ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կներկայացնի Վիվալդիի ստեղծագործությունների ընտրանին

Մարտի 15, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 18-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։

Համերգային երեկոյին Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) հետ՝ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյին որպես մենակատար հանդես կգա նաև սոպրանո Սոֆյա Սայադյանը։ Համերգային ծրագրում Անտոնիո Վիվալդիի լավագույն ստեղծագործությունների ընտրանին է։ Հնչելու են ստեղծագործություններ, որոնք Հայաստանում երբևէ չեն կատարվել։

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988 թվականին դարձել է Պ. Չայկովսկու անվան համամիութենական մրցույթի հաղթող երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ. Չայկովսկու ջութակի համերգը: 1991 թվականին դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող: 1988 թվականին Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել «Տիվոլի» և «Կոնցերտբաու», Լոնդոնի Թագավորական, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահներում, Միլանի «Վերդիի» թատրոնում և այլուր: 2004 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն