկայացումը կունենանք մեր ցանկում: Սա նոր խոսք է երիտասարդների և թատերասերների համար: Հույս ունեմ՝ այս ստեղծագործությունը կներկայացվի նաև արտերկրում, որովհետև արժանի գործ է: Բեմահարթակում լինելու է երիտասարդների կազմով մեծ երգչախումբ՝ շուրջ 300 մարդ»,- ասել է Դուրգարյանը:

«Չարենցը տիեզերական մեծություն է. այս ամենին ուզում եմ հպարտորեն ավելացնել, որ նա իմ ընտանիքն է, իմ արյունը: Նա իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի ճակատագրից անբաժան»,- փաստել է Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է տպագրել Չարենցի էպիգրամները, որոնք նա սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից:

Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը նախաձեռնել է Չարենցի երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքները:

«Վերջին շրջանում հաճախ ենք քննարկում՝ ունենալու պայմանականորեն մինչև 10 հատոր: Սակայն դրա համար շատ կարևոր է Չարենցի բոլոր ձեռագրերի մեկտեղումը, ինչը երկարատև աշխատանք է պահանջում»,- ասել է Ժ. Մանուկյանը՝ հորդորելով նրանց, ովքեր ունեն գրողի ձեռագրերը, նվիրեն կամ վաճառեն թանգարանին, որպեսզի տասհատորյակը լույս ընծայելու նախաձեռնությունն իրականություն դառնա: Մինչև տարվա վերջ առաջին հատորը կհրատարակվի:

Միջոցառումների ցանկում են նամականիշի մարման արարողությունը և «Եղիշե Չարենց 125» հուշամեդալի շնորհանդեսը: Միջոցառումների շարքը կավարտվի «Չարենցը և իր ժամանակը» գիտաժողովով՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ:

«Տարեմուտը կամփոփենք ևս մեկ ասուլիսով՝ ներկայացնելու՝ ինչ է արվել, ինչ միջոցառումներով է նշվել հոբելյանական տարին»,- ամփոփելով ասուլիսը՝ եզրափակել է Ա. Խզմալյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)